Գլխավոր Լրահոս

Գազի թանկացումը «ապոկալիպտիկ բան է ենթադրում». ԿԲ նախագահ

Գազի թանկացումը «ապոկալիպտիկ բան է ենթադրում». ԿԲ նախագահ

Ռուսական գազի հնարավոր թանկացումը Հայաստանի տնտեսության համար «ապոկալիպտիկ բան է ենթադրում», այդ սցենարի իրականացումը կպահանջի կոշտ և արտահերթ արձագանք: Սեպտեմբերի 15-ին ԿԲ-ում կայացած ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ի պատասխան Սիվիլնեթի հարցի, թե արդյոք ԿԲ-ն իր սցենարային վերլուծություններում դիտարկել է ռուսական գազի հնարավոր թանկացումը։

Գալստյանն ասաց, որ սցենարային վերլուծություններում գազի հնարավոր թանկացման վերաբերյալ քննարկումներ եղել են:

«Այն կարող է ունենալ նախ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, և երկրորդային էֆեկտ, որովհետև գազի գինը կարող է մտնել նաև այլ ապրանքների, օրինակ՝ ջերմոցային արտադրանքի մեջ»,- պարզաբանեց ԿԲ նախագահը։ Ըստ նրա՝ շղթայական այդ արձագանքը բնականաբար իր հետ կբերի տնտեսական անկման որոշակի վտանգներ:

Գնաճի զսպման վերաբերյալ որոշում կայացնելիս ԿԲ-ն որպես կանոն դիտարկում է զարգացման երկու հավանական սցենար. գնաճային ճնշումներով պայմանավորված «Ա տիպի» սցենար (ինչի հիման վրա ԿԲ-ն սեպտեմբերի 15-ին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը), արտահանման խնդիրներով ու տնտեսական անկումով պայմանավորված «Բ տիպի» սցենար:

Տե՛ս նաև՝ Գնաճային ճնշումների ֆոնին ԿԲ-ն թանկացնում է փողը

Էներգակիրների կտրուկ թանկացումը, ըստ ԿԲ նախագահի, դուրս է սովորական գնահատականների շրջանակից: «Մենք այդ սցենարը մտքում ունեցել ենք, բայց մեր տեսանկյունից այն X տիպի սցենար է: Այն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին մեր արձագանքը պիտի լինի ավելի ուժգին և ոչ բնականոն»,- շեշտեց Գալստյանը:

Մարտին Գալստյանի դիտարկմամբ, ներկայում Կենտրոնական բանկը շարունակում է իր քաղաքականության բնականոն ընթացքը՝ միևնույն ժամանակ «մտքում ունենալով այդ հնարավոր պրոբլեմների առկայությունը»:

ԿԲ ղեկավարի այս դիտարկումները հնչում են Երևանի և Մոսկվայի միջև վերջին շրջանում խորացող քաղաքական տարաձայնությունների ֆոնին: Մոսկվան արգելել է ռուսական շուկա հայկական գյուղմթերքի արտահանումը: Զուգահեռ ռուսաստանցի պաշտոնյաները վերջին շրջանում պարբերաբար նախազգուշացում են ռուսական գազի հնարավոր թանկացման վերաբերյալ, եթե Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն: 

Թեպետ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ նպատակ չունի դուրս գալ ԵԱՏՄ-ից, Ռուսաստանը հորդորում է Հայաստանին հանրաքվեի միջոցով հստակ ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Որպես պատճառ նշվում է Եվամիությանն անդամակցելու պաշտոնական հայտարարություններն ու եվրոպական ուղենիշն ամրապնդող գրեթե մեկ տարի առաջ Ազգային ժողովի ընդունած օրենքը: 

Հայաստանը բնական գազի պահանջարկի հիմնական մասը՝ շուրջ 86%-ը, ներկրում է Ռուսաստանից, իսկ լրացուցիչ ծավալներն ապահովում է Իրանից՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային համաձայնագրով։ Երկրի ներսում գազի մատակարարման և բաշխման մենաշնորհը պատկանում է ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիային»։ Թեև սահմանին ռուսական գազի գինը 1,000 խորանարդ մետրի դիմաց 177 դոլար է, վերջնական սպառողին այն հասնում է կրկնակիից ավելի բարձր սակագնով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում