Գլխավոր Լրահոս

ԿԲ նախագահը պարզաբանել է գազի թանկացման «ապոկալիպտիկ» որակումը

ԿԲ նախագահը պարզաբանել է գազի թանկացման «ապոկալիպտիկ» որակումը

Սիրանուշ Ադամյան

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ գազի հնարավոր թանկացման մասին իր «ապոկալիպտիկ» որակումը վերաբերում էր սցենարի տեսակին, ոչ թե գազի գնին։ «Խոսքը ոչ թե գազի գնի ապոկալիպտիկ լինելու մասին է, այլ սցենարի բնութագրման մասին»,- Գալստյանն ասել է «Հետք»-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 28-ին։

Գալստյանը սեպտեմբերի 15-ի ասուլիսում, ՍիվիլՆեթի հարցին պատասխանելիս, ասել էր, որ ԿԲ-ն քննարկել է ռուսական գազի թանկացման սցենարը։ «Բայց մեր տեսանկյունից, դա X տիպի սցենար է, ո՛չ A է, ո՛չ B, ինքը ավելի ապոկալիպտիկ բան է, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին և ոչ այս բնականոնի մեջ»,- ասել էր նա։

Նույն օրը ԿԲ-ն բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ մինչև 6.75%։

Գալստյանի խոսքով՝ 2022-ից ԿԲ-ն որոշումներ է կայացնում A և B տիպի սցենարների հիման վրա։

A տիպի սցենարները վերաբերում են այն դեպքերին, երբ գնաճը կարող է գերազանցել 3% թիրախը, օրինակ՝ ներքին կամ արտաքին պահանջարկի աճի պատճառով, իսկ շուկան թերագնահատում է այդ ռիսկը։ Այդ դեպքում ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը։ B տիպի սցենարները նկարագրում են դեֆլյացիոն ռիսկեր։

X կամ «ապոկալիպտիկ» սցենարները, Գալստյանի բացատրությամբ, այլ բնույթ ունեն։ «Այդպիսի սցենարներն են, որոնք ծայրահեղ քիչ հավանական են, բայց կարող են մեծ ազդեցություն ունենալ»,- ասել է նա։

Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ն քննարկում է նաև այդ սցենարները, բայց դրանք չեն մտնում որոշումների կայացման սցենարային մոտեցման մեջ։ Նա ընդունել է, որ սեպտեմբերյան միտքը «որոշակի մեկնաբանության կարիք ունի»։

Ինչպես ընկալվեց որակումը

Գալստյանի սեպտեմբերյան խոսքը լայն արձագանք ստացավ։ Ռուսական մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում Коммерсантъ-ը և RBC-ն, իրենց վերնագրերում ներկայացրել էին, որ ԿԲ-ն գազի թանկացումն ինքնին ապոկալիպտիկ է համարել։

Հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճեպազրույցի ժամանակ հարցրել էին գազի հնարավոր թանկացման մասին։ Լրագրողը հիշեցրել էր ԿԲ նախագահի որակումը։ «Ովքեր խոսում են ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում»,- պատասխանել էր Փաշինյանը։

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակվեց Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի համատեղ զեկույցը։ Ըստ դրա՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գինը կարող է 1,000 խորանարդ մետրի դիմաց 177.5 դոլարից բարձրանալ մինչև 300 դոլար, այսինքն՝ մոտ 69%-ով։ Զեկույցում նշված է, որ թիվը ցուցանշային է։

«Հետք»-ին տված հարցազրույցում Գալստյանն ասել է, որ զեկույցից հետո խոսակցությունները շատացել են, բայց չի կարող ասել, թե ռիսկն ավելի առարկայական է դարձել։

«Էդ գազի գինը բինարա որոշում ա, կամ ինքը լինելու է, կամ չի լինելու»,- ասել է նա։ Գալստյանի խոսքով՝ այդ պատճառով հնարավոր չէ գազի գինը դիտարկել հավանականային բաշխման մեջ, և պետք է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի։

Նա նշել է, որ միջազգային գնի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի սպառողների համար գազի թանկացման։ Ի տարբերություն այլ գերատեսչությունների, որոնք կարող են կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ գազի պաշարներ ստեղծել, ԿԲ-ն արձագանքելու է տեղի ունեցածին, ասել է Գալստյանը։

«Մենք իրականացնելու ենք քաղաքականություն, որպեսզի մեր գնաճը վերադառնա մեր թիրախին»,- ասել է նա։

ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության հաջորդ ռաունդի քննարկումները կսկսի նոյեմբերի 2-ին։ Գալստյանի խոսքով՝ գազի հարցը նույնպես կքննարկվի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում