Հայաստանի մի շարք համայնքներում ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական և այլ վարութային գործողություններ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից հաստատել են, որ կան ձերբակալված անձինք։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հոկտեմբերի 24-ի առավոտյան Արթիկ համայնքում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և նրա մի շարք թիմակիցներ։ Այս մասին հայտնել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանն էլ «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ իրենց թիմակիցներից ևս կան բերման ենթարկվածներ, որոնք այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում են։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Արթիկում ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանի, «Ազատ դեմոկրատները»՝ Մխիթար Վարագյանի, «Ապրելու երկիրը»՝ Արթուր Աստոյանի և «Հայրենիք» կուսակցությունը՝ Լևոն Վահրադյանի գլխավորությամբ։
Ընտրություններից օրեր առաջ ձերբակալություններ են իրականացվել նաև Ստեփանավանում։ Հոկտեմբերի 21-ին ընտրակաշառքի գործով ձերբակալվել էր 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Վերջինս կալանավորվել է երկու ամսով։
Հոկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նույն քրեական վարույթի շրջանակում ևս 10 անձ է ձերբակալվել։ Ընդհանուր 24 անձի մեղադրանք է ներկայացվել ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ընտրակաշառք ստանալու համար։











