Գլխավոր Լրահոս

Ստեփանավանում ևս 10 անձ է ձերբակալվել․ Կարապետյանն իշխանություններին մեղադրում է ընդդիմությանը կաշկանդելու մեջ

Ստեփանավանում ևս 10 անձ է ձերբակալվել․ Կարապետյանն իշխանություններին մեղադրում է ընդդիմությանը կաշկանդելու մեջ

Ստեփանավանում հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երկու օր առաջ ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նույն քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել ընդհանուր 24 անձի։

Ըստ կոմիտեի՝ քրեական վարույթը վերաբերում է ընտրակաշառք տալուն, դրան օժանդակելուն և ընտրակաշառք ստանալուն։ Նախաքննությունը շարունակվում է։

Հոկտեմբերի 21-ին Ստեփանավանում նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։

Հոկտեմբերի 23-ին Ստեփանավանում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ձերբակալությունները համարել է իշխանությունների կողմից ընդդիմության գործունեությունը սահմանափակելու փորձ։ Նա այդ գործողությունները համեմատել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացված ձերբակալությունների հետ։

«Մեզ համար նորություն չէ, հիշում եք, որ համապետական ընտրություններից առաջ օրը 150 մեր թիմակից էին ձերբակալում», - հայտարարել է Կարապետյանը։

Նրա պնդմամբ՝ իշխանությունները ընտրություններից առաջ փորձում են ձերբակալել ընդդիմադիր թիմերի անդամներին՝ տարբեր քրեական գործերի շրջանակում։

«Հասցնում են վերջին օրերին, ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով, կարող է աշխատավարձ տալու գործով, այլ գործով ձերբակալում են ու այդպես գնում են ընտրությունների», - ասել է նա։

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիրները նաև ահազանգում են քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատումների և վարչական ճնշումների մասին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հայտնել էր մանկապարտեզի աշխատակցի և բուժաշխատողների նկատմամբ ենթադրյալ ճնշումների մասին։ Որոշ աշխատակիցներ ևս պնդել են, որ աշխատանքը կորցրել են իրենց կամ ընտանիքի անդամների քաղաքական գործունեության պատճառով։

Հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր ահազանգերին՝ հայտնելով, որ հանձնարարել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ստուգել դրանք։ Փաշինյանը խոստացել էր պատասխանատվության ենթարկել ճնշումներ գործադրած պաշտոնյաներին, եթե ներկայացված տեղեկությունները հաստատվեն։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ևս Հայաստանում բազմաթիվ ձերբակալություններ էին իրականացվել՝ ընտրական ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում։

Ընտրությունների օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ձերբակալվածների թիվը հասել է 200-ի։ Նա հերքել էր ընդդիմության պնդումները, թե իրավապահները միտումնավոր ընտրություններից անմիջապես առաջ են ձերբակալություններ իրականացնում։ Հարությունյանի խոսքով՝ ընտրակաշառքի ենթադրյալ բաժանումը հաճախ տեղի է ունենում հենց քարոզարշավի վերջին օրերին։

Ստեփանավանի ավագանու հոկտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցում են չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։

Հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մի շարք համայնքներում ընդդիմադիր ուժեր չեն մասնակցում։ Որոշ համայնքներում էլ մասնակից ուժերի թիվը նվազել է։ 2026-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժից հետո առավել շատ քվե ստացած ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», ՏԻՄ ընտրություններին ներկայացված է միայն Ստեփանավանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում