Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Հակոբ Կուրեղյանը՝ նշելով, որ հակակոռուպցիոն դատարանի որոշումը կբողոքարկվի։
Կուրեղյանի խոսքով՝ կալանքի երկարաձգումն անսպասելի չէր՝ հաշվի առնելով, իր գնահատմամբ, դատական համակարգի նկատմամբ առկա ընդհանուր ճնշումը, այդ թվում՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների՝ դատական ակտերի վերաբերյալ մեկնաբանությունները։
Փաստաբանը հայտնել է, որ դատարանն առայժմ տրամադրել է որոշման միայն եզրափակիչ մասից քաղվածքը։ Պաշտպանությունը մտադիր է ամբողջական դատական ակտը ստանալուց հետո այն բողոքարկել։
Կուրեղյանը քննադատել է կալանքի երկարաձգման միջնորդության քննության ընթացքը՝ նշելով, որ դատական նիստերում պաշտպանությունն է ստիպված ծավալուն փաստարկներ ներկայացնել, թե ինչու չպետք է երկարաձգվի կալանքը կամ առհասարակ խափանման միջոց կիրառվի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը հիմնավորելը քննիչի պարտականությունն է։
«Իրավական առումով, կարծում եմ, պաշտպանության կողմի փաստարկները բավականին ամուր են, այլ հարց է, որ դրանք հաշվի չեն առնվի»,- ասել է Կուրեղյանը։
Անդրադառնալով քննությանը խոչընդոտելու ռիսկի վերաբերյալ իրավապահների հիմնավորումներին՝ փաստաբանը նշել է, որ քրեական վարույթը վերաբերում է շուրջ 20 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ դեպքերին։ Նրա պնդմամբ՝ իրավապահները չեն կարողանում կոնկրետ փաստարկներ ներկայացնել, թե ինչպես կարող է Սեդրակ Քոչարյանն ազատության մեջ խոչընդոտել քննությանը։
Կուրեղյանի խոսքով՝ այլ քրեական վարույթների փորձը ցույց է տալիս, որ կալանքի վերացումը և անձանց ազատ արձակելը պարտադիր չէ, որ խոչընդոտեն գործերի քննությանը։
Պաշտպանությունը պնդում է, որ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց չպետք է կիրառվի, քանի որ, իր գնահատմամբ, հիմնավոր կասկածի անհրաժեշտ շեմը հաղթահարված չէ։
Միաժամանակ Կուրեղյանը հայտնել է, որ դատարանին առաջարկվել է անհրաժեշտության դեպքում կիրառել կալանքին այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ դրանց համակցությունը։
Գրավի կոնկրետ չափ չի առաջարկվել. այլընտրանքային խափանման միջոցի ընտրությունը թողնվել է դատարանի հայեցողությանը։
«Կալանքը պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում»,- նշել է փաստաբանը։
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է օգոստոսի 26-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Նույն գործով օգոստոսի 27-ին կալանավորվել է նաև նրա հայրը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ քրեական վարույթը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին պետական գույքի ենթադրյալ ապօրինի օտարմանը, շուկայականից էականորեն ցածր գներով գույքի ձեռքբերմանը, ինչպես նաև կաշառքի դիմաց գույք և ընկերությունների բաժնեմասեր ստանալուն։
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները և քրեական հետապնդումը համարում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
Հոկտեմբերի 22-ին Սեդրակ Քոչարյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննության ընթացքում մեղադրող կողմը պնդել էր, որ նա ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ միջնորդելով կալանքը երկարաձգել ևս երկու ամսով։












