Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթուղթը, որը ստորագրվել էր 2026-ի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում, նախատեսում է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ կապի ապահովում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Տրանսկասպյան առևտրային երթուղու զարգացում։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև շրջանակային համաձայնագիրը խորհրդարանում քննարկվել էր հոկտեմբերի 27-ին։ Այն ներկայացրել էր Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Փաստաթղթի քաղաքական հիմքում ընկած են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ստորագրված Համատեղ հռչակագիրը, որի ստորագրմանը վկա է եղել ԱՄՆ նախագահը, ինչպես նաև 2026-ի հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ արտգործնախարարի հրապարակած ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը (ԹԻՇ)։
Համաձայնագրի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների առանցքային հարցադրումներից մեկը վերաբերում էր Հայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով երթևեկության իրավական երաշխիքներին և փոխադարձության սկզբունքի պահպանմանը։
Քանի որ վավերացված փաստաթուղթը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ շրջանակային համաձայնագիր է, այն իրավական պարտավորություններ չի սահմանում Ադրբեջանի համար։ Համաձայնագիրը մանրամասնում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության կազմակերպման ձևաչափը, սակայն Ադրբեջանը ՀՀ քաղաքացիների՝ իր տարածքով (այդ թվում՝ Նախիջևանով դեպի Հայաստանի հարավ կամ այլ ուղղություններով) երթևեկության համարժեք պայմանների վերաբերյալ պարտադիր իրավական փաստաթուղթ չի ստորագրել։
Հայաստանի իշխանությունները հարցի վերաբերյալ վերջնական մեխանիզմներ դեռևս չեն հրապարակել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում ընդունել էր, որ այդ հարցը դեռ ճշգրտման կարիք ունի։
ԹՐԻՓՓ-ը չի սահմանափակվելու միայն ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիներով
Համաձայնագրով նախատեսված ԹՐԻՓՓ ծրագիրը չի սահմանափակվում միայն ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիներով։ Այն ներառում է նաև նավթագազային խողովակաշարային, էներգետիկ և օպտիկամանրաթելային հաղորդակցությունների անցկացում։ Դրանց կոնկրետ երթուղիները՝ «ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքները», որոշվելու են կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ իրագործելիության ուսումնասիրությունների և քաղաքական նկատառումների հիման վրա։
Ծրագրի գործնական իրականացման նպատակով Հայաստանում որպես բաժնետիրական ընկերություն հիմնադրվելու է «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն» (ԹԶԸ) համատեղ ձեռնարկությունը։ ԹԶԸ-ում ԱՄՆ-ը կունենա 74% վերահսկիչ մասնակցություն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային պատկանող «ԹԶԸ ԱՄՆ» դուստր ձեռնարկության միջոցով, իսկ Հայաստանը՝ 26%։ Նախատեսվում է, որ երրորդ որևէ կողմ չի կարող սեփականության իրավունք ձեռք բերել «ԹԶԸ ԱՄՆ»-ի նկատմամբ։
Հայաստանը ԹԶԸ-ին տրամադրելու է հողօգտագործման և կառուցապատման բացառիկ իրավունքներ նախնական 49 տարի ժամկետով։ Բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ այն կարող է երկարաձգվել ևս 50 տարով, ինչի դեպքում Հայաստանի բաժնեմասը ԹԶԸ-ում կավելանա մինչև 49%։ Գործողության ժամկետի ավարտից կամ ընկերության լուծարումից հետո բոլոր մնացորդային իրավունքներն անհատույց վերադառնում են Հայաստանին։
Համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում և սեփական միջոցներով ապահովել անհրաժեշտ հողերի օտարումը պետությանը, դրանք ազատել որևէ ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից և կրել այդ գործընթացի բոլոր ֆինանսական ծախսերը։ ԹԶԸ-ն լիազորված է լինելու կոնկրետ ուղղությունների համար ստեղծել դուստր կազմակերպություններ՝ Հատուկ նշանակության կազմակերպություններ, և ընտրել կոնցեսիոներների, օպերատորների ու շինարարական կապալառուների։
Թեև փաստաթղթում վերահաստատվում է, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը նախագծի բոլոր գոտիների նկատմամբ, համաձայնագիրը սահմանում է մի շարք հատուկ իրավական մեխանիզմներ։ Մասնավորապես, ԹԶԸ կանոնադրությունը կարգավորվելու է ՀՀ օրենսդրությամբ, իսկ Բաժնետիրական համաձայնագիրը՝ ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ։
Հայաստանի կառավարությունը համաձայնել է բացառություններ նախատեսել բաժնետիրական ընկերությունների, պետական գնումների և պետություն-մասնավոր գործընկերության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունից։ Բացի այդ, ամրագրված է, որ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կիրառվելու է համաձայնագիրը։












