«Միշտ մտածել եմ՝ եթե մարդը չլիներ էլ, մեղուները միևնույն է կարտադրեին մեղր։ Մենք փոխում ենք նրանց բնական միջավայրը, խախտում հավասարակշռությունը և սթրեսի ենթարկում էկոհամակարգը». Արմինե Աբովյանի «հարաբերությունը» մեղուների հետ առաջին հերթին բնության հետ շփվելու գործընթաց է, հետո նոր բիզնես և արտադրություն։ Արմինեն ասում է՝ մեղուների հանգստությունը, իրենց նպատակին անշտապ հասնելու ունակությունն իրեն էլ են շատ բան սովորեցնում։
Մեղվապահն ունի 50 փեթակ։ Պատմում է, որ վեց տարի առաջ կարողանում էր մեկ փեթակից ստանալ 15-20 կիլոգրամ մեղր, իսկ հիմա՝ վեց։ Նման պատմություններ շատ մեղվապահներից կարելի է լսել։
«Վերջին երկու տարիները բարդ էին՝ շահույթ կա՛մ չկար, կա՛մ շատ քիչ էր։ Մեղուների կարիքներն ու բնական կենսակերպը պետք է հարգել։ Մեղրը քամելիս փորձում եմ մեղուներին թողնել իրենց պաշարները, երբեմն՝ ավելցուկը փոխանցել ավելի թույլ ընտանիքներին»,- ասում է Արմինեն։

Բնության մասին հոգ տանելն անշուշտ կարևոր մոտեցում է։ Բայց աշխարհում և Հայաստանում մեղուներից այլ ակնկալիքներ էլ կան. գյուղատնտեսական մշակաբույսերի երեք քառորդը կախված է մեղուների փոշոտումից, կառավարությունը ծրագրում է զարգացնել մեղրարտադրությունը և մեղվաբուծությունը, ավելացնել փեթակների և մեղվաընտանիքների քանակը, արտահանման ծավալները։
Հայաստանի մեղուներն ու կիսատ թվերը
Հայաստանի վայրի բուսականության և մշակովի բույսերի լիարժեք փոշոտումն ապահովելու համար անհրաժեշտ է նվազագույնը 250,000 մեղվաընտանիք։ 2026-ի սկզբին Հայաստանում հաշվառվել է 167,520 մեղվաընտանիք՝ նախորդ տարվանից 11,4 տոկոսով պակաս։
Հայաստանում մեղվապահության ընդհանուր պատկերը հասկանալու հարցման պատասխաններից տպավորություն է, որ չկա մեկ միասնական, ամբողջական վիճակագրություն ոլորտի տարբեր շերտերի մասին, վիճակագրական ամեն թվի համար առանձին գերատեսչություն է պատասխանատու՝ Էկոնոմիկայի նախարարություն, Վիճակագրական կոմիտե, Սննդի անվտանգության տեսչական մարմին, Պետեկամուտների կոմիտե, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն և այլն։
Այս խնդրին բախվել է նաև լրագրող Քրիստիան Գինոսյանը՝ «տվյալները կիսատ էին, ընդհանրական, առանց վերլուծությունների և գնահատականների»։
«Միակ տվյալը, որ ինձ հաջողվել էր ստանալ, երկրում բոլոր մեղվափեթակների թիվն էր ըստ տարիների։ Դա, մեղմ ասած, ոչինչ չասող տվյալ է։ Մենք չգիտենք, թե դրանցից որքանն են խոշոր արտադրողներ, որքանը՝ իրենց բակում պարզապես մի քանի փեթակ պահողներ։ Միջինացված նման թվեր քողարկում են իրական աճն ու անկումը»,- ասում է Քրիստիանը։

Հայաստանում մեղվապահների խնդիրները հասկանալու համար Քրիստիանը զրուցել է 110 մեղվապահի հետ։ Գինոսյանի «Մեղուների մարող բզզոցը» և «Մեղուները և կլիման. վերջին բզզո՞ց» հոդվածներում պատմում է, թե ինչպես հոր հետ սովետական Vaz2106-ով ճամփորդեց Հայաստանի բոլոր մարզերում՝ հավաքելով և գրի առնելով մեղվապահների պատմությունները և հասկանալու, թե որ գործոններն են նպաստում մեղվաընտանիքների քանակի նվազմանը։
Թեև մեղվապահները միշտ չէ, որ օգտագործում են «կլիմայի փոփոխությունը» որպես եզրույթ, փոփոխվող եղանակային պայմանները նրանք համարում են լուրջ սպառնալիք՝
«Յուրաքանչյուր մեղվապահ ծառ ու այգի էլ ունի և, իհարկե, տեսնում է, թե, պայմանականորեն, ինչքան ուրիշ էր ամեն ինչ, ասենք, երեսուն տարի առաջ ու հիմա՝ սկսած նրանից, թե երբ էր տեղում վերջին ձյունը, երբ էր լինում կարկուտն ու սելավը, երբ էր ծաղկում առաջին ծաղիկը կամ երբ էր քնում մեղուն»։
Կլիմայի փոփոխությունը՝ լուրջ սպառնալիք մեղուներին
Լոռու մարզում լորենու ծաղկման շրջանը վերջին տարիներին համընկնում է հորդառատ անձրևների հետ, իսկ լորենին մարզում մեղրի հիմնական աղբյուրներից է։
Սեզոնի ընթացքում մեղուների տեղափոխումը մեղրատու բույսերով հարուստ վայրեր տեսականորեն հնարավոր է, սակայն, ըստ Արմինեի, միշտ չէ, որ դա էականորեն փոխում է իրավիճակը։
Բնության փոփոխություններին հարմարվելու կարողություն ձևավորելու համար հարկավոր է գիտելիք, իսկ դրա պակասը Հայաստանում մեծ է։ Քրիստիան Գինոսյանը նշում է, որ իր հետ զրուցած մեղվապահներից շատերը հղում են անում 1960-ականների գրականության՝ երբեմն հաշվի չառնելով, որ մեղվապահությունն ուղիղ կապ ունի կլիմայի, լանդշաֆտի ու կենսամիջավայրի հետ։
Մեղվապահներին կրթելու, «պապական մեթոդներով» մեղուներին բուժելու սովորությունից առաջ գնալու, նոր տեխնոլոգիաների կիրառումը խրախուսելու առաքելությամբ Գայանե Սիմոնյանը ստեղծել է BeeLife, թարգմանաբար՝ «Մեղուների կյանք» սոցիալական ձեռնարկությունը։
«Օրինակ՝ Վարրոա տզի դեմ պայքարում դեղորայքի փոխարեն կարելի է օգտագործել օրգանական միջոցներ՝ թրթնջկաթթու, մրջնաթթու, ԿԱՍ-81 բուսական թուրմեր և այլն։ Նույնը վերաբերում է մեղվամթերքի ճիշտ կիրառմանը և մեր պրակտիկայում փորձարկված փեթակային ինհալյացիաներին, որոնք զարմանալի առողջարար ազդեցություն ունեն»:

Սիմոնյանը կարևորում է, որ պետությունը վերահսկողություն սահմանի մեղվաընտանիքների և մեղվամայրերի անվերահսկելի ներմուծման նկատմամբ, քանի որ առանց պատշաճ կարգավորման և կարանտինային հսկողության՝ ներկրվող մեղուները կարող են Հայաստան բերել վտանգավոր հիվանդություններ և վնասատուներ։
«Մեր տարածաշրջանի համար ամենամեծ սպառնալիքը տրոպիլալապս (Tropilaelaps) տիզն է, որն արդեն կա հարևան երկրներում։ Սա մեզանից բացառիկ զգոնություն ու կանխարգելիչ կոշտ միջոցառումներ է պահանջում այն Հայաստան չթողնելու համար»,- ասում է Գայանե Սիմոնյանը։
BeeLife և «Իմ մեղր» ձեռնարկությունները պատրաստվում են տեղական մեղվապահների համար ստեղծել մեղվաբուծական և շուկայավարման ուսուցման «Առողջ փեթակ» հարթակը, որպեսզի մեղվապահը կարողանա որակյալ արտադրանք ստեղծել և հաջողությամբ գտնել սպառողին։
«Մենք բուծում ենք միայն մեկ ցեղատեսակի մեղվամայրեր և տարիների փորձով ու մեր տնտեսության բարձր արդյունավետությամբ արդեն լիովին վստահ ենք դրանց որակին։ Մինչև մեղվամայրերը վաճառելը կամ տնտեսության մեջ կիրառելը, պարտադիր խստորեն ստուգում ենք արտադրված մայրերի որակն ու ձվարկությունը»,- ասում է Սիմոնյանը։
Հայաստանում շարունակում է գործել մեղրին շաքար խառնելու սովորությունը։ Մեղվապահ Արմինե Աբովյանի համար շուկայում բնական և արհեստական մեղրի տարանջատման հարցը խնդրահարույց է։ Նա ակնկալում է պետական աջակցություն՝ փոքր արտադրողների համար վերահսկողության, փորձաքննության և հավաստագրման հասանելի և մատչելի համակարգ․
«Ես արտադրում և վաճառում եմ բնական մեղր, սակայն չունեմ դրա մաքրությունը հավաստող համապատասխան հավաստագիր, քանի որ դրա ստացման գործընթացը բավականին թանկ է։ Եթե փոքր մեղվապահների համար այդպիսի հավաստագրումն ավելի հասանելի լիներ, դա կօգներ մեզ ապացուցել մեր աշխատանքի որակը և ավելի վստահելի դարձնել արտադրանքը գնորդների համար»։
Չնայած խնդիրներին՝ Արմինե Աբովյանն ուզում է, որ «մեղվապահությունը չկորցնի իմաստը և միշտ մնա բնության հետ կապի, հոգատարության և պատասխանատվության արտահայտման ձև»։
Թունքիմիկատները կարող են զանգվածաբար ոչնչացնել մեղուներին
Հայաստանում կա մեղուներին զանգվածաբար ոչնչացնող թունաքիմիկատների կիրառման ահռելի խնդիր։ «Թունաքիմիկատների արդյունավետ կառավարումը և խելամիտ կիրառությունը գյուղատնտեսությունում» զեկույցի համաձայն՝ Հայաստանում դրանց օգտագործումն ու պահպանումը բավարար չափով չեն վերահսկվում։ Փոքր տնտեսությունները հաճախ դրանք գնում են շշերով, որոնց վրա նշված է միայն անվանումը՝ առանց օգտագործման ցուցումների ու պիտանելիության ժամկետի։ Ֆերմերները նաև մասնագիտական խորհրդատվության պակաս ունեն․ նրանց նախկինում աջակցող մարզային կենտրոնները լուծարվել են։ Թերի է նաև տվյալների հավաքագրումը․ երկրում չկա միասնական բազա, որը կհամախմբեր թունաքիմիկատների օգտագործման, մնացորդների և առողջական ազդեցության մասին տեղեկությունները։
Տե՛ս նաև՝ Որքանով են անվտանգ մեր սեղանի միրգն ու բանջարեղենը․ պեստիցիդների հետքերով
Գյուղատնտեսների հետ թունաքիմիկատների օգտագործման մասին պայմամնավորվածությունները միշտ չէ, որ հեշտ են։
«Այգեգործները ծաղկման շրջանում չտեղեկացված թունաքիմիկատներ են կիրառում, ինչի արդյունքում տուժում է մեղվաբույծը՝ կորցնելով մեղվաընտանիքներ: Մեղվապահը հաճախ իր վնասների հետ միայնակ է մնում, քանի որ օրենսդրական և փոխհատուցման մեխանիզմները թերի են»,- նշում է BeeLife-ի հիմնադիրը։
Վրաստան․ ի՞նչ սովորել հարևանից
Վրաստանի մեղվապահների միության ղեկավար Ալեկո Պապավան թունաքիմիկատների խնդրի մասին պատմում է սահմանի մյուս կողմից։ Վրաստանում վնասատուների դեմ պայքարի ծրագրում գործում է նախազգուշացման համակարգ, բայց մասնավոր տնտեսությունները շարունակում են չհամաձայնեցնել սրսկումների ժամանակացույցը։
Վրաստանում մեղվաբուծությամբ զբաղվում է ավելի քան 15,000 մարդ։ 95 տոկոսը փոքր ընտանեկան տնտեսություններին մասին է։ Մնացած 5 տոկոսը առևտրային մեծ ծավալ ունեցող և արտահանման վրա կենտրոնացած արտադրողներն են։
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ պաշտոնապես գրանցված է մոտ 250,000 մեղվաընտանիք։ Ըստ մասնագետների՝ այդ թիվը բավարար չէ․ այն անհրաժեշտ է հասցնել առնվազն 900,000-ի։
Կան նաև այլ խնդիրներ, օրինակ՝ Varroa տիզը։ 2024-ին Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում, առաջին անգամ հաստատվել է Tropilaelaps mercedesae տզի առկայությունը։ Խնդիր է նաև մեղվանոցների նույնականացումն ու գրանցումը․ մեղվաբույծները վախենում են հարկերից, թեև երկրում առաջնային արտադրությունն ազատվախ է հարկերից և ունի այլ արտոնություններ։
Չնայած խնդիրներին՝ Վրաստանում պետական կառույցների և մեղվաբույծների համագործակցությունն ավելի լավ է ընթանում, իսկ պետական աջակցության շրջանակն ավելի լայն է։ Պապավան նշում է, որ համատեղ իրականացնում են դասընթացներ բոլոր համայնքներում, մշակում փոքր մեղվանոցների ընդլայնման ծրագրեր։
Վրաստանի մեղվաբույծների միությունը ստեղծվել է 2018-ին, ինչից հետո մեղվաբուծության զարգացումն արագացել է՝ գործում է շագանակագույն մարմարյա մլուկի (Halyomorpha halys) դեմ պայքարի աշխատանքային խումբ, սահմանվել են թունաքիմիկատների կիրառման կանոններ, կա թեժ գիծ, որի միջոցով Սննդի ազգային գործակալությունն արձագանքում է ահազանգերին և այլն։
Վրաստանում խնդիր է եղել մեղրի աղտոտվածությունը։ Պապավայի խոսքով՝ մինչև Մեղվաբույծների միության ստեղծումը հակաբիոտիկներով աղտոտվածության ցուցանիշը 56 տոկոս էր, իսկ այսօր՝ 4 տոկոս։
Միությունը համագործակցում է հայ մեղվապահների հետ։ Սակայն, Պապավայի դիտարկմամբ, Հայաստանում այսօր չկա մեղվաբույծների ուժեղ միություն, «մինչդեռ նման կառույցի առկայությունն անհրաժեշտ է»։
Պետական աջակցությունը Հայաստանում
2024-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը, որը նախատեսում էր երկու տարվա ընթացքում մինչև 10,000 մեղվաընտանիքի ձեռքբերման 50 տոկոսի փոխհատուցում։
Ծրագրի մեկնարկային տարում պետք է ձեռք բերվեր 3,000, իսկ հաջորդում՝ 7,000 մեղվաընտանիք և արտադրեր 300 տոննա մեղր։
Էկոնոմիկայի նախարարությունից Սիվիլնեթին հայտնեցին, որ 2024-2025-ին այս ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 2,000 մեղվափեթակ։
Ըստ ծրագրի՝ մեկ փեթակի գինը 80,000 դրամ է։ Ըստ այս հաշվարկի՝ պետությունը ծախսել է 80 միլիոն դրամ, նախատեսված էր 400 միլիոն դրամ։
Նախարարությունը ՍիվիլՆեթի հարցերին ամբողջական պատասխաններ չի տվել։

Լուսինե Վարդանյան











