Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշել Հայաստանի անդամակցության հարցը․ Մասադիկով

ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշել Հայաստանի անդամակցության հարցը․ Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող են որոշում ընդունել Հայաստանի անդամակցության հարցով։ Այս մասին հոկտեմբերի 23-ին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ կանոնադրությունը նախատեսում է անդամ պետությանը կազմակերպությունից հեռացնելու հնարավորություն՝ հարց բարձրացնելով, թե ինչու ՀԱՊԿ-ը չի օգտվում այդ հնարավորությունից։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ դա հնարավոր է, եթե հարցն ընդգրկվի նիստի օրակարգում։ Մասադիկովը պարզաբանել է, որ նման առաջարկ սովորաբար կարող է ներկայացնել կազմակերպությունում նախագահող պետությունը կամ անդամ մեկ այլ երկրի ղեկավարը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի փաստացի իրավիճակը կապել է կազմակերպության կանոնադրության հետ՝ նշելով, որ անդամավճարները չվճարելու և քվոտային պաշտոնները չհամալրելու պայմաններում ձայնի իրավունք չկա։

Նա միաժամանակ հայտնել է, որ Հայաստանի ներկայացուցիչը շարունակում է ամեն շաբաթ մասնակցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստերին։

«Հայաստանի ներկայացուցիչը լսում է, հավանաբար իր մայրաքաղաքին զեկուցում է, թե ինչ ենք քննարկում, ինչ որոշումներ ենք ընդունում»,- ասել է Մասադիկովը։

Հունիսի 8-ին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում, ներկայացնելով 2025-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամավճար չի փոխանցել։

Օգոստոսի 24-ին, վարչապետը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանը առաջիկա հինգ տարում չի պատրաստվում ակտիվացնել աշխատանքը ՀԱՊԿ-ում, իսկ կազմակերպության նկատմամբ Երևանի հետաքրքրությունը սպառվել է։

Նախօրեին էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ ինքնն այս պահին չի պատկերացնում ինչպես Հայաստանը հետ կգնա ՀԱՊԿ։

Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի սառեցնելու մասին հայտարարել է 2024-ի փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը պատճառաբանել էր նրանով, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները, մասնավորապես՝ 2021-ին ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք ներխուժման և 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ռազմական հարձակման ժամանակ։

Երևանը նաև հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից չի ստացել հստակ պատասխան, թե որն է կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանի տարածքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում