Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Medianews.site-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների միջոցով ընդդիմադիր գործիչներին թիրախավորող բովանդակություն տարածել՝ այն ներկայացնելով որպես «հանրային կարծիք»։
Հոկտեմբերի 22-ին կայքը հրապարակել է «Հոպարի գանձ, հիմա էլ ես անամոթի նման ասելո՞ւ, որ կաշառք չեք բաժանում» վերտառությամբ հոդված՝ որպես աղբյուր ներկայացնելով ֆեյսբուքյան օգտատեր Արա Հակոբյանի գրառումը։
«Նարեկ, բա հիմա ի՞նչ ես ասելու, էլի պնդելու ես, որ բռնաճնշումնե՞ր են, թե՞ այնուամենայնիվ կունենաս այնքան ազնվություն, որ խոստովանես՝ ձեր թիմը անուղղելի կաշառատուների փոքրիկ խմբակ է»,- գրել է օգտատերը՝ կցելով
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խմբագրված լուսանկար, որ որում նա իբրև գումար բաժանում։
Հատկանշական է, որ հրապարակումից գրեթե մեկ օր անց Արա Հակոբյանի գրառումը դեռևս որևէ արձագանք չի ստացել։ Մինչդեռ Medianews.site-ը այն վերածել է առանձին հոդվածի, ապա տարածել ֆեյսբուքյան երկու էջերում, որոնցից մեկն ունի շուրջ 271,000, մյուսը՝ 99,000 հետևորդ։

Սակայն «Արա Հակոբյանը» կեղծ օգտահաշիվ է։ #CivilNetCheck-ը դեռ ամիսներ առաջ բացահայտել էր, որ Medianews.site-ը ընդդիմադիր գործիչներին թիրախավորող բովանդակություն տարածելու համար օգտագործում է կեղծ և անգամ իրականում գոյություն չունեցող օգտահաշիվներ։ «Արա Հակոբյանը» դրանցից մեկն է։
Տես՝ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը
«Արա Հակոբյան»․ յոթ ընկեր ունեցող կասկածելի օգտահաշիվը
«Արա Հակոբյանի» գրառումը հաջորդել է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ հոկտեմբերի 21-ին հրապարակած տեսանյութին, որում հաղորդվում էր Լոռու մարզի Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու մասին։ Նույն թեմային ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր նաև Տարոն Չախոյանը։
«Արա Հակոբյան» օգտահաշիվը ֆեյսբուքում ունի ընդամենը յոթ ընկեր, որոնց թվում են Տարոն Չախոյանը և մեր կողմից բացահայտված մեկ այլ կեղծ օգտահաշիվ՝ «Աննա Օհանյանը»։

Ինչպես պարզել էր #CivilNetCheck-ը նախորդ հետաքննությամբ, այս օգտահաշվի անձնական լուսանկարները, ամենայն հավանականությամբ, ստեղծված են արհեստական բանականությամբ։ Դեմքերի նույնականացման գործիքներով լուսանկարներում պատկերված իրական անձ չի հայտնաբերվել։
Չնայած կասկածելի ինքնությանը՝ Medianews.site-ը շարունակում է տարածել «Արա Հակոբյանի» գրառումները։ Նրա ֆեյսբուքյան էջում վերջին մեկ ամսում հրապարակված չորս գրառումն էլ վերածվել են կայքի առանձին հոդվածների, մեկը՝ սեպտեմբերին, իսկ մնացած երեքը՝ հոկտեմբերին (1,2,3)։ Այս գրառումներով թիրախավորվում են «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդներ Սամվել և Նարեկ Կարապետյանները։

Աննա Օհանյան». ինը գրառում միայն հոկտեմբերին՝ medianews.site-ում
Medianews.site-ի էջերում հատկապես հաճախ են հայտնվում մեկ այլ կեղծ օգտահաշվի՝ «Աննա Օհանյանի» գրառումները։
Հոկտեմբերի 22-ին կայքը հրապարակել է «ՀԷՑ-ի հավելագրումներով մարդկանց թալանողները, այսօր սրբի դեմքով խոսում են թալանից․ Օհանյան» վերտառությամբ հոդված՝ հղում անելով «Աննա Օհանյանի» ֆեյսբուքյան գրառմանը։ Թեև սկզբնական գրառումը գրեթե արձագանք չունի, ժամեր անց այն հայտնվելով Medianews.site-ում, ապա տարածվելով ֆեյսբուքյան էջում՝ արդեն ավելի մեծ արձագանք է ստացել։
Նույն կերպ, հոկտեմբերի 20-ին Օհանյանը «գրել էր»․«Գյումրին գյուղ անվանողները հիմա գյումրիացավ են կպել»։ Ընդամենը մի քանի րոպե անց գրառումն արդեն հրապարակվել էր Medianews.site-ում, ապա տարածվել նույնանուն ֆեյսբուքյան էջերում։

«Աննա Օհանյանի» օգտահաշիվն ավելի «ակտիվ» է և հաճախ է գրառումներ հրապարակում։ Ինչպես «Արա Հակոբյանի» դեպքում, նրա գրառումներն էլ հիմնականում քննադատում կամ ծաղրում են ընդդիմադիր գործիչներին։
Միայն հոկտեմբերին Օհանյանի 9-ը գրառում, հաճախ սկզբնական հրապարակումից ընդամենը մի քանի րոպե անց, վերահրապարակվել է Medianews.site-ում (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9)։
Հատկանշական է նաև, որ «Արա Հակոբյանի» և «Աննա Օհանյանի» գրառումներին կցված՝ արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներում ընդդիմադիր գործիչները պատկերված են միանման ծաղրական ոճով։

Միևնույն ժամանակ, երկու օգտահաշիվներն էլ այս գրառումներից դուրս իրական օգտատերերին բնորոշ այլ տեսանելի ակտիվություն գրեթե չեն ցուցաբերում. չեն արձագանքում իրենց գրառումների մեկնաբանություններին և այլն։
Նախորդ հետաքննության ընթացքում #CivilNetCheck-ը հաղորդագրություններ էր ուղարկել երկու օգտահաշիվներին՝ փորձելով պարզել դրանց հետևում կանգնած անձանց ինքնությունը, սակայն պատասխան չէր ստացել։ Հետաքննության հրապարակումից հետո ևս որևէ մեկը չէր արձագանքել կամ պարզաբանում պահանջել։ Այսպիսով, առկա տվյալներով չի հաջողվել հաստատել օգտահաշիվների հետևում կանգնած անձանց իրական ինքնությունը։
Հիշեցնենք նաև, որ նախորդ հետաքննությամբ հայտնաբերված արխիվային դոմեյնային տվյալները ցույց էին տվել, որ Medianews.site-ի դոմեյնը սկզբնական գրանցման պահին գրանցված է եղել Տարոն Չախոյանի անունով և կոնտակտային տվյալներով։ Չախոյանը, սակայն, հետևողականորեն հերքում է իր կապը կայքի հետ։

Բացի Medianews.site-ից, նույն գրառումները տարածվում են նաև ArmeniaNews, New Armenia Blog/Նոր Հայաստան Բլոգ և «Ա Ր Մ Ե Ն Ի Ա» ֆեյսբուքյան էջերում։ Հատկանշական է, որ այս էջերի հրապարակած քաղաքական բովանդակությունը մեծապես համընկնում է՝ հիմնականում ուղղված լինելով ընդդիմադիր գործիչների քննադատությանը կամ ծաղրին։
Այսպիսով, չնայած #CivilNetCheck-ի նախորդ բացահայտումներին, Medianews.site-ը շարունակում է կեղծ կամ չհաստատված ինքնությամբ օգտահաշիվների միջոցով ընդդիմադիր գործիչներին թիրախավորող բովանդակություն տարածել։ Սոցիալական ցանցերում գրեթե արձագանք չստացող գրառումները վերածվում են առանձին հոդվածների, ապա բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերի միջոցով ներկայացվում որպես «հանրային կարծիք»։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











