Գլխավոր Լրահոս

Կարո՞ղ է ԵԱՏՄ-ն կասեցնել Հայաստանի անդամակցությունը. ինչ է ասում միջազգային իրավունքը

Կարո՞ղ է ԵԱՏՄ-ն կասեցնել Հայաստանի անդամակցությունը. ինչ է ասում միջազգային իրավունքը

Վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ իրեն հայտնի չէ ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս պնդում է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու իրավունք չունի։

Այս քննարկումների ֆոնին հոկտեմբերի 20-ին ԵԱՏՄ անդամ չորս պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, հրապարակել են զեկույց, որում դիտարկվում է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման պատճառով նրա նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է ԵԱՏՄ իրավական փաստաթղթերը և նոր զեկույցում ներկայացված հիմնավորումները։

Ի՞նչ է ասում ԵԱՏՄ պայմանագիրը

ԵԱՏՄ չորս անդամ պետությունների հրապարակած զեկույցի հեղինակների պնդմամբ՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Հայաստանի քայլերը հակասում են ԵԱՏՄ հիմնադիր պայմանագրի 3-րդ հոդվածին, որով անդամ պետությունները պարտավորվում են ձեռնպահ մնալ Միության նպատակների իրականացմանը վտանգող գործողություններից։ Նրանց գնահատմամբ՝ ԵՄ կանոններին Հայաստանի մոտարկումը կարող է խաթարել ԵԱՏՄ միասնական շուկայի գործունեությունը և վտանգել մյուս անդամ պետությունների տնտեսական շահերը։

Միաժամանակ զեկույցում ընդունվում է, որ Միության հիմնադիր պայմանագիրը չի նախատեսում որևէ անդամ պետության նկատմամբ պայմանագրի գործողությունը մյուս անդամների նախաձեռնությամբ կասեցնելու մեխանիզմ։

ԵԱՏՄ-ից դուրս գալու կարգը սահմանված է երկու փաստաթղթով՝ 2014 թվականի հիմնադիր պայմանագրով և Բարձրագույն խորհրդի 2015-ի որոշմամբ, որը մանրամասնում է անդամակցության դադարեցման ընթացակարգը։

Երկու փաստաթղթերում էլ խոսքը պետության՝ սեփական նախաձեռնությամբ կազմակերպությունից դուրս գալու մասին է։ Դրա համար անհրաժեշտ է 12 ամիս առաջ պաշտոնապես ծանուցել դուրս գալու մտադրության մասին և կարգավորել անդամակցության ընթացքում առաջացած ֆինանսական պարտավորությունները։

Սակայն այս փաստաթղթերից ոչ մեկը չի նախատեսում, թե ինչպես կարող են մյուս անդամ պետությունները կասեցնել որևէ երկրի անդամակցությունը կամ նրան հեռացնել կազմակերպությունից։

Էկրանապատկերում՝ ԵԱՏՄ պայմանագրի 118-րդ հոդվածից
Էկրանապատկերում՝ ԵԱՏՄ պայմանագրի 118-րդ հոդվածից

Այս պայմաններում զեկույցի հեղինակները Հայաստանի նկատմամբ պայմանագրի գործողության ժամանակավոր կասեցման հնարավորությունը հիմնավորում են միջազգային իրավունքով՝ հղում անելով Վիեննայի 1969 թվականի կոնվենցիային։

Ի՞նչ է նախատեսում Վիեննայի կոնվենցիան

Թեև զեկույցում կոնկրետ հոդված չի նշվում, Վիեննայի կոնվենցիայի 60-րդ հոդվածն անդրադառնում է միջազգային պայմանագրի էական խախտման դեպքում դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հնարավորությանը։ Հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե բազմակողմ պայմանագրի մասնակից պետությունը թույլ է տալիս «էական խախտում» (material breach), մյուս մասնակիցները միաձայն համաձայնությամբ կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել կամ դադարեցնել պայմանագրի գործողությունը խախտում թույլ տված պետության հետ հարաբերություններում։

Նույն հոդվածի համաձայն՝ պայմանագրի «էական խախտում» է համարվում կոնվենցիայով չթույլատրված՝ պայմանագրից հրաժարումը կամ պայմանագրի առարկայի և նպատակի իրականացման համար էական նշանակություն ունեցող դրույթի խախտումը։

