Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման տարիներին դպրոցի հարակից անշարժ գույքի օտարման և հետագայում դրա ենթադրյալ հանցավոր ծագումը թաքցնելու գործով նախաքննությունն ավարտվել է։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ Քննչական կոմիտեի՝ 2006-ին Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց լիազորությունները, սահմանված կարգի խախտմամբ օտարել են քաղաքի Բաղրամյան փողոցում՝ միջնակարգ դպրոցին հարակից կիսակառույց մասնաշենքերն ու հողամասերը։ Գույքի կադաստրային արժեքը կազմել է շուրջ 23,4 մլն դրամ։
Քննության տվյալներով՝ գույքը փաստացի ձեռք է բերել այն ժամանակ քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կարեն Գրիգորյանի մայրը՝ Ն.Մ.-ն։ Սակայն սեփականության իրավունքը գրանցվել է նրա հետ փոխկապակցված Ս.Ս.-ի անունով՝ գույքի ենթադրյալ հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով։
Կարեն Գրիգորյանը Էջմիածնի քաղաքապետի տեղակալն է եղել 2005-2008-ին, իսկ 2008-2018-ին զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը։ Նա նախկին պատգամավոր և ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է։
Ըստ Քննչական կոմիտեի՝ 2020-ին Ս.Ս.-ն Էջմիածնի բնակիչ Ա.Հ.-ի հետ պայմանավորվել է ձևական գործարքների միջոցով թաքցնել գույքի ծագումն ու իրական պատկանելությունը։
Քննության վարկածով՝ Ա.Հ.-ի խնդրանքով Կադաստրի կոմիտեի «Սպիտակ» սպասարկման գրասենյակի պետ Մ.Պ.-ն իր ենթակա ավագ մասնագետ Ա.Մ.-ին հանձնարարել է կազմել նվիրատվության կեղծ պայմանագրեր։ Դրանց համաձայն՝ Ս.Ս.-ն իբրև թե անշարժ գույքը նվիրել է Ա.Հ.-ին։
2020-ի հունիսի 3-5-ը Ա.Հ.-ն և Ս.Ս.-ն Կադաստրի կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ դիմումներ են ներկայացրել՝ նախ խնդրելով գրանցել այդ պայմանագրերից բխող իրավունքները, ապա՝ չկատարել գրանցումը։ Քննության տվյալներով՝ այդ գործողությունների նպատակը Ս.Ս.-ին գույքի իրական սեփականատեր ներկայացնելն էր։
Բացի այդ, Մ.Պ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր տրամաչափի շուրջ 30 փամփուշտ։
Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու համար։ Կադաստրի երկու աշխատակիցները՝ Մ.Պ.-ն և Ա.Մ.-ն, մեղադրվում են փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։ Ա.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնեական կեղծիքի, իսկ Մ.Պ.-ին՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառության համար։
Մ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք։ Ա.Մ.-ի նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք, իսկ Ա.Հ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։












