«Անկախ դիտորդ» դաշինքը, որն այսօր հետևում է 12 համայնքի տեղական ընտրություններին, ժամը 10:30-ի դրությամբ այցելել է 317 տեղամասից 154-ը։ Դրանցից 25-ում դիտորդները գրանցել են ընդհանուր 29 խախտում։
Խախտումներից՝
5-ը ընթացակարգային մանր բնույթի են,
2 դեպքում ընտրողը բարձրաձայն հայտնել է, թե ում է քվեարկում, իսկ 3 դեպքում կահույքի դասավորությունը կարող էր վտանգել քվեարկության գաղտնիությունը,
10-ը վերաբերում է տեղամասում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց՝ հիմնականում նույն կուսակցությունից մեկից ավելի վստահված անձի,
1 դեպքում վստահված անձինք վիճել են՝ վկայական չկրելու պատճառով,
եղել են նաև մի քանի այլ, ոչ էական խախտումներ։
Դիտորդները նշել են նաև մատչելիության խնդիրներ. այցելած տեղամասերի 44%-ը համարել են անմատչելի, 40%-ի մուտքի մոտ եղել են խոչընդոտներ, իսկ 7%-ում քվեարկության սենյակը եղել է երկրորդ հարկում։
Դաշինքը նշել է նաև դեռևս չստուգված ահազանգի մասին, թե որոշ բնակավայրերում համամասնական ցուցակով քվեարկողներին ասել են՝ քվեաթերթիկը հատուկ ձևով ծալեն։ «Անկախ դիտորդը» հիշեցնում է, որ համամասնական քվեարկության դեպքում քվեաթերթիկը ծրարի մեջ պետք է դնել առանց ծալելու, ու կոչ է անում ընտրողներին այն ընդհանրապես չծալել։