Սակայն, այս մասով անհրաժեշտ է հաշվի առնել մեկ այլ դրույթ ևս. կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է, որ դրա դրույթները կիրառվում են ինչպես միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթի, այնպես էլ ընդունված ցանկացած պայմանագրի նկատմամբ՝ առանց վնասելու տվյալ կազմակերպության համապատասխան կանոնները։Բացի այդ, 60-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ է հիմնավորել պայմանագրի էական խախտման առկայությունը։

Ինչո՞վ է ԵԱՏՄ-ն հիմնավորում Հայաստանի կողմից պայմանագրի խախտումը

Զեկույցի հեղինակները պնդում են, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը վտանգում է ԵԱՏՄ նպատակների իրականացումը։ Հատկանշական է, որ այս օրենքն ընդունվել է դեռ 2025-ի մարտին։ Նրանց գնահատմամբ՝ օրենքի ընդունումը և ԵՄ կանոններին Հայաստանի հետագա մոտարկումը կարող են հանգեցնել ԵԱՏՄ հիմնադիր պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման։

Անդրադարձ է կատարվում նաև 2026-ի հոկտեմբերի 7-ին ընդունված՝ հայկական ապրանքների համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանող ԵՄ 2026/2269 կանոնակարգին։ Արտոնություններից օգտվելու պայմաններից մեկն այն է, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա ԵՄ-ի հետ առևտրում նոր մաքսատուրքեր կամ համարժեք սահմանափակումներ սահմանելուց և գործող տուրքերը բարձրացնելուց։ Փաստաթղթում նշվում է, որ սա ուղղակիորեն հակասում է ԵԱՏՄ միասնական մաքսային քաղաքականությանը, քանի որ մաքսատուրքեր սահմանելու լիազորությունը պատկանում է ԵԱՏՄ վերազգային մարմնին (ԵՏՀ)։

Զեկույցում մատնանշվում են նաև ԵՄ և ԵԱՏՄ տեխնիկական ու սանիտարական պահանջների տարբերությունները։ Հեղինակների պնդմամբ՝ եվրոպական չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման հետևանքով որոշ ապրանքներ կարող են չբավարարել ԵԱՏՄ պահանջները։ Այդ դեպքում, ըստ նրանց, մյուս անդամ պետությունները ստիպված կլինեն լրացուցիչ ստուգել Հայաստանից եկող ապրանքները, ինչը կխաթարի ԵԱՏՄ միասնական շուկայում ապրանքների ազատ տեղաշարժը։

Ավելին, զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում, որ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի նպատակը կարող է ազդել ԵԱՏՄ մարմիններում որոշումների ընդունման վրա։ Քանի որ մի շարք որոշումներ ընդունվում են կոնսենսուսով, նրանց գնահատմամբ՝ Հայաստանը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ հետագա ինտեգրման գործընթացին։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն Հայաստանի համար առևտրային արտոնություններ սահմանեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2026 թվականի մայիս-հունիս ամիսներին սահմանափակեց հայկական ապրանքների ներմուծումն ու տարանցումը։ Սեպտեմբերի 24-ին ԵՄ խորհուրդը հաստատեց համապատասխան կանոնակարգը, որով երկու տարով վերացվում են ԵՄ արտահանվող հայկական ապրանքների շուրջ 80%-ի մաքսատուրքերը։

Այսպիսով, ԵԱՏՄ հիմնադիր պայմանագիրը չի նախատեսում անդամ պետության նկատմամբ պայմանագրի գործողությունը մյուս անդամների նախաձեռնությամբ կասեցնելու ընթացակարգ։ Զեկույցի հեղինակներն այդ հնարավորությունը հիմնավորում են միջազգային իրավունքով՝ հղում անելով Վիեննայի կոնվենցիային։

Կոնվենցիայի 60-րդ հոդվածը թույլ է տալիս կասեցնել պայմանագրի գործողությունը էական խախտման դեպքում, սակայն դրա համար անհրաժեշտ է հիմնավորել նման խախտման առկայությունը։ Բացի այդ, կոնվենցիայի 5-րդ հոդվածը պահանջում է հաշվի առնել նաև միջազգային կազմակերպության համապատասխան կանոնները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում