«Կապրենք, կտեսնենք»,- այսպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել Եվրասիական տնտեսական միության անդամ չորս երկրների պատրաստած զեկույցին։ Զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման դեպքում կանխատեսվում է ՀՆԱ-ի 15,6 տոկոսով անկում և գազի գնի 69 տոկոսով աճ։ Հոկտեմբերի 22-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վարչապետը հայտարարել է, որ այդ կանխատեսումների վերաբերյալ իր նախկինում արտահայտած դիրքորոշումը չի փոխվել։
Հոկտեմբերի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները ներկայացրել էին Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման տնտեսական և իրավական հետևանքների վերաբերյալ զեկույցը։
Փաշինյանը միաժամանակ պնդել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու իրավական հնարավորություն չունեն՝ ի տարբերություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)։
«Հաշվի առնելով, որ երկրները, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է՝ ինչո՞ւ, օրինակ, ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում, որովհետև այնտեղ կանոնադրային հնարավորությունը կա»,- ասել է վարչապետը։
Հայաստանը 2024-ի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին։
Փաշինյանը վերահաստատել է, որ կառավարության հիմնական առաջնահերթություններն են երկրի շարունակական զարգացումը, անկախության ու ինքնիշխանության պաշտպանությունը և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումը։
Փաշինյանը պնդել է, որ Հայաստանի նկատմամբ նախորդ տարիներին կիրառված սահմանափակումները չեն հանգեցրել այն տնտեսական և քաղաքական հետևանքներին, որոնց, իր գնահատմամբ, ձգտել են որոշ շրջանակներ Հայաստանում և արտերկրում։
Նրա խոսքով՝ այժմ փորձ է արվում ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված իրավիճակն օգտագործել Հայաստանում ներքաղաքական անկայունություն առաջացնելու նպատակով։
Վարչապետը հայտարարել է, որ նման փորձեր վերջին երեք տարիներին արդեն երկու անգամ եղել են, իսկ այժմ, իր գնահատմամբ, նախապատրաստվում է երրորդը։
Որպես առաջին դեպք Փաշինյանը մատնանշել է 2023-ի իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում՝ պնդելով, որ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում մարդկանց հոսքը դեպի Հայաստան ուղղորդելուն զուգահեռ հնչել են քաղաքական իշխանությունը փոխելու կոչեր։
Երկրորդ դեպքը, ըստ վարչապետի, 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններն էին։
«Այդ մի փորձն էլ չստացվեց, հիմա երրորդ փորձն է, ըստ էության, նախապատրաստվում»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը նաև պնդել է, որ տեղի ունեցողը լայնորեն քննարկվող «գաղտնի պլանի» մաս է։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ որ ուժերի կամ փաստաթղթերի մասին է խոսքը։
«Այստեղ տնտեսական բաղադրիչը չկա, ըստ էության, այստեղ քաղաքական բաղադրիչի հետ գործ ունենք, և նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է և արդյունքում Հայաստանի պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելը»,- ասել է Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ այդ գործողությունների վերջնական նպատակը Հայաստանին սկզբում փաստացի, ապա նաև իրավական առումով անկախությունից զրկելն է։
Վարչապետը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պետությունն ունի բավարար դիմակայունություն՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։
Երևանը մինչ այժմ հայտարարել է, որ չի նախատեսում անհապաղ դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարունակելու է եվրոպական ինտեգրումը, քանի դեռ երկու գործընթացները համատեղելի են։
Օգոստոսի 7-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը։
Օգոստոսի 28-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեռևս կանգնած չէ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու միջև ընտրության առաջ։ Նրա խոսքով՝ կառավարությունը գնահատում է հնարավոր տնտեսական ռիսկերը, սակայն նախարարը չէր հստակեցրել, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում որքան կարող է թանկանալ ռուսական գազը։
Հոկտեմբերի 12-ին Փաշինյանը Radio France International-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի հնարավոր տարբերակներից մեկն է։ Նրա խոսքով՝ նպատակը քաղաքացիներին հնարավորություն տալն է որոշելու՝ մնալ ԵԱՏՄ-ում, անդամակցել ԵՄ-ին, թե չանդամակցել դրանցից ոչ մեկին։
Երկու օր անց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ Հայաստանի եվրոպական ուղու վերջնական հանգրվանը դեռ որոշված չէ։ Նա հիշեցրել էր, որ 2025-ի մարտին ընդունված՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը չի նշանակում անդամակցության պաշտոնական հայտի ներկայացում։
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015-ի հունվարից։ Միությունը նախատեսում է անդամ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաև միասնական մաքսային կարգավորումներ երրորդ երկրների հետ առևտրում։












