Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդդիմությանն առաջարկում է նոր Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի՝ հայտարարելով, որ եթե ժողովուրդը մերժի այն, իշխանությունները հրաժարական կտան։
«Եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք էլ հենց այստեղից ասեք՝ մենք այս Սահմանադրության նախագիծը դատապարտում ենք, սա վատն է, գնանք Սահմանադրության հանրաքվեի։ [...] Մեզ ժողովուրդը կասի՝ ոչ Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք, կգնանք», - հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Միրզոյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։
Նախարարն այս առաջարկն արել է՝ պատասխանելով Ազգային ժողովի փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին։ Վերջինս հետաքրքրվել է, թե ինչու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, եթե իշխանությունները հայտարարում են, որ խաղաղություն արդեն հաստատված է, իսկ երկու երկրների միջև առևտուր է իրականացվում։
Միրզոյանը պատասխանել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ իր պատկերացումներն ունի, որոնք հայկական կողմը չի կիսում։ Ըստ նախարարի՝ Երևանի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի բարձրացրած իրավական մտահոգությունները կարող են հասցեագրվել հենց խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ։ Միաժամանակ, նրա խոսքով, մինչև այդ հարցի լուծումը կողմերը կարող են շարունակել հարաբերությունների զարգացումը, առևտուրը և հաղորդակցությունների բացումը։
Միրզոյանի առաջարկին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 22-ի հայտարարությունը։ Վարչապետը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե չհաջողվի ընդդիմությանը համոզել աջակցել նոր Սահմանադրության ընդունմանը։
Վարչապետի հայտարարությանը հաջորդել էր խորհրդարանական ընդդիմության արձագանքը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել էր․ «Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բացառել էր, որ իրենց խմբակցության որևէ անդամ կողմ քվեարկի Փաշինյանի առաջարկած նոր Սահմանադրությանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 105-տեղանոց Ազգային ժողովում ստացել է 64 մանդատ։ Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն երկու երրորդի՝ 70-ի աջակցությունը։ Այսպիսով՝ իշխող ուժին պակասում է վեց ձայն։ Մնացած 41 մանդատները պատկանում են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններին, որոնք հայտարարել են, որ չեն աջակցի Սահմանադրության հարցով հանրաքվեի անցկացմանը։
Սահմանադրության փոփոխության հարցը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական տարաձայնություններից մեկը։ Բաքուն պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հեռացնել 1990 թվականի Անկախության հռչակագրին հղումը՝ պնդելով, որ դրանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ կա։
Օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Նա այդ որոշումը հիմնավորել էր Ղարաբաղյան շարժումը չշարունակելու և խաղաղության օրակարգն ամրապնդելու անհրաժեշտությամբ։
Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը Սահմանադրության հարցը չի պատրաստվում քննարկել Ադրբեջանի կամ որևէ այլ արտաքին սուբյեկտի հետ։ Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգն է, ներառված է իշխող ուժի նախընտրական և կառավարության ծրագրերում։ Նա հայտնել է, որ նախագծի տեքստը կհրապարակվի, որից հետո կսկսվեն հանրային քննարկումները։












