Գլխավոր Լրահոս

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն և նրա թիմակիցները

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն և նրա թիմակիցները

Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և նրա մի շարք թիմակիցներ հոկտեմբերի 24-ի առավոտյան բերման են ենթարկվե։ Այս մասին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում»,- հայտարարել է նա։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են քննչական գործողություններ։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։

Արթիկում ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանի, «Ազատ դեմոկրատները»՝ Մխիթար Վարագյանի, «Ապրելու երկիրը»՝ Արթուր Աստոյանի և «Հայրենիք» կուսակցությունը՝ Լևոն Վահրադյանի գլխավորությամբ։

Ընտրություններից օրեր առաջ ձերբակալություններ են իրականացվել նաև Ստեփանավանում։ Հոկտեմբերի 21-ին ընտրակաշառքի գործով ձերբակալվել էր 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը կալանավորվել է երկու ամսով։

Հոկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նույն քրեական վարույթով ևս 10 անձ է ձերբակալվել։ Ընդհանուր 24 անձի մեղադրանք է ներկայացվել ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ընտրակաշառք ստանալու գործով։

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիրները ահազանգում են նաև քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատումների և վարչական ճնշումների մասին։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ևս Հայաստանում բազմաթիվ ձերբակալություններ էին իրականացվել՝ ընտրական ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում։

Ընտրությունների օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ձերբակալվածների թիվը հասել է 200-ի։ Նա հերքել էր ընդդիմության պնդումները, թե իրավապահները միտումնավոր ընտրություններից անմիջապես առաջ են ձերբակալություններ իրականացնում։ Հարությունյանի խոսքով՝ ընտրակաշառքի ենթադրյալ բաժանումը հաճախ տեղի է ունենում հենց քարոզարշավի վերջին օրերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում