2026թ․ՏԻՄ ընտրությունների առաջին՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած փուլն ուղեկցվեց նվազ մեդիա ուշադրությամբ, ինչի պատճառը, թերևս, այն հանգամանքն էր, որ չորս ՏԻՄ ընտրություններից երեքն անցկացվում էին ազգային փոքրամասնությունների համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։
ՏԻՄ ընտրությունների հաջորդ փուլը նախատեսված է հոկտեմբերի 25-ին և արդեն համամասնական ընտրակարգի՝ քաղաքական ուժերի մասնակցության բերումով, ամենայն հավանականությամբ, կգեներացնի ավելի ակտիվ հանրային ու քաղաքական ներգրավվածություն։ Այդ փուլում ընտրություններ կանցկացվեն ՀՀ 21 համայնքներում, որոնցից 2-ը մեծամասնական, 19-ը՝ համամասնական ընտրակարգով։ ՏԻՄ ընտրությունների հիմնական օրենսդրական կարգավորումները ներկայացվել են նախորդ հոդվածում։ Այս անգամ կփորձենք վերլուծել ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերի մասնակցության հիմնահարցը։
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կուսակցություններին հնարավորություն է տալիս թրծվել ընտրապայքարում՝ նախքան համապետական ընտրություններին մասնակցելը, ամրապնդել դիրքերը, իսկ նոր կուսակցությունների համար սա լավ առիթ է իրենց մասին հայտարարելու՝ փոքր ռեսուրսներով տեսանելի հաջողություններ գրանցելով։ Երբ 2021 թվականին ՏԻՄ մակարդակում ներդրվում էր համամասնական ընտրակարգը, մեծ լավատեսություն կար, որ այս բարեփոխումը դրականորեն կազդի կուսակցական համակարգի աստիճանական զարգացման, հետևաբար նաև քաղաքականության որակի վրա։
Եթե վերլուծենք համամասնական ընտրակարգով անցկացվող առաջիկա՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերի ցանկը, կունենանք մասնակցության հետևյալ պատկերը՝

Այսպես, հինգ համայնքներում (Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք) գրանցվել է ընդամենը մեկական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը փաստացի այս համայնքներում չունի մրցակից։ Հետաքրքրական է, որ այս համայնքների շարքում կա նաև մարզկենտրոն համայնք, որտեղ օրենքի ուժով պարտադիր է ուղիղ եթերում անցկացնել նախընտրական բանավեճ, ինչը մեկ ուժի գրանցման պարագայում դժվար է պատկերացնել։
Վեց այլ համայնքներում (Արաքս, Ծաղկաձոր, Հրազդան, Գորիս, Ջերմուկ, Իջևան) գրանցվել են երկուական ուժեր։ Չորս համայնքներում (Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր և Դիլիջան) մրցակցում են երեքական ուժեր, երեքում (Մարտունի, Արթիկ և Մեղրի)՝ չորսական, և միայն մեկ համայնքում՝ Ստեփանավանում, ընտրապայքարում հանդես են գալիս հինգ ուժեր։ Այս պատկերն ակնհայտ է դարձնում, որ առավել մրցակցային միջավայր՝ երեքից ավելի ուժերի մասնակցությամբ, ձևավորվել է համայնքների միայն մի փոքր մասում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրապայքարին մասնակցում է բոլոր համայնքներում։
ԱԺ խմբակցություններից մեծությամբ երկրորդ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մասնակցում է միայն երեք համայնքներում՝ մեկում «Ուժեղ Հայաստան» և երկուսում՝ դաշինքի անդամ «Նոր դարաշրջան» կուսակցությունների առաջնորդությամբ։
Երրորդ՝ Հայաստան խմբակցության անդամ կուսակցությունները մասնակցում են հինգ համայնքներում։
Ուշագրավ է, որ ՔՊ-ից զատ, մյուս մասնակիցների մեծ մասի ցուցակները թեկնածուների քանակով բավականին սահմանափակ են։
Այսպիսով, իրական մրցակցություն 19 համայնքներից առկա է միայն 4-ում։ Այսինքն, համայնքների 80 տոկոսում չի լինելու մրցակցություն՝ ընտրական շեմը հաղթահարելու շուրջ։ Մրցակցություն կծավալվի միայն մանդատների հնարավոր քանակի շուրջ, քանի որ ՏԻՄ-ում ներկայացվածությունը մասնակիցների մեծ մասին համար երաշխավորված է։ Բացատրենք՝ ինչու։
Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածը սահմանում է, որ
եթե ընտրությանը մասնակցել է 3 և ավելի ուժ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առնվազն 3-ը,
եթե ընտրությանը մասնակցել է 2 կուսակցություն/դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են երկուսն էլ,
եթե ընտրությանը մասնակցել է մեկ կուսակցություն/դաշինք և ստացել է քվեարկության մասնակիցների կեսից ավելիի ձայները, ապա բոլոր մանդատները տրվում են տվյալ ուժին։
Սա նշանակում է, որ բոլոր 15 համայնքներում, որտեղ մրցակիցների քանակը երեք և պակաս է, մասնակից բոլոր ուժերի ներկայությունը ավագանու կազմում երաշխավորված է: Հազվադեպ բացառություն կարող է կազմել այն իրավիճակը, երբ մասնակիցը տապալի նույնիսկ մեկ մանդատի համար անհրաժեշտ մինիմալ ձայների ստացումը, ինչը, հաշվի առնելով ՏԻՄ մասշտաբները, խիստ անհավանական է:
Տիմ ընտրություններում կուսակցությունների մասնակցությունը խթանելու համար կարելի էր քննարկել խրախուսման որոշ մեխանիզմներ, օրինակ՝ սահմանել մարզային/համայնքային կուսակցություն եզրույթը և դյուրինացնել դրա հիմնադրման ընթացակարգերը, օրինակ՝ կրճատել հիմնադիր համագումարի համար անհրաժեշտ՝ ներկայում գործող 300 մասնակցի քանակը, պարզեցնել ֆինանսական հաշվետվողականությունը, նվազեցնել վճարվող ընտրական գրավը և այլն։ Սակայն ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ խնդիրը բոլորովին մասնակցության տեխնիկական բարիերները չեն։
Հետ նայելով բոլորովին վերջերս տեղի ունեցած ԱԺ ընտրություններին, որոնց մասնակցության հայտ էր ներկայացրել 19 ուժ, հարց է ծագում՝ ինչո՞ւ են քաղաքական կուսակցությունները այսպիսի նվազ հետաքրքրություն ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ։ Ինչպես է ստացվում, որ քաղական ուժն ունի այդքան ռեսուրս և ինչն հետաքրքիր է՝ այդչափ ինքնավստահություն՝ մասնակցելու միանգամից համապետական ընտրություններին, բայց չի ցանկանում մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Եվ նույնիսկ համայնքների մեծ մասում շեմի երաշխավորված հաղթահարումն ու մանդատների երաշխավորված ստացումը չի մոտիվացնում կուսակցություններին մտնել մրցապայքարի մեջ։
Պատճառներ կարող են մի քանիսը լինել, օրինակ՝
Ռեսուրսների անբավարարությունը ԱԺ ընտրություններից հետո։ ԱԺ ընտրությունները ռեսուրսատար գործընթաց են կուսակցությունների համար՝ ժամանակային, ֆինանսական, մարդկային և այլ առումներով։ ԱԺ մեծամասշտաբ ընտրություններից ընդամենը երկու ամիս անց նորից ընտրական շրջափուլի մեջ մտնելու համար կուսակցությունների քաղաքական շնչառությունը կարող է չբավարարել, հատկապես՝ փոքր, քիչ ռեսուրսներով կուսակցությունների դեպքում։ Այս խնդրից խուսափելու համար աշխարհի շատ երկրներում սահմանված է մեկ միասնական օր՝ բոլոր մակարդակի ընտրությունների համար։ Հակառակ պարագայում՝ անհրաժեշտ է բավարար ընդմիջում ապահովել երկու ընտրական ցիկլերի միջև՝ հնարավորություն տալով կուսակցություններին վերակենտրոնացնելու ուժերը։ ԱԺ և ՏԻՄ ընտրությունների միջև գործող կարճ ընդմիջումը նաև բավարար չէ ԱԺ ընտրություններում բացահայտված խնդիրների հիման վրա անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ կատարելու համար, որպեսզի դրանք չկրկնվեն ՏԻՄ ընտրություններում։
Կենտրոնական իշխանության անհանդուրժողականությունը ընդդիմադիր ՏԻՄ իշխանությունների նկատմամբ։ Վերջին տարիներին մի շարք համայնքներում իշխող կուսակցությունը կոպիտ առճակատման է գնացել ընդդիմադիր ՏԻՄ իշխանությունների հետ, տարբեր, այդ թվում՝ սելեկտիվ ու ոչ իրավաչափ միջամտություններով իր օգտին փոփոխել ընտրությունների արդյունքներով ստեղծված ուժերի բալանսը։ Այս հանգամանքը վստահաբար մեծ ազդեցություն ունի ընդդիմադիր ուժերի մասնակցության մոտիվացիայի պակասի հարցում։ Եթե Ազգային ժողովում պատգամավորներն օժտված են անձեռնմխելիությամբ ու պաշտպանության այլ միջոցներով, ապա համայնքային ավագանու թեկնածուներն ու գործող անդամները չունեն որևէ պաշտպանության մեխանիզմ։
Նյութական փոխհատուցման բացակայությունը։ Ավագանու անդամների աշխատանքը չի վարձատրվում, ինչը ևս բերում է մասնակցության մոտիվացիայի պակասի։ Վարձատրության սահմանման դեպքում առնվազն կաճի համայնքային կառավարմանը մասնակցելու հետաքրքրությունը, հատկապես՝ երիտասարդների համար, ովքեր ՏԻՄ-ում կարող են սկսել իրենց քաղաքական ու հանրային կառավարման կարիերան։
ՏԻՄ ընտրակարգի՝ մեծ մասամբ համամասնական մեխանիզմի անցումը տեղի ունեցավ 2021 թվականին, երբ գրեթե ամբողջությամբ հեռացվեց մեծամասնական բաղադրիչը՝ անհատ թեկնածուների մասնակցությունը, բացառությամբ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներից։ Օրենսդրական փոփոխությունների այդ փուլում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջարկում էին կուսակցություններից բացի համայանքային նախաձեռնող խմբերին ևս հնարավորություն տալ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։ Նման մոդելն աշխարհում բավական տարածված է և գործում է օրինակ Գերմանիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Էստոնիայում, Լիտվայում և այլուր։ Առաջարկին սակայն կտրուկ դեմ էին տվյալ պահի ԱԺ բոլոր խմբակցությունները, պատճառաբանելով, որ համամասնական ընտրակարգը համայնքներում ներդրվում է հենց կուսակցական համակարգի զարգացման նպատակով, այդ իսկ պատճառով նախաձեռնող խմբերի ու անհատների մասնակցությունը նպատակահարմար չէ։ Մինչդեռ այլ երկների փորձը ցույց է տալիս, որ քիչ չեն դեպքերը, երբ նման համայնքային ակտիվ խմբերի հիմքի վրա հետագայում ձևավորվում են ակտիվ կուսակցություններ։
Գուցե տեղին կլինի նորից քննարկման առարկա դարձնել մոռացված այս առաջարկը։ Քիչ չեն համայնքները, որտեղ արդեն իսկ գործում են համայնքային խնդիրներով հետաքրքրված խմբեր։ Այս խմբերը որոշակի ակտիվութուն են ցուցաբերում օրինակ համայնքի բնապահպանական, երիտասարդական, գյուղատնտեսական կամ զարգացման այլ ուղղություններում իրենց մասնակցությամբ։ Եվ չի բացառվում, որ այս խմբերն ավելի մեծ մոտիվացիա ունենան ներգրավել համայնքային կառավարմանը, քան գործող քաղաքական կուսակցությունները, որոնց, նախանձելի ինքնավստահությամբ, գրավում են առավելապես համապետական ու քաղաքական բնույթի հարցերը, բայց ոչ համայնքային կառավարումը։
Ավելի ծայրահեղական լուծումներ են շրջանառվում վերջերս տարածված հանրային-քաղաքական մեկ այլ խոսույթում, մասնավորապես առ այն, թե ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը պետք է պարտադիր պայման դարձնել ԱԺ ընտրություններին մասնակցության համար։ Երբեմն առաջարկներ են հնչում նույնիսկ կասեցնելու կուսակցությունների գործունեությունը՝ երկու հաջորդական ՏԻՄ ընտրությունների չմասնակցելու դեպքում։ Հարկ է թերևս հիշեցնել, որ ընտրվելը իրավունք է, ոչ պարտականություն։ Նման «լուծումների» դեպքում քաղաքական մրցակցության միջավայրը կարող է խիստ սահմանափակվել։ Հանրային ու քաղաքական կյանքը ոչ գծային բնույթ ունի և չեն բացառվում քաղաքական իրավիճակներ, երբ օրինակ ԱԺ ընտրություններից առաջ լինեն մեծ քաղաքական ուժերի տրոհումներ կամ ի հայտ գան նոր զորեղ ուժեր և նրանց բնական մասնակցությունը չպետք է խոչընդոտվի ՏԻՄ ընտրություններին պարտադիր մասնակցության պայմանով, որոնք գուցե տեղի են ունեցել 4-5 տարի առաջ։
Վերջում հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների մյուս երկու շրջափուլերը նախատեսված են նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 13-ին և քաղաքական ուժերի մասնակցության վերլուծությունը հարկ կլինի կատարել այդ շրջափուլի ավարտին ևս։
Մարիամ Հովեյան











