Գլխավոր Լրահոս

Լռության օրը և համացանցի աղմուկը

Լռության օրը և համացանցի աղմուկը

Լռության օրն ավանդաբար դիտարկվում է որպես կարևոր և անհրաժեշտ փուլ՝ բուռն քարոզարշավից հետո, որը նպատակ ունի նվազեցնել հասարակական ու քաղաքական լարվածությունը, ինչպես նաև կանխարգելել հնարավոր հակամարտությունները քվեարկության օրը։ Լռության օրը խոսքի ազատության օրինական սահմանափակում է, որի միջոցով ընտրողներին տրվում է անհրաժեշտ ռեֆլեքսիայի հնարավորություն։ Սակայն սոցցանցերի անվերահսկելիությունը և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումը լուրջ մարտահրավեր է նետում դրա գործնական կիրառելիությանը՝ բաց պահելով թվային դարում լռության օրվա իրական դերի ու նշանակության հարցը։

ՀՀ օրենսդրությունը

ՀՀ օրենսդրությունը քվեարկության և դրան նախորդող օրվա համար սահմանափակումներ և տուգանքներ է նախատեսում երկու դեպքերում՝ քարոզչության իրականացման  և սոցիոլոգիական հարցումների տարածման համար։

  1. Քարոզչության իրականացման արգելք

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը արգելում է քարոզչությունը քվեարկության և դրան նախորդող օրը և փաստացի սահմանում «լռության օրվա» կանոնները։ Մասնավորապես՝ արգելվում է քարոզչությունը  հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով։ 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդված 40․1-ը սահմանում է՝ քվեարկությանը և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը առաջացնում է վարչական տուգանք՝ 400.000-600.000 դրամի չափով։ Իսկ տպագիր մամուլի, կաբելային ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ 500.000 -700.000 դրամի չափով։ 

Հարկ է նշել, որ ընտրական օրենսգրքի տեսանկյունից՝ նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի, կուսակցության կամ դաշինքի օգտին։ 

  1. Սոցիոլոգիական հարցումների տարածման արգելք

Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածն արգելում է ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործությունները և սահմանափակում սոցիոլոգիական հարցումների տարածումը։ Մասնավորապես, արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը: 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի Հոդված 40․9-ը սահմանում է համապատասխան պատիժը՝ քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև ժամը 20.00-ն, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային ցանցով, արբանյակային կապով կամ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով, ինչպես նաև համացանցի միջոցով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների վերաբերյալ սոցիոլոգիական կամ լրագրողական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում հրապարակումն իրականացրած ֆիզիկական անձի կամ կազմակերպության նկատմամբ՝  800.000 դրամի չափով։

Այդուհանդերձ, նշված տուգանքների կիրառման դեպքերն անհայտ են, կամ գուցե այնքան հազվադեպ, որ դրանց մասին տեղեկություններն հանրային տիրույթում բացակայում են, տալով կարգավորումներին ավելի շուտ խորհրանշական, քան գործնական բնույթ։

Միջազգային պրակտիկան

Եվրամիության 27 երկրներից 9-ում չի գործում որևէ սահմանափակում թեկնածուների խոսքի կամ սոցիոլոգիական հարցումների տարածման վերաբերյալ (Ավստրիա, Բելգիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Լիտվա, Նիդերլանդներ և Շվեդիա)։ Լռության օր գոյություն չունի նաև ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։ 

Սկանդինավյան երկրներում, չնայած քարոզչության ֆորմալ մորատորիում չկա, այդուհանդերձ լռության օրը հարգվում է՝ ընտրական մշակույթի բազմամյա ավանդույթների համաձայն։

Եվրամիության մնացած 18 երկրներում տարբեր են արգելված բովանդակության շրջանակը, ներգրավված սուբյեկտների ցանկը կամ «լռության շրջանի» տևողությունը։ Մեծ մասի դեպքում, այդ տևողությունը 24-48 ժամն է։Ամենախիստ սահմանափակումները գործում են Իտալիայում, Պորտուգալիայում, Սլովակիայում և Իսպանիայում, որտեղ լռության օրն ավելի երկար է տևում։

Հետաքրքրական է, որ երկների մի մասում ավելի խիստ սահմանափակումներ են նախատեսված ոչ թե քարոզչական միջոցառումների, այլ սոցիոլոգիական հարցումների տարածման համար՝ պայմանավորված դրանց հոգեբանական ազդեցության ուժով։ Հարցումների արդյունքները գործում են որպես «սոցիալական ապացույց»՝ ազդելով ընտրողի վրա անգիտակցական մակարդակում, ակտիվացնելով կոնֆորմիզմի և «հաղթողի հետ լինելու» հոգեբանությունը (bandwagon effect)։ Դրանք նաև ազդեցիկ են հակառակ՝ «փոշիացած ձայնի» վախի ազդեցությամբ, որը հիմնականում վնասում է փոքր ուժերին, նվազեցնում նրանց էլեկտորատի մասնակցությունը։ Այս պատճառով որոշ երկրներ սահմանափակում են հարցումների հրապարակումը հատկապես ընտրություններին մոտ օրերին՝ փորձելով նվազեցնել զանգվածային վարքագծի այս օրինաչափությունները։

Այսպես, Իտալիայում օրենքը արգելում է ընտրություններից արդեն երկու շաբաթ առաջ սոցիոլոգիական հարցումների արդյունքների հրապարակումը։ Կիպրոսում յոթօրյա լռության շրջանի պատճառով արգելվում է հարցումների հրապարակումը։ Լյուքսեմբուրգում և Իսրայելում այդ ժամկետը հինգ օր է։

Երբեմն քաղաքական մրցակիցները վիճարկում են նման սահմանափակումների սահմանադրականությունը, ինչպես օրինակ Հունգարիայում, որտեղ հարցումների հրապարակման արգելքը համարվեց հակասահմանադրական, բայց լռության օրը մնաց ուժի մեջ։

Հարկ է նշել նաև, որ որոշ երկրներում, որտեղ սահմանված է լռության օր,  ընտրողների համար գոյություն ունի նաև “վաղ քվեարկության” հնարավորություն, որը զուգահեռ է ընթանում քարոզարշավի ամենաթեժ փուլի հետ և փաստորեն իմաստազրկում լռության օրվա կանոնը։

Լռության օրվա ակտուալությունը

Լռության օրվա միջոցով ընտրողներին տրվում է մտորումների, քարոզարշավի շրջանում ստացված ուղերձներն ու ինֆորմացիան վերլուծելու և հետևություններ կատարելու հնարավորություն՝ առանց կողմնակի ազդեցությունների, հանդարտ ինֆորմացիոն միջավայրում։ 

Հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների մի մասը նախապես արդեն կողմնորոշված է՝ ում է ընտրելու։ Սակայն ընտրողների մի ստվար հատված չունի նախընտրելի քաղաքական ուժ և շատ հավանական է, որ կկողմնորոշվի վերջին պահին։ 

Կայացած ժողովրդավարություն և ընտրական մշակույթ ունեցող երկրներում վերջին պահին կողմնորոշվող ընտրողների տոկոսն ավելի փոքր է, բայց որոշ դեպքերում կարող է հասնել մինչև 43 տոկոսի։ Օրինակ, 2019թ․ իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ քարոզարշավի վերջին օրերին կամ հենց ընտրության օրը կողմնորոշված ընտրողների թիվը Նիդեռլանդներում կազմել է շուրջ 43%, Շվեդիայում՝ 33%, Ֆինլանդիայում, Դանիայում և Ֆրանսիայում՝ մոտ 30%։ Սա հատկապես վերաբերելի է երիտասարդ կամ առաջին անգամ ընտրողներին, ովքեր դեռ չունեն կայացած ընտրական վարքագիծ ու սովորույթներ։

Տարբեր հարցումներով՝ ՀՀ-ում չկողմնորոշված ընտրողների թիվն ԱԺ ընտրություններոււմ ևս զգալի է՝ մինչև 25%, և կարող է որոշիչ լինել արդյունքների տեսանկյունից։

Ուշ կողմնորոշվող ընտրողները ամենախոցելին են լռության օրվա խախտումների հանդեպ։ Նրանք կարող են հիմնվել վերջին պահին արվող սկանդալային բացահայտումների,  մանիպուլյացիաների վրա, կատարել իմպուլսիվ որոշումներ։ Այս ռիսկը հատկապես ակտուալ է դառնում այս ընտրություններում սոցիալական մեդիայում տարածվող ապատեղեկատվության մեծ ծավալների, ակտիվ արտաքին միջամտությունների ֆոնին։

Լռության օրվա գաղափարը ստեղծվել է նախաթվային դարաշրջանում։ Նույնիսկ եթե ավանդական մեդիան և թեկնածուներն անձամբ ենթարկվեն լռության օրվա սահմանափակումներին, քարոզչությունն ու հակաքարոզչությունը փաստացի կարող են շարունակվել համացանցում, որը ներկայում քաղաքական ինֆորմացիայի ստացման գլխավոր աղբյուրն է։ Նոր բացահայտումներն ու ապատեղեկատվությունը լռության օրվա ընթացքում հրապարակվում ու տարածվում են անանուն կամ այլ երկրներում գործող աղբյուներից՝ լինելով բացարձակ անվերահսկելի և լռության ֆոնին դառնալով ավելի ազդեցիկ։ 

Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ առկա է քաղաքական ազդեցություն՝ առանց հակազդելու և «պաշտպանվելու» հնարավորության։ Լռության օրենքը, փորձելով պաշտպանել ընտրողին, երբեմն նրան կարող է դարձնել ավելի խոցելի։

Տեղական օրենսդրությունը չունի իրական լծակներ ստիպելու միջազգային թվային հսկաներին՝ սոցիալական հարթակներին, արգելափակել կոնկրետ աշխարհագրական տարածքում քաղաքական գովազդը կամ ալգորիթմների աշխատանքը լռության օրվա ընթացքում։ Օրենքը կարող է տուգանել տեղական լրատվամիջոցին, բայց միևնույն ժամանակ Մետայի վճարովի գովազդները կշարունակեն շրջանառվել։

Լռության օրվա սահմանափակումները ռիսկ ունեն նաև անհամաչափ առավելություն տալու տվյալ պահին գործող իշխանություններին, քանի որ վերջիններս կարող են շարունակել ներկայացվածությունը և հանրային հաղորդակցությունը մեդիայում՝ պաշտոնական գործառույթների լուսաբանման պատրվակով կամ շարունակելով իրավապահ համակարգի բացահայտումները ընդդիմադիր ուժերի նկատմամբ։

Այս առումով հետաքրքիր է Ֆրանսիայի օրինակը, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվում է հանրային հաղորդակցությունը ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ (որոշ բացառություններով)։

Ամփոփելով՝ թվային դարաշրջանում լռության օրն ավելի շատ խորհրդանշում է ընտրությունների լրջությունը և կարևոր ծիսականություն հաղորդում դրանց։ Սակայն սոցցանցերի անվերահսկելիությունը և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումը լուրջ մարտահրավեր է նետում դրա գործնական կիրառելիությանը՝ բաց պահելով թվային դարում լռության օրվա իրական դերի ու նշանակության հարցը։

Մարիամ Հովեյան

Ընտրական գործընթացների փորձագետ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում