«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին անցկացվող ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրել է ընտրողների ուղղորդման, ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումների և տեսախցիկների աշխատանքի խափանման դեպքեր։
Լրատվամիջոցների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության դիտորդ, կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ որոշ ընտրատեղամասերում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք ուղղորդել են ընտրողներին: Որպես ընտրական իրավունքի մեկ այլ խախտում Մելոյանը մատնացույց է արել քվեաթերթիկների դրոշմանիշերի որակը, որի հետ կապված, ըստ Մելոյանի, խնդիրներ են առաջացել։
Մեղադրանքներ ընտրողներին ուղղորդելու վերաբերյալ
«ՔՊ-ի վստահված անձն իմ աչքի առաջ ուղղորդում էր ընտրողներին, մարդ են տանում-բերում։ Տեսախցիկը, չգիտես ինչպես, շարքից դուրս եկավ»,- հայտարարել է Մելոյանը՝ ներկայացնելով Գյուլագարակի ընտրատեղամասում իր արձանագրած դեպքերը։
Նրա խոսքով՝ ընտրատեղամասի մոտ մարդկանց կուտակումներ են եղել, ինչի կապակցությամբ դիմել են ոստիկանությանը։ Ոստիկանների միջամտությունից հետո մարդիկ որոշ ժամանակ հեռացել են, սակայն այնուհետև կրկին վերադարձել, նշել է Մելոնյանը` հավելոլով, որ նմանատիպ ահազանգեր են ստացել նաև այլ ընտրատեղամասերից։ Մասնավորապես, Գարգառ գյուղում ընտրատեղամասի դիմաց կայանված ավտոմեքենաներում մարդիկ են եղել, որոնց վերաբերյալ տեղեկություն են ստացել, թե նրանք համայնքապետարանի աշխատակիցներ են։
«Մոտեցել եմ, տեսել եմ, հարցրել եմ։ Այդ տղաները հերքելուց հետո նստեցին մեքենաները և լքեցին տարածքը»,- ասել է Մելոյանը՝ խնդրելով տեղի բնակիչներին տեղեկացնել, թե արդյոք այդ անձինք իսկապես համայնքապետարանի աշխատակիցներ են, թե ոչ։
Ըստ նրա՝ բազմաթիվ ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում, որ ավտոմեքենաներով ժամանած անձինք «դիմավորում, ուղղորդում և ճանապարհում են ընտրողներին»: Մելոյանը ոստիկանությանը կոչ է արել ապահովել ընտրատեղամասերի հարակից տարածքներում օրենքով սահմանված կարգի պահպանումը: Խոսքը ընտրատեղամասի մուտքի շուրջ 50 մետր շառավղով տարածքում մարդկանց կուտակումներն ու խմբեր կազմելու արգելնքի մասին է:
Նա նաև պնդել է, որ ընտրողներին քվեարկությունից հետ պահելու նպատակով տարածվում են տեղեկություններ, թե ընտրատեղամասերում «գաղտնի տեսախցիկներ են տեղադրված», որոնց միջոցով հնարավոր է պարզել, թե քաղաքացին ում օգտին է քվեարկել։
«Ժողովուրդ ջան, չկա նման բան։ Մենք ստուգել ենք բոլոր տեղամասերը, չկան գաղտնի տեսախցիկներ»,- հայտարարել է Մելոյանը՝ վստահեցնելով, որ իրենց քաղաքական ուժի վստահված անձինք ներկա են բոլոր ընտրատեղամասերում։
Քվեաթերթիկների որակն ու տեսախցիկների խափանումը
Միաժամանակ Մելոյանը մտահոգություն է հայտնել քվեաթերթիկների ինքնասոսնձվող դրոշմանիշերի որակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ գրեթե բոլոր տեղամասերից տեղեկություններ են ստացվել, որ դրոշմանիշերի պաշտպանիչ թաղանթն առանձնանում է, որը, Մելոյանի գնահատմամաբ, կարող է խնդիրներ առաջացնել քվեաթերթիկների վավերականության առումով։ Նա հայտնել է, որ պատրաստվում է հարցով դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
ԿԸՀ-ն, արձագանքելով դրոշմանիշերի վերաբերյալ ահազանգերին, հայտնել է, որ դրանք տպագրվել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Հանձնաժողովի պարզաբանմամբ՝ մի շարք տեղամասերում արձանագրված խնդիրները պայմանավորված են եղել դրոշմանիշերի ոչ պատշաճ գործածմամբ, մասնավորապես՝ մինչև քվեաթերթիկին փակցնելը դրանց պաշտպանիչ շերտի վնասմամբ։ ԿԸՀ-ի հավաստմամբ՝ արդեն իսկ անհրաժեշտ միջոցները են ձեռնարկվել, և նման դեպքեր այլևս չեն կրկնվել։
Հանձնաժողովը հաստատել է նաև, որ Ստեփանավանի համայնքի չորս, ինչպես նաև Գյուլագարակի և Գարգառի ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկին տեսահեռարձակումը խափանված է եղել։ Պատճառը, ըստ ԿԸՀ-ի, կապի սարքավորումների տեխնիկական խնդիրներն էին, որոնք առաջացել էին էլեկտրամատակարարման խափանումից հետո։ Հանձնաժողովը հայտնել է, որ բոլոր չորս տեղամասերից հեռարձակումը վերականգնվել է։
Ճեպազրույցի ընթացքում Մելոյանը նաև անդրադարձել է ընտրություններից օրեր առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ իրականացված քննչական գործողություններին։ Նրա գնահատմամբ՝ քաղաքական ուժը հայտնվել է անհավասար պայմաններում, քանի որ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն կալանավորված է, իսկ Ստեփանավանի նախընտրական շտաբը՝ կապարակնքված։
Մելոյանը պնդել է, որ իրավապահների գործողություններն ունեն «քաղաքական դրդապատճառներ և խախտում են ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը»։ Նրա խոսքով՝ կուսակցությանը հաջողվել է երկու օրվա ընթացքում վերականգնել շտաբային աշխատանքը։
Հոկտեմբերի 21-ին իրավապահները ձերբակալել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ընտրական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանին, որը հետագայում երկու ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրում է ընտրակաշառք տալու մեջ։ Հոկտեմբերի 23-ի դրությամբ նույն քրեական գործով մեղադրանք էր ներկայացվել ընդհանուր 24 անձի։ Կուսակցությունը մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում։
Ընդդիմության նվազող մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին
Ստեփանավանի ավագանու ընտրություններին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզերի 21 համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Սա տարվա ընթացքում նախատեսված ՏԻՄ ընտրությունների չորս փուլերից երկրորդն է։ ՆԳՆ տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 477,721 քաղաքացի։ Ամենամեծ ընտրազանգվածն Արտաշատում է՝ 69,175 ընտրող, ամենափոքրը՝ Շամիրամում՝ 303։
19 համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական, Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնական ընտրակարգով։ Համամասնական ընտրություններին մասնակցում է 13 կուսակցության և չորս դաշինքի 45 ցուցակ՝ ընդհանուր 1622 թեկնածուով։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է բոլոր 19 համայնքների ընտրություններին, որոնցից հինգում՝ Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում, մրցակից չունի։ Չորսական քաղաքական ուժ է պայքարում միայն Ստեփանավանում, Մարտունիում, Արթիկում և Մեղրիում։
2021-ի համեմատ քաղաքական մրցակցությունը նվազել է․ 19 համայնքից 11-ում ընտրություններին մասնակցող ուժերի թիվը կրճատվել է։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մասնակցում է ընդամենը երեք համայնքի ընտրություններին։












