«Ականատես» դիտորդական առաքելության 54 շրջիկ դիտորդ այցելել է 100 տեղամաս։ Ժամը 12:00-ի դրությամբ 35 տեղամասում դիտորդները գրանցել են խնդիրների և հնարավոր խախտումների մասին 42 հաղորդում։
Ամենատարածված խնդիրը տեղամասերի անմատչելիությունն է։ 25 տեղամասում եղել են մատչելիության խոչընդոտներ՝ 24-ը դժվար է եղել ֆիզիկական կամ հենաշարժողական խնդիր ունեցողների, 3-ը՝ տեսողության խնդիր ունեցողների համար։
Դիտորդներն արձանագրել են նաև այլ խնդիրներ.
4 տեղամասում ընտրողների մի մասը սխալմամբ չի ներառվել հիմնական ցուցակներում,
2 տեղամասում եղել է ընտանեկան քվեարկություն,
2 տեղամասում ընտրողների ցուցակները փակցված չեն եղել սահմանված տեղում,
3 դեպքում խոչընդոտվել են դիտորդների կամ տեղամասում ներկա լինելու իրավունք ունեցող անձանց իրավունքները,
մի քանի տեղամասի մոտ եղել են մարդկանց ու մեքենաների կասկածելի կուտակումներ՝ ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության նշաններով։
Առաքելությունն առանձնացրել է երկու դեպք. Կողբի 37/6 տեղամասի մոտ դիտորդը նկատել է երեք մարդու, ովքեր երկար ժամանակ կանգնած են եղել, ողջունել են եկող ընտրողներին ու զրուցել նրանցից մեկի հետ։ Դիտորդի տվյալներով՝ նրանցից մեկը Վահագն Թամազյանն է՝ ՔՊ-ի ցուցակի երկրորդ համար Արարատ Թամազյանի և նույն տեղամասի հանձնաժողովի նախագահ Մարինե Հարությունյանի որդին։ Հանձնաժողովի նախագահը դեպքի մասին ոստիկանությանը չի տեղեկացրել, բայց դիտորդի պահանջով գրառում է արել գրանցամատյանում, որից հետո այդ մարդիկ հեռացել են։
Սպիտակի 22/24 տեղամասում էլ մինչև քվեարկության մեկնարկը քվեատուփը պատշաճ կերպով կապարակնքված չի եղել՝ ամրացված է եղել միայն ինքնասոսնձվող թղթերով։ Խախտումը հետո շտկվել է։












