ՏԻՄ ընտրությունների ուղեցույց․ ինչպե՞ս է ընտրվում համայնքային իշխանությունը

Այս աշնանը ՀՀ-ում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)՝ ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ Դրանք կանցկացվեն աշնան յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 29-ին։ Համայնքների ցանկն ամբողջությամբ դեռ հասանելի չէ, բայց այն ընդգրկում է տասնյակ խոշոր համայնքներ, այդ թվում՝ մարզկենտրոններ։
Ընտրելու իրավունք
Հուլիսի սկզբին Ազգային ժողովն ընդունեց ընտրական իրավունքը սահմանափակող նոր կարգավորումներ։ Այս փոփոխությունները բազմիցս քնննադատվեցին քաղհասարակության կողմից, ավելին՝ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով կարգավորումների սահմանադրականությունը։ Դրանք, այդուհանդերձ, իրենց առաջին կիրառությունը կունենան ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ընդ որում՝ փաստացի կկիրառվեն հետադարձ, ինչը ևս խնդրահարույց է։
Այսպիսով, ՏԻՄ ընտրություններում ընտրելու իրավունք կունենան քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`
1) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի 366 և ավելի օր գտնվող ՀՀ քաղաքացիները,
2) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող՝ նախորդ կետում նշված՝ ՀՀ-ում փաստացի գտնվելու պահանջը բավարարող ՀՀ այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված։
ՏԻՄ ընտրություններում քվեարկության իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեն տվյալ համայնքում և կրկին բավարարում են 1-ին կետով սահմանված՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը։ Սա նշանակում է, որ համայնքային ընտրություններին կարող են մասնակցել նաև, օրինակ, Արցախից բռնի տեղանահված և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, օրինական կերպով համայնքում հաշվառված այլազգի աշխատանքային միգրանտները և այլոք։
Նախորդ ՏԻՄ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ բնակիչները երբեմն տարակուսանք են հայտնում ընտրողների ցուցակում «ոչ հայկական» ազգանուններ նկատելիս, երբեմն էլ դա դառնում է քաղաքական շահարկումների առիթ։ Ուստի, լիազոր մարմինները պետք է ավելի լայն իրազեկում ապահովեն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՏԻՄ ընտրություններում քվեարկության իրավունքի վերաբերյալ։
Ընտրվելու իրավունք
Համայնքի ղեկավար և ավագանու անդամ կարող են ընտրվել նախորդ բաժնում նկարագրված՝ ընտրելու իրավունք ունեցող անձինք: Սրանից հետևում է, որ եթե ԱԺ ընտրություններում թեկնածու կարող է դառնալ 25 տարին լրացած քաղաքացին, ՏԻՄ ընտրությունների դեպքում այդ տարիքը 18-ն է։
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 130-րդ հոդվածի՝ կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության/դաշինքի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:
Կուսակցությունների ցուցակներում պետք է պահպանվի նաև գենդերային քվոտան ընտրական ցուցակի առաջին համարից սկսած ցանկացած ամբողջ թվով եռյակում (1-3, 1-6, և այդպես շարունակ մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը։ Գործնականում սա ապահովում է կանանց առնվազն 30% ներկայացվածություն ՏԻՄ կառավարմանը։ Սա որևէ պարագայում չի հաստատում տարածված այն թյուրընկալումը, որ ցուցակի յուրաքանչյուր երրորդ թեկնածուն պետք է կին լինի։ Կանայք կարող են եռյակում զբաղեցնել նաև առաջին և/կամ երկրորդ տեղերը։
Խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն 1/3-ը ներկայացնող թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների։ Օրինակ՝ 12 բնակավայրից կազմված Գավառ համայնքի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները պետք է թեկնածուներ ներգրավեն ամենաքիչը 4 բնակավայրերից՝ հետագայում ապահովելու ավելի համաչափ ՏԻՄ կառավարում։
Թեև ՏԻՄ ընտրություններում քվեարկության, հետևաբար նաև ընտրվելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, միևնույն ժամանակ, օրենսգիրքն արգելում է օտարերկրյա քաղաքացիների կողմից նախընտրական քարոզչությունն ու դրա ֆինանսավորումը։ Չնայած գործնականում խնդիրը հաճախ չի դրսևորվում, այս հակասությունն ունի օրենսդրական լուծման կարիք։
ՀՀ ընտրական օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող պակաս լինել համայնքի ավագանու անդամների մանդատների թվի 1/3-ից և գերազանցել մանդատների թվի եռապատիկը: Իսկ մանդատների թիվը կախված է համայնքի ընտրողների քանակից։
Ընտրողների քանակը | Ավագանու անդամների քանակը |
|---|---|
մինչև 1,000 | 5 |
1,001–2,000 | 7 |
2,001–4,000 | 9 |
4,001–10,000 | 15 |
10,001–25,000 | 21 |
25,001–70,000 | 27 |
70,001–300,000 | 33 |
300,000+ | 65 |
Ընտրակարգ
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով:
մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով: Սրանք հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված, չխոշորացված համայնքներն են։ Մեծամասնական ընտրակարգում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները կարող են առաջադրվել ինչպես կուսակցությունների կողմից, այնպես էլ ինքնաառաջադրման եղանակով։
4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Եթե ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող ուժերից մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50%-ից ավելին, ապա այդ ուժի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Հակառակ պարագայում համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից՝ բաց քվեարկության միջոցով:
Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և/կամ դրանց հոլովաձևեր (օրինակ՝ «Մազմանյան» դաշինք, «Հզոր Նոյեմբերյան» և այլն)։
Ի տարբերություն ԱԺ ընտրությունների, որտեղ գործում են 4/8/10 տոկոս անցողիկ շեմեր, ՏԻՄ ընտրություններում սահմանված է անցողիկ երկու շեմ՝ 4% կուսակցությունների և 6% դաշինքների համար։ Երեքից ավելի կուսակցությունների մասնակցության դեպքում օրենքը նախատեսում է առնվազն երեքի պարտադիր ներկայացվածություն ավագանու կազմում։ Տեղին կլինի քննարկել ընտրական շեմերի նվազեցումը՝ ապահովելով քաղաքական ավելի մեծ ներկայացվածություն և մասնակցայնություն ՏԻՄ կառավարմանը։
Նախընտրական ֆինանսներ
Եթե ԱԺ ընտրություններում կուսակցությունները և դաշինքները վճարում են համապատասխանաբար 7,5 մլն և 15 մլն ընտրական գրավ, ՏԻՄ ընտրությունների պարագայում գործում է հետևյալ սանդղակը՝
Մեծամասնական ընտրակարգ՝
Ընտրողների թիվը | Համայնքի ղեկավարի թեկնածու (ՀՀ դրամ) | Ավագանու անդամի թեկնածու (ՀՀ դրամ) |
|---|---|---|
մինչև 500 | 0 | 0 |
501–1,000 | 50,000 | 10,000 |
1,001–4,000 | 100,000 | 15,000 |
Համամասնական ընտրակարգ՝
Ընտրողների թիվը | Կուսակցության ընտրական գրավ (ՀՀ դրամ) |
|---|---|
մինչև 10,000 | 200,000 |
10,001–25,000 | 500,000 |
25,001–70,000 | 1,000,000 |
70,001–300,000 | 1,500,000 |
300,000-ից ավելի | 3,000,000 |
ՏԻՄ ընտրություններում ավելի քիչ են նաև նախընտրական հիմնադրամներից կատարվող ծախսերի թույլատրելի սահմանաչափերը։ 25,000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրություններում (բացառությամբ Երևան քաղաքի) նախընտրական քարոզարշավում ծախսերի թույլատրելի շեմը 60 մլն ՀՀ դրամն է, իսկ մինչև 25,000 ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում՝ 40 մլն ՀՀ դրամը։
Հարկ է նկատել նաև, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կուսակցություններին պետական ֆինանսավորում չի տրամադրվում, ինչպես դա արվում է ԱԺ ընտրություններում (ձայների 2%-ի ստացման դեպքում)։
Այլ կարգավորումներ
ՏԻՄ ընտրությունների կազմակերպման հիմնական ընթացակարգային պատասխանատուները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն են։ Հենց այս մակարդակում է տեղի ունենում օրինակ թեկնածուների գրանցումը, ֆինանսական հաշվետվողականությունն ու դիմում-բողոքների քննությունը։
Ինչպես ԱԺ ընտրությունների դեպքում, ՏԻՄ ընտրությունների դեպքում ևս նախընտրական ծրագրեր ունենալը ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է։
Մարզկենտրոն համայնքների ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է առնվազն ﬔկական նախընտրական բանավեճ, որոնք հեռարձակվում են ուղիղ եթերով։
Եթե կուսակցությունը մասնակցում է մեկից ավելի ՏԻՄ ընտրությունների, ապա բոլոր համայնքներում հանդես է գալիս միևնույն համարի ներքո։
ՏՒՄ ընտրություններում հիվանդանոցներում և ձերբակալված անձանց պահման վայրերում շրջիկ արկղով քվեարկություն չի կազմակերպվում։ Բնականաբար չեն քվեարկում նաև ծառայության մեջ գտնվող զինվորները, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձիք։
Խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում ընտրողները կարող են փոխել իրենց ընտրական տեղամասի հասցեն՝ համայնքի մի բնակավայրից մեկ այլ բնակավայր՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ դիմում ներկայացնելով անձնագրային բաժին։
Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն/դաշինքի մասնակցության դեպքում կիրառվում է նաև «դեմ եմ» բառերը պարունակող քվեաթերթիկ։
Ի տարբերություն ԱԺ ընտրություններին, ՏԻՄ ընտրություններում երկրորդ փուլի անցկացում նախատեսված չէ։
Մարիամ Հովեյան









