Գլխավոր Լրահոս

Ագարակի և Նուբարաշենի տեղամասերի քվեարկության արդյունքները չեղարկվեցին․ ինչ սպասել

Ագարակի և Նուբարաշենի տեղամասերի քվեարկության արդյունքները չեղարկվեցին․ ինչ սպասել

Հունիսի 11-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) անվավեր ճանաչեց Ագարակի 35/65 և Նուբարաշենի 10/51 տեղամասերի քվեարկության արդյունքները, ինչն ավելացրեց «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության՝ խորհրդարանում հայտնվելու շուրջ ստեղծված անորոշությունը։ Իսկ ինչ էր նախորդել ԿԸՀ այս որոշմանը։

Մինչև դեպքի ուսումնասիրությանն ու հնարավոր հետևանքներին անդրադառնալը, հարկ է նշել, որ Ընտրական օրենսգիրքը քվեարկությունից հետո մեկ շաբաթ ժամանակ է տրամադրում ընտրական դերակատարներին՝ վերստուգելու անճշտությունները, խնդրահարույց դեպքերը, ներկայացնելու վերահաշվարկի դիմումներ և բողոքներ։ Սա բնականոն գործընթաց է և հնարավորություն է տալիս ունենալ քվեարկության ավելի ճշգրիտ արդյունքներ։ Կարևոր է, որ այս գործընթացում պահպանվի օրինականությունը և քաղաքական չեզոքությունը։

Քվեարկության օրը հայտնի դարձավ, որ 20:00-ից հետո նշված երկու տեղամասերում շարունակվում էր զինվորների մուտքը և քվեարկությունը, այն դեպքում, երբ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է՝ 20:00-ին քվեարկության սենյակի դուռը պետք է փակվի, իսկ քվեարկության հնարավորություն պետք է տրվի միայն արդեն իսկ քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին։ Այս խնդրահարույց դեպքին անդրադարձան դիտորդները, լրագրողները, ընդդիմադիր քաղաքական ուժերը։

Քվեարկության հաջորդ օրը՝ հունիսի 8-ին, ԿԸՀ պաշտոնական հետընտրական ասուլիսում, ինչպես նաև Հ1-ի եթերում ունեցած հարցազրույցում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով դեպքերին, նշեց, որ զինվորների ուշացած քվեարկության մեջ խնդիր չկա, և որ զինվորները 20:00-ի դրությամբ արդեն եղել են են քվեարկության սենյակում։ Սակայն օրեր անց ԿԸՀ-ն, ուսումնասիրելով տեղամասերի տեսաձայնագրություններն ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) որոշումները,  այլ եզրակացություն կատարեց։

Կարևոր է նախ և առաջ նշել, որ քվեարկության օրվա ընթացքում տեղամասերում առկա գրանցամատյաններում կատարվում են առկա խախտումների մասին նշումներ, որոնք պետք է հետագայում ուսուսմնասիրվեն համապատասխան ԸԸՀ-ների կողմից, և գնահատվի դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։  Այս երկու դեպքերի մասով էլ տեղամասի գրանցամատյաններում կան համապատասխան արձանագրություններ։ 10/15 տեղամասի դեպքում զինվորների քվեարկության մասին գրառում են կատարել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների վստահված անձինք։ 35/65 տեղամասի դեպքում ևս առկա է նմանատիպ գրառում՝ առանց գրառողի  կարգավիճակի մասին նշման։ Թիվ 10 և թիվ 35 ԸԸՀ-ները, հունիսի 11-ին ուսումնասիրելով գրանցամատյանների այս գրառումները, դրանք խախտում չեն համարել և որոշմամբ արձանագրել են, որ դրանք չէին կարող ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Մինչդեռ նույն օրը ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի հոդված 48.1-ի համաձայն, սեփական նախաձեռնությամբ վերանայել է երկու ԸԸՀ-ների որոշումները և հանգել հակառակ եզրակացության, որի համար հիմք է եղել նաև տեղամասից քվեարկության օրն ուղիղ հեռարձակմամբ տեսանկարահանված նյութերի ուսումնասիրությունը։ 

