Ներքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե ընտրատեղամասերում տեղադրված սարքերը տեխնիկական խնդիր ունեն և չեն ճանաչում նոր կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը։
Նախարարության տարածած պարզաբանման համաձայն՝ քվեարկության խոչընդոտներ առաջացել են միայն այն դեպքերում, երբ քաղաքացին ընտրողների ցուցակում գրանցված է եղել հին փաստաթղթի տվյալներով, սակայն տեղամաս է ներկայացել նոր կենսաչափական փաստաթղթով։
Նման անհամապատասխանության դեպքում քաղաքացին պետք է դիմի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում՝ ստանալու տեղեկանք, որով կհաստատվի, որ նախկին տվյալներով ցուցակում ներառված անձին տրամադրվել է նոր փաստաթուղթ։
ՆԳՆ-ն նաև նշել է, որ նոր կենսաչափական փաստաթղթերի ձևանմուշները նախապես տրամադրվել են իրավասու մարմիններին, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ սարքավորումների փորձարկման և համապատասխան կարգաբերման նպատակով։











