Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է 16 համայնքում, ևս երկուսում՝ դաշինքով։ Ստեփանավանում ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալների համաձայն՝ Ստեփանավանում գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարարը» ստացել է ձայների 41,54 տոկոսը կամ 5506 ձայն։ ՔՊ-ն հավաքել է 35,32 տոկոս կամ 4681 ձայն, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը»՝ 19,68 տոկոս կամ 2609 ձայն։ «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 3,41 տոկոս։
Նախնական հաշվարկով՝ Ստեփանավանի 21-հոգանոց ավագանիում «Գործարարը» կունենա 9, ՔՊ-ն՝ 8, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 4 մանդատ։ Գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ՔՊ անդամ է, սակայն ընտրություններին մասնակցել է «Գործարար» կուսակցության ցուցակով։
Ձերբակալություններ՝ ընտրություններից առաջ
Ստեփանավանի ընտրություններին նախորդել են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուների և աջակիցների ձերբակալությունները՝ ընտրակաշառք տալու, ստանալու գործով։
Հոկտեմբերի 21-ին՝ քվեարկությունից չորս օր առաջ, իրավապահները ձերբակալել էին կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին և ևս 13 անձի։ Հոկտեմբերի 23-ին նույն քրեական վարույթով ձերբակալվել էր ևս 10 մարդ։
Հոկտեմբերի 21-ին Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորվել է։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ձերբակալությունները որակել է քաղաքական հետապնդում։ Իրավապահ մարմինները մեղադրանքները հիմնավորում են քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով։ Գործով մեղադրյալների մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված չէ։
Արդյունքները մյուս համայնքներում
ՔՊ-ն առավելագույն ձայներ է ստացել նաև Արտաշատում՝ 85,95 տոկոս, Հրազդանում՝ 90,82 տոկոս, Իջևանում՝ 86,12 տոկոս, Ծաղկաձորում՝ 84,56 տոկոս, Դիլիջանում՝ 76,27 տոկոս, Արթիկում՝ 74,79 տոկոս, Մեղրիում՝ 71,83 տոկոս և Մարտունիում՝ 67,61 տոկոս։
Սյունիքի Գորիս համայնքում գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Համերաշխություն» դաշինքը, որի կազմում են ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը, ստացել է ձայների 93,57 տոկոսը։ Նույն դաշինքը հաղթել է նաև Գավառում՝ ստանալով 81,71 տոկոս։
Առավել սերտ պայքար է ընթացել Եղեգնաձորում, որտեղ ՔՊ-ն ստացել է 48,06 տոկոս կամ 7382 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 46,86 տոկոս կամ 7197 ձայն։ Կուսակցությունների միջև տարբերությունը կազմել է 185 ձայն։
Հինգ համայնքներում՝ Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում, իշխող կուսակցությունն ընտրություններին մասնակցել է առանց մրցակցի։ Այդ համայնքներում քվեարկությունը տեղի է ունեցել մեկ քաղաքական ուժի մասնակցությամբ։
ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Ստեփանավանում՝ 68,83 տոկոս, ամենացածրը՝ Ֆիոլետովոյում՝ 25,39 տոկոս։
Հոկտեմբերի 25-ին ընտրություններ են անցկացվել Հայաստանի բոլոր տասը մարզերի 21 համայնքում։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվել են համամասնական, երկուսում՝ Շամիրամում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։ Վերջին երկու համայնքների քվեարկության արդյունքները ԿԸՀ-ի՝ հոկտեմբերի 26-ի առավոտյան հրապարակված նախնական ամփոփագրում դեռ ներկայացված չէին։