ԿԸՀ-ն արձանագրել է, որ ԸԸՀ-ները չեն ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, չեն բացահայտել գործի բոլոր հանգամանքները։ Արդյունքում՝ ԿԸՀ-ն արձանագրել է, որ երկու ընտրական տեղամասերում քվեարկության ընթացքում տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա, և հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները։ Հետևաբար երկու տեղամասերի քվեարկության արդյունքները ԿԸՀ որոշմամբ անվավեր են ճանաչվել։

Ինչ է հետևում այս որոշմանը։ Ընտրական օրենսգրքի համաձայն, դեպքերի հետ կապված նյութերն ուղարկվում են դատախազություն, իսկ քվեարկության արդյունքները զրոյացվում են՝ համարվելով անճշտություն։ Սա ազդում է քաղաքական ուժերի ստացած տոկոսների վրա, քանի որ այդ տոկոսները հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

Հետևաբար, եթե անճշտությունների թիվը մեծանում է, իսկ կուսակցության ստացած ձայների քանակը՝ նվազում, կուսակցության ստացած տոկոսները ևս նվազում են։ 

Երկու տեղամասերում քվեարկության արդյունքները հետևյալն էին. 

Տեղամաս 10/51

Ընտրողների ընդհանուր թիվ՝ 1555 | Մասնակիցներ՝ 1287 | Անվավեր՝ 15

Կուսակցություն

Ձայն

Ռեֆորմիստների կուսակցություն

13

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն

27

Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք

222

Հայաստանի շնորհապետական կուսակցություն

17

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

37

«Միասնության թեվեր» կուսակցություն

9

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

131

«Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական կուսակցություն

9

«Քոչարի ազգային վերածնունդ եվ ազգի զարթոնք» կուսակցություն

5

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

3

«Հանրապետություն» կուսակցություն

16

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն

4

«ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

4

Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն

8

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

630

«Հայաստան» կուսակցությունների դաշինք

122

«Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք

7

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

8

Տեղամաս 35/65 

Ընտրողների ընդհանուր թիվ՝ 1681 | մասնակիցներ՝ 1315 | անվավեր՝ 15

Կուսակցություն

Ձայն

Ռեֆորմիստների կուսակցություն

9

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն

20

Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք

306

Հայաստանի շնորհապետական կուսակցություն

20

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

38

«Միասնության թեվեր» կուսակցություն

20

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

82

«Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական կուսակցություն

5

«Քոչարի ազգային վերածնունդ եվ ազգի զարթոնք» կուսակցություն

4

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

4

«Հանրապետություն» կուսակցություն

16

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն

3

«ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

5

Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն

10

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

593

«Հայաստան» կուսակցությունների դաշինք

148

«Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք

7

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

10

Հունիսի 8-ին քվեարկության արդյունքների նախնական ամփոփմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մի քանի տասնյակ ձայն էր պակասում՝ 4% շեմը հաղթահարելու և խորհրդարանում հայտնվելու համար։ Հունիսի 9-ից մեկնարկած վերահաշվարկի արդյունքում, ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տվյալների, կուսակցությունն արդեն իսկ վերականգնել էր պակասող ձայների անհրաժեշտ քանակից ավելին։ Սակայն երկու տեղամասերում արդյունքների անվավեր ճանաչման բերումով կուսակցության ձայները կրկին կարող են պակասել անհրաժեշտ 4%-ից։ 

Վերաքվեարկության հնարավորություն

ԿԸՀ-ն կոչ է անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը, որի ընթացքում կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.

3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը սահմանում է, որ եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ԿԸՀ-ն որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:

Եթե ԿԸՀ-ն որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո 7-րդ օրը: Այս դեպքում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:  Սա նշանակում է, որ ԱԺ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը կհետաձգվի ևս մի քանի շաբաթով։

Վերաքվեարկության դեպքում տվյալ տեղամասերում գործող հանձնաժողովի անդամների լիազրությունները դադարում են, նշանակվում են նոր անդամներ։ Կուսակցությունների վստահված անձինք, դիտորդները և լրագրողները, առանց կրկնակի հավատարմագրման, կարողանում եմ հետևել գործընթացին։

Եթե առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի ունենան այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ԿԸՀ-ն որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է Ազգային ժողովի ընտրությունների համընդհանուր վերաքվեարկություն: Հետևաբար, շատ կարևոր է, որ առանձին տեղամասերում կազմակերպվելիք վերաքվեարկությունն ընթանա բնականոն կերպով և առանց խախտումների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում