Կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներում. ինչպես հասնել իրական քաղաքական ազդեցության

Կանանց լիարժեք մասնակցությունը ժողովրդավարության որակի և ընտրական գործընթացների ներառականության առանցքային պայմաններից է։ Հայաստանում կանայք ընտրական գործընթացներում ակտիվորեն ներգրավված են որպես ընտրողներ, ընտրական հանձնաժողովների անդամներ, դիտորդներ և լրագրողներ, սակայն նրանց մասնակցությունը զգալիորեն նվազում է, երբ խոսքը վերաբերում է թեկնածու առաջադրվելուն և քաղաքական որոշումների վրա ազդեցությանը։ Այս անհամաչափությունը ցույց է տալիս, որ իրավական հավասարության և փաստացի քաղաքական հավասարության միջև դեռևս առկա է էական տարբերություն։
1. Կանայք՝ ընտրությունների կազմակերպման, վերահսկողության և լուսաբանման գործընթացներում
Ժողովրդավարությունը չի կարող լիարժեք լինել առանց հասարակության տարբեր խմբերի արդյունավետ մասնակցության, այդ թվում՝ կանանց։ Ընտրական սկզբունքներից «հավասարության» սկզբունքը վերաբերում է ոչ միայն ձայնի իրավունքի հավասարությանը, այլև քաղաքական գործընթացներում կանանց և տղամարդկանց համաչափ ներկայացվածությանը։ Հայաստանյան ընտրական գործընթացներում այս երկու մակարդակների միջև առկա է խզում։ Կանայք մեծ թվով մասնակցում են ընտրությունների կազմակերպման և վերահսկման աշխատանքներին, սակայն նրանց ներգրավվածությունը չի վերածվում քաղաքական ներկայացվածության համարժեք մակարդակի։
2026 թվականի ԱԺ ընտրությունների քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատել է 15,915 քաղաքացի, որոնց շուրջ 70%-ը կանայք էին։ Միաժամանակ հանձնաժողովների նախագահների միայն 50%-ն էր կին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայիս յոթ անդամներից չորսը կանայք են։

Նույն պատկերը դիտվում է ընտրությունների վերահսկողության և լուսաբանման ոլորտում։ 2026թ․ ընտրություններում դիտորդների 65%-ը և լրագրողների 52%-ը կանայք են եղել։ Հատկապես երիտասարդ կանայք ակտիվորեն ներգրավված են ընտրությունների օրինականության վերահսկման և խախտումների արձանագրման գործում։
Այս պատկերը կարևոր հակադրություն է ստեղծում․ կանայք ընտրական գործընթացի կազմակերպման և վերահսկման մեջ բարձր ներգրավվածություն ունեն, բայց նույն մակարդակով ներկայացված չեն քաղաքական որոշումների կայացման դիրքերում։
2. Կանայք՝ որպես ընտրողներ
Ընտրողների ցուցակներում կանայք կազմում են 53.82%, իսկ տղամարդիկ՝ 46.18%։ Կանանց բաժինը բոլոր մարզերում և Երևանում, բացառությամբ Վայոց ձորի, գերազանցում է 50%-ը։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 57.17%, ամենացածրը՝ Վայոց ձորում՝ 49.80% ։
Կանանց մասնակցությունը քվեարկությանը նույնպես բարձր է․ հանրապետության մակարդակով ընտրողների ցուցակներում ընդգրկված կանանց 58.48%-ը մասնակցել է քվեարկությանը։ Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում՝ 63.78%, Տավուշում՝ 62.88%, և Վայոց ձորում՝ 62.83%։ Լոռիում, Շիրակում և Տավուշում կանանց մասնակցության ակտիվությունն ավելի բարձր է եղել, քան տղամարդկանցը, մինչդեռ մյուս մարզերում և Երևանում տղամարդկանց մասնակցությունն ավելի բարձր է եղել։
Այսպիսով, կանանց ցածր քաղաքական ներկայացվածությունը չի կարող բացատրվել ընտրական գործընթացների նկատմամբ նվազ հետաքրքրության կամ քվեարկության ցածր մասնակցության ընդհանուր միտումներով։

3. Կանայք՝ որպես թեկնածուներ և ընտրված ներկայացուցիչներ
ՀՀ Ընտրական օրենսգիրքը ԱԺ և ՏԻՄ ընտրությունների համար սահմանում է, որ մասնակից ուժերի ընտրական ցուցակի յուրաքանչյուր հաջորդող եռյակում որևէ սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70%-ը։ Գործնականում սա ապահովում է կանանց առնվազն 30% ներկայացվածություն ցուցակներում։ 2026 թվականի ԱԺ ընտրություններում գրանցված 1,942 թեկնածուներից 726-ը կանայք էին՝ 37.4%։ Այսինքն, մասնակից քաղաքական ուժերը պահպանել են օրենքի նվազագույն պահանջը, ավելին՝ ընդհանուր առմամբ, ցուցակներում կանանց ներգրավվածությունը գերազանցել է 30%-ը։
Միաժամանակ ցուցակների միջև տարբերությունները զգալի են։ Կանանց ամենաբարձր մասնաբաժինը արձանագրվել է «Ռեֆորմիստների կուսակցության» (45.8%), «Լուսավոր Հայաստան» կուսակցության (45.5%) և «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» (42.7%) ցուցակներում։ Մյուս կողմից՝ «Բոլորն ընդդեմ են» (30.0%), «Հայ Ազգային Կոնգրես» (32.3%) և «Հայաստան» դաշինք (34.1%) ցուցանիշները մոտ են օրենքով սահմանված նվազագույն շեմին։
Հարկ է ընդգծել, որ օրենսդրական պահանջը նաև հաճախ սխալ է ընկալվում։ Կա խիստ տարածված թյուրընկալում, որ ցուցակի յուրաքանչյուր եռյակում կին թեկնածուն պարտադիր պետք է լինի երրորդ համարի ներքո։ Իրականում, օրենքը նման պահանջ չի սահմանում։ Սակայն մասնակից կուսակցությունների ցուցակների վերլուծությունը ցույց է տալիս, որ ճնշող մեծամասնությունը առաջնորդվել է հենց «ամեն երրորդ թեկնածուն՝ կին» տրամաբանությամբ` կնոջը մղելով յուրաքանչյուր եռյակի հնարավոր ամենացածր հորիզոնականը։ Անկախ այն հանգամանքից՝ սա անտեղյակության հետևանք է, թե մինիմալ ֆորմալ համապատասխանություն ապահովելու փորձ՝ կուսակցությունների կողմից այս մոտեցման հետևողական վերարտադրումը կանանց տեղավորում է ցուցակների համեմատաբար թույլ դիրքերում։ Կանայք ավելի քիչ են մասնակցում համապետական նախընտրական բանավեճերին, ավելի քիչ են ներկայացված նախընտրական քարոզչանյութերում։ Հետևաբար, թեկնածուների ընդհանուր քանակի ավելացումը ինքնին բավարար չէ․ կարևոր է նաև ցուցակի կառուցվածքը և կին թեկնածուների ակտիվ ներկայացվածության խրախուսումը։
Հաջորդ՝ մանդատների բաշխման փուլում, գործող մեխանիզմը նախատեսում է, որ եթե կուսակցության մանդատների ավելի քան 70%-ը բաժին է ընկնում մեկ սեռի, ավելցուկային մանդատները փոխանցվում են պակաս ներկայացված սեռի թեկնածուներին՝ առնվազն 30% ներկայացվածություն ապահովելու նպատակով։ Արդյունքում իններորդ գումարման ԱԺ-ում կանանց ներկայացվածությունը շուրջ 37% է։ Սակայն ՏԻՄ մակարդակում արձանագրվել են ընտրված կին ավագանու անդամների ինքնաբացարկների և հրաժարումների բազմաթիվ դեպքեր, որոնց հետևանքով որոշ համայնքներում կանայք զգալի կերպով դուրս են մնացել ավագանու կազմերից։ Օրինակ՝ Ապարան համայնքում բոլոր կին ավագանու անդամները «զիջել են» իրենց մանդատները տղամարդ գործընկերներին, և գործող՝ 21 անդամներից կազմված ավագանին ամբողջությամբ բաղկացած է տղամարդկանցից։ Ոչ վաղ անցյալում տեղից ունեցած փոփոխություններով ՏԻՄ մակարդակում ևս նախատեսվեց, որ համապատասխան սեռի թեկնածուների բացակայության դեպքում մանդատը մնում է թափուր՝ կանխելու համար սեռային անհավասարակշռության վերարտադրությունը։ Նաև քրեական պատասխանատվություն սահմանվեց անձին մանդատից հրաժարվելուն հարկադրելու համար։
4. Հնարավոր պատճառները
Կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման կարևոր կառուցվածքային խոչընդոտներից մեկը չվճարվող տնային և խնամքի աշխատանքի անհամաչափ բեռն է։ Հայաստանի National Time Transfer Accounts (NTTA) 2023 տվյալներով՝ կանայք միջինում շաբաթական 24.1 ժամ են տրամադրում չվճարվող տնային և խնամքի աշխատանքին, մինչդեռ տղամարդիկ՝ 6.3 ժամ՝ շուրջ չորս անգամ պակաս։ Այս տարբերությունը հատկապես ընդգծված է կյանքի 28–35 տարեկան հատվածում, երբ կանանց կողմից չվճարվող աշխատանքի ծավալը հասնում է շաբաթական մոտ 37–40 ժամի։ Միևնույն ժամանակ, սա այն շրջանն է, երբ սովորաբար ձևավորվում և ամրապնդվում են մասնագիտական, հանրային և քաղաքական կապերն ու ձեռքբերումները։ Հետևաբար, չվճարվող խնամքի աշխատանքի անհամաչափ բեռը կարող է սահմանափակել կանանց հասանելի ժամանակը և ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են մասնագիտական զարգացման, հանրային գործունեության, քաղաքական ցանցերի ձևավորման և երկարաժամկետ քաղաքական կարիերայի համար։
Ժամանակային այս սահմանափակմանը միանում են՝
կին առաջնորդների նկատմամբ հասարակական և ընտանեկան կարծրատիպերը,
քաղաքական և ընտրական միջավայրում թիրախավորման ռիսկերը,
կուսակցությունների ներսում որոշումների կայացման ոչ թափանցիկ մեխանիզմները և այլն։
Այս գործոնները կարող են սահմանափակել քաղաքական կարիերայի համար անհրաժեշտ ռեսուրսների՝ ֆինանսների, քաղաքական և համայնքային ցանցերի հասանելիության, հանրային տեսանելիության հավասար հնարավորությունները։ Արդյունքում ձևավորվում է հակասական պատկեր․ ընտրությունների կազմակերպման, դիտարկման և լուսաբանման աշխատանքները հաճախ ընկալվում են որպես կանանց համար ընդունելի և հասանելի դերեր, մինչդեռ քաղաքական իշխանության համար մրցակցությունը, երկարաժամկետ քաղաքական ներգրավվածությունն ու քաղաքական որոշումների վրա ազդեցությունը՝ որպես պակաս ընդունելի և հասանելի գործունեություն։
5. Առաջարկներ
Կանանց քաղաքական մասնակցության կայուն աճը պահանջում է համակարգային մոտեցում։ Իրական քաղաքական ազդեցության հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել կառուցվածքային և սոցիալական խոչընդոտները՝ չվճարվող տնային և խնամքի աշխատանքի անհամաչափ բեռը, կին թեկնածուների և առաջնորդների վերաբերյալ կարծրատիպերը, ընտրական գործընթացներում հնարավոր թիրախավորումը և կուսակցությունների ներքին ժողովրդավարության բացերը։ Խնդիրը պետք է ձևակերպել ոչ թե որպես՝ «կանայք չեն ցանկանում մասնակցել ընտրություններին», այլ՝ «արդյո՞ք կանայք ունեն ընտրական գործընթացում իրենց մասնակցությունը քաղաքական ազդեցության վերածելու հավասար հնարավորություններ»։ Օգտակար կարող են լինել հետևյալ քայլերը՝
1) Քննարկել կանանց ներկայացվածության քվոտայի աստիճանական բարձրացումը թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ մակարդակներում, ընդ որում՝ ոչ միայն ընդհանուր 30%-ի բարձրացումը, այլև ցուցակների անցողիկ հատվածներում կանանց ավելի հավասարակշռված տեղաբաշխման մեխանիզմների ներդրումը։
2) Ուժեղացնել կուսակցությունների ֆինանսական խթանները։ Գործող օրենսդրությունը կուսակցությունների պետական նպատակային ֆինանսավորումը կապում է ղեկավար մարմիններում սեռերի ներկայացվածության հետ․ կանանց 40%-ից ավելի ներկայացվածության դեպքում տրամադրվում է ֆինանսավորման կեսը, 20–40% դեպքում՝ մեկ քառորդը, իսկ 20%-ից ցածր լինելու դեպքում համապատասխան ֆինանսավորման մասը չի տրամադրվում։ Անհրաժեշտ է հետևողականորեն կիրառել և ընդլայնել այս մեխանիզմը՝ ֆինանսական խթանը կապելով նաև հնարավոր այլ, օրինակ՝ ընտրական ցուցակներում կանանց փաստացի դիրքի, ընտրվելու և մանդատը պահպանելու ցուցանիշների հետ։
3) Ֆինանսական խթանները կարող են վերաբերել նաև ընտրական գրավին, որը կարող է պակաս լինել այն կուսակցությունների համար, որոնցում առավել մեծ թվով կին թեկնածուներ են ներկայացված։
4) Նվազեցնել ժամանակային և խնամքի բեռը։ Կանանց քաղաքական մասնակցության խթանումը չի կարող սահմանափակվել միայն ընտրական օրենսդրությամբ։ Պետք է ապահովել մատչելի մանկապարտեզների և խնամքի ծառայությունների հասանելիությունը, քաղաքական և հանրային միջոցառումների ժամանակացույցերը դարձնել ավելի ներառական և կուսակցությունների ներսում ստեղծել գործնական պայմաններ, որոնք հաշվի են առնում խնամքի պարտականությունները։
5) Անհրաժեշտ է հանրային հաղորդակցության և քաղաքական/քաղաքացիական կրթության միջոցով շարունակաբար փոխել այն ընկալումը, թե կանայք առավել հարմար են ընտրությունների տեխնիկական կամ վերահսկողական աշխատանքների, բայց ոչ քաղաքական առաջնորդության համար։ Միաժամանակ պետք է բարձրացնել առցանց թիրախավորման և կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի կանխարգելման կարողությունները, այդ թվում՝ կուսակցությունների ներքին էթիկական կանոնագրքերի մշակման միջոցով։
Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի կողմից։
Մարիամ Հովեյան










