Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է կարգալույծ հռչակված երկու հոգևորականների՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ներկայացրած հայցերով գործերի վարույթները։ Խոսքը Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ Տեր Թադե քահանա) մասին է։ Դատարանը որոշել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ նրանց կարգալույծ հռչակելու տնօրինությունները վիճարկող հայցերը ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Դատարանը վերացրել է նաև ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով Հայ առաքելական եկեղեցուն պարտավորեցվել էր ապահովել Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի, իսկ Թախմազյանինը՝ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։
Երկու նախկին հոգևորականները 2026-ի փետրվարի 5-ին դիմել էին դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ կաթողիկոսի տնօրինությունները և վերականգնել իրենց նախկին պաշտոններում։
2026-ի փետրվարին դատարանները կիրառել էին հայցի ապահովման միջոցներ՝ պարտավորեցնելով եկեղեցուն և այլ անձանց առանց խոչընդոտների ապահովել նախկին հոգևորականների պաշտոնավարումը մինչև գործերով վերջնական դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ստեփան Ասատրյանին (Տեր Արամ քահանա) կարգալույծ էր հռչակել 2025-ի հոկտեմբերի 21-ին՝ եկեղեցական կարգապահության խախտումների համար։ Ասատրյանը հրապարակայնորեն աջակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու ղեկավարության փոփոխության նախաձեռնությանը։ Փաշինյանն էլ հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին մասնակցել էր Հովհաննավանքում նրա մատուցած արարողություններին, որոնք Մայր Աթոռը չէր ճանաչել օրինական։
Արամայիս Թախմազյանը (Տեր Թադե քահանա) ևս միացել էր եկեղեցու ղեկավարության դեմ հանդես եկող Ասատրյանին։ Նոյեմբերի 9-ին Փաշինյանը մասնակցել էր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Թախմազյանի մատուցած պատարագին։ Դեկտեմբերի 2-ին Թախմազյանը նույնպես կարգալույծ էր հռչակվել։ Ըստ Մայր Աթոռի՝ որոշման հիմքում եղել են եկեղեցական կարգապահության և հնազանդության խախտումները։












