Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից չորս օր առաջ Ստեփանավանում խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների բնակարաններում և գրասենյակներում։ Ձերբակալվել է 14 անձ։ Տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
14 ձերբակալվածների թվում է «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում։ Թե ինչ ենթադրյալ հանցագործության առնչությամբ է քննվում գործը և ովքեր են ձերբակալվածները, չի հստակեցվում։
Ավելի վաղ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հայտնել էր, որ վաղ առավոտից Ստեփանավանի տարածաշրջանում կուսակցության աջակիցների շրջանում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում։
«Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»,- գրել էր պատգամավորը։
Խուզարկությունները հաջորդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 20-ի հայտարարությանը, որով նա պետական, մարզային և համայնքային պաշտոնյաներին հրահանգել էր բացառել վարչական լծակների կիրառումն ու ճնշումները ՏԻՄ ընտրություններում։
Ֆեյսբուքյան տեսաուղերձում Փաշինյանը զգուշացրել էր, որ ժողովրդավարության և օրինականության կանոններից շեղվելու դեպքում լինելու է «անհամաչափ կոշտ արձագանք»։
Վարչապետի խոսքով՝ այն պաշտոնյաները, որոնք աշխատակիցներին հարկադրում են մասնակցել կամ չմասնակցել նախընտրական հավաքներին կամ քվեարկությանը, ենթակա են աշխատանքից ազատման։ Իսկ որևէ թեկնածուի օգտին կամ դեմ քվեարկելու պարտադրանքը, ըստ նրա, ենթադրում է քրեական պատասխանատվություն։
Փաշինյանը նաև հայտնել էր, որ ընտրական գործընթացում հնարավոր խախտումների վերաբերյալ իր էլեկտրոնային փոստով երեք նամակ է ստացել։ Դրանցից մեկը վերաբերում էր քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատելու մասին պնդումներին, մյուսը՝ նախընտրական քարոզչությանը երեխայի մասնակցությանը, երրորդը՝ համայնքապետի թեկնածուի ընտրության վերաբերյալ դժգոհությանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը նախօրեին հայտնել է, որ պայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով:
Վարչապետի փոխանցմամբ՝ աշխատանքից ազատումների մասին տեղեկությունները ստուգելու հանձնարարական է տրվել տեսչական մարմնին, իսկ երեխայի մասնակցությամբ տեսանյութն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Փաշինյանը միաժամանակ ընդգծել էր, որ միայն բանավոր հայտարարությունների կամ սոցիալական ցանցերի գրառումների հիման վրա պաշտոնյաների նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնել չի կարելի։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են հիմնավորված փաստեր։
Հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Գևորգյանը հրապարակայնորեն պնդել էր, որ Ստեփանավանում քաղաքացիներ են աշխատանքից ազատվել կամ ճնշումների ենթարկվել քաղաքական հայացքների պատճառով։
Առայժմ հայտնի չէ՝ հոկտեմբերի 21-ին Ստեփանավանում իրականացված խուզարկություններն ու ձերբակալությունները կապ ունե՞ն այդ ահազանգերի կամ առաջիկա ընտրությունների հետ։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։
Ստեփանավանը միակ համայնքն է, որտեղ ընտրապայքարին մասնակցում է հինգ քաղաքական ուժ։ Դրանք են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն», «Գործարար» և «Հայրենիք» կուսակցությունները։ «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը։












