Ռուսաստանը հունիսի 12-ից ամբողջությամբ արգելափակում է Հայաստանից բուսական ծագման բոլոր ապրանքների ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ: Այս մասին հայտնում են «Ռոսսելխոզնադզոր»-ից։
«Ռոսսելխոզնադզորը» կոշտ գնահատական է տվել Հայաստանի պատկան կառույցներին՝ հայտարարելով, որ այլևս չի վստահում հայկական բուսասանիտարական հավաստագրման համակարգին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի լիազոր մարմնի ոչ բավարար վերահսկողությունն ու անարդյունավետ աշխատանքն ուղղակիորեն վտանգի տակ են դնում Ռուսաստանի և ողջ ԵԱՏՄ-ի գյուղատնտեսական անվտանգությունը:
Ամբողջական արգելքի համար որոշիչ են դարձել հունիսին արձանագրված երեք դեպքերը, երբ Հայաստանից արտահանված ընկույզի, չորացրած դեղձի և լոլիկի խմբաքանակներում հայտնաբերվել է խիստ վտանգավոր կարանտինային վնասատու՝ կապրա բզեզ։ Ռուսական կողմը շեշտում է, որ դեռ մայիսից պարբերաբար զգուշացրել է Հայաստանին արձանագրվող խախտումների մասին և փուլ առ փուլ սահմանափակել առանձին ապրանքների մուտքը, սակայն վարակված մթերքի մատակարարումը շարունակվել է։
Որպես տեղեկանք հավելվում է, որ կապրա բզեզը Ռուսաստանում չհանդիպող, բայց պաշարների համար չափազանց վտանգավոր վնասատու է, որը կարող է ոչնչացնել պահեստավորված հացահատիկի և այլ մթերքների մինչև 70 տոկոսը: Դրա տարածումը Ռուսաստանի համար կնշանակի ոչ միայն բերքի կորուստ և վարակազերծման հսկայական ծախսեր, այլև արտահանման միջազգային շուկաների փակում այն երկրներում, որտեղ այս վնասատուն խստիվ արգելված է։
***
Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել հայկական ապրանքների մուտքն իր շուկա։ Հունիսի 3-ից ժամանակավորապես արգելվել է Հայաստանից հնդավոր պտղատու մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրեղենի ներմուծումը ՌԴ, ինչպես նաև դրանց տարանցումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ այլ պետություններ։ Հունիսի 2-ից արգելվել է հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության։ Մայիսի 30-ից «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշմամբ սահմանափակվել է պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Նախկինում նմանատիպ արգելքներ էին կիրառվել ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի քանի տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։












