Գլխավոր Լրահոս

Փաշինյանը «անհամաչափ կոշտ արձագանք» է խոստանում ընտրախախտ պաշտոնյաներին

Փաշինյանը «անհամաչափ կոշտ արձագանք» է խոստանում ընտրախախտ պաշտոնյաներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է բացառել վարչական լծակների և ճնշումների կիրառումը Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում՝ սպառնալով աշխատանքից ազատմամբ և քրեական պատասխանատվությամբ։ Արձագանքելով սպասվող ՏԻՄ ընտրություններում ճնշումների վերաբերյալ ահազանգերին՝ նա կոչ է արել քաղաքացիներին ներկայացնել փաստարկված ապացույցներ, իսկ ընտրատեղամասերում՝ դեմ քվեարկել օրինախախտ թեկնածուներին։

Ֆեյսբուքյան տեսաուղերձում վարչապետը նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար առաջնային քաղաքական նպատակ է և ռազմավարություն, որը կապված է նաև Եվրամիությանն անդամագրվելու գործընթացի հետ։ Կոչ անելով չշեղվել ժողովրդավարության կանոներից`հակառակ պարագայում Փաշինյանը պետական, մարզային և համայնքային պաշտոնյաներին խոստացել է «անհամաչափ կոշտ արձագանք».

«Բոլորիդ կոչ եմ անում ժողովրդավարության, ազատության, օրինականության, կանոններից մի միլիմետր չշեղվեք, այսինքն կոչ չեմ անում, հրահանգում եմ և հրամայում եմ, մի միլիմետր չշեղվեք, ժողովրդավարության, օրինականության, ազատության, կանոններից, որ դեպքում շեղում եղավ, լինելու է շատ կոշտ արձագանք, անհամաչափ կոշտ արձագանք»։

Վարչապետը հստակեցրել է, որ ցանկացած պաշտոնյա, ով հարկադրում է աշխատակցին մասնակցել կամ չմասնակցել նախընտրական հավաքների և քվեարկության, ենթակա է աշխատանքից ազատման, իսկ ուղղորդված քվեարկություն պարտադրելու դեպքում՝ արարքը ենթադրում է քրեական պատասխանատվություն։

Նախօրեին արձագանքելով համացանցում տարբեր օգտատերերի և դիտորդական առաքելություն իրականացնողների՝ ընդդիմադիր ուժերի ու նրանց թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին ահազանգերին՝ Փաշինյանը կոչ էր արել դիմել անձամբ իրեն՝ որպես հետադարձ կապի միջոց տրամադրելով իր էլեկտրոնային հասցեն։ Վարչապետը խոստացել էր ահազանգերը հիմնավորվելու դեպքում հրապարակավ պատժել «նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյայի»

Փաշինյանը տեղեկացրել է, որ իր էլեկտրոնային փոստին արդեն ստացել է ընտրությւոններին ենթադրյալ ճնշումերի վերաբերյալ երեք նամակ։ Դրանք վերաբերում են քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատումներին, նախընտրական քարոզչությանը երեխայի մասնակցությանն ու թեկնածուի ընտրության վերաբերյալ դժգոհությանը։ Նա վստահեցրել է, որ դեպքերով արդեն իսկ հանձնարարականներ են տրվել տեսչական մարմիններին և Հակակոռուպցիոն կոմիտեին՝ շտապ ստուգումներ իրականացնելու նպատակով։

Միևնույն ժամանակ, վարչապետն ընդգծել է, որ իշխանությունը չի կարող պատժիչ գործողություններ իրականացնել բացառապես սոցիալական ցանցերի գրառումների կամ հայտարարությունների հիման վրա, քանի որ դա կարող է վերածվել անձնական հաշվեհարդարների գործիքի.

«Այսինքն առանց հիմնավորման ուղղակի բանավոր հայտարարության կամ լսածի վրա գործողություն անելը, դա ճիշտ ենք համարում։ Չենք կարող այդպես վարվել, թեկուզ կարող է այդպես վարվելու 20 դեպքից, հինգը լինի արդար և դիպուկ, բայց 15 դեպքի հետ ի՞նչ անենք։ Այստեղ մեխանիզմը հետևյալն է, որ քաղաքացիները իրենք իրենց իրավունքների համար պետք է պայքարեն։ Եվ ես հիմա ուղիղ ասում եմ, որ կանգնած եմ բոլոր այն քաղաքացիների կողքին, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, բայց այդ պայքարն էլ պետք է լինի արդարացի, փաստարկված, հիմնավորված...»։

Իր ուղերձում կառավարության ղեկավարը վերահաստատել է իշխող քաղաքական թիմի հանձնառությունը՝ ոչ միայն պահպանելու ժողովրդավարական արժեքները, այլև դրանք արմատավորելու և որպես հանրային հոգեբանություն ձևավորելու հարցում։ Փաշինյանն ընդգծել է, որ իր համար անընդունելի և խնդրահարույց են խոսակցություններն այն մասին, թե Հայաստանում կարող է «վախի մթնոլորտ» հաստատված լինել։

Վարչապետը կոչ է արել քաղաքացիներին թոթափել հնարավոր վախերը և հաստատակամություն դրսևորել սեփական իրավունքների համար պայքարում՝ հավաստիացնելով, որ կառավարությունը կանգնած է նրանց կողքին։ Այնուհետև նա կոչ է արել քաղաքացիներին ակտրվորեն մասնակցել ընտրություններին, իսկ պաշտանյաներին հրահանգել. «Ոչ մի միլիմետր չշեղվեք, ժողովրդավարության, օրինականության, ազատության, կանոններից»:

«Ովքեր իմ ասածից դուրս են գործում, գնացեք ընտրությունների, կապ չունի որ թեկնածուն է, ում թեկնածուն է, ինչի թեկնածուն է, գնացեք ընտրությունների և քվեարկեք նման թեկնածուներին և կուսակցություններին դեմ, անկախ նրանից ով է, գնացեք, ես ձեզ ուղիղ կոչ եմ անում, ովքեր այս տրամաբանությունից դուրս են գործում, գնացեք և քվեարկեք այդ թեկնածուների դեմ, դեմ, դեմ, որ նրանք չընտրվեն, որ նրանք իրենց այդ քայլերի համար պատժվեն»։

Հոկտեմբերի 25-ին ՀՀ 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, որոնցից 2-ը մեծամասնական, 19-ը՝ համամասնական ընտրակարգով։

Հինգ համայնքներում (Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք) գրանցվել է ընդամենը մեկական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը փաստացի այս համայնքներում չունի մրցակից։

Վեց այլ համայնքներում (Արաքս, Ծաղկաձոր, Հրազդան, Գորիս, Ջերմուկ, Իջևան) գրանցվել են երկուական ուժեր։ Չորս համայնքներում (Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր և Դիլիջան) մրցակցում են երեքական ուժեր, երեքում (Մարտունի, Արթիկ և Մեղրի)՝ չորսական, և միայն մեկ համայնքում՝ Ստեփանավանում, ընտրապայքարում հանդես են գալիս հինգ ուժեր։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրապայքարին մասնակցում է բոլոր համայնքներում։

ԱԺ խմբակցություններից մեծությամբ երկրորդ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մասնակցում է միայն երեք համայնքներում՝ մեկում «Ուժեղ Հայաստան» և երկուսում՝ դաշինքի անդամ «Նոր դարաշրջան» կուսակցությունների առաջնորդությամբ։

Երրորդ՝ Հայաստան խմբակցության անդամ կուսակցությունները մասնակցում են հինգ համայնքներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում