Գլխավոր Լրահոս

ԱԺ-ում ծեծկռտուքը պետք է պատշաճ քննվի․ ՄԻՊ-ը դատապարտում է բռնությունը

ԱԺ-ում ծեծկռտուքը պետք է պատշաճ քննվի․ ՄԻՊ-ը դատապարտում է բռնությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը՝ հայտարարելով, որ միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա։ Պաշտպանը պահանջել է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծը, այլև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք։

«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում։

Մանասյանի խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունը որպես տարաձայնությունների լուծման միջոց ընկալելու և այն արդարացնելու մոտեցումների տարածմանը։

«Հանրային խոսքում և վարքագծում բռնության բացառումը պետական իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն է»,- ընդգծել է պաշտպանը։

Մանասյանն իր հայտարարությունում նաև նշել է, որ նման միջադեպերն ավելի են խորացնում հասարակությունում բռնությունն արդարացնող մոտեցումները։ Նա հիշեցրել է, որ այդ մոտեցումների անընդունելիությանն անդրադարձել էր նաև այսօր՝ ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով հրապարակային քննարկումների առնչությամբ տարածած հայտարարությունում։

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, դատապարտելով բռնությունը, միաժամանակ աջակցություն է հայտնել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձեռնարկած միջոցներին և տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դրել ընդդիմության վրա։

«Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ ՔՊ-ի՝ այսօր ձեռնարկած միջոցներին։ Եթե մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ պետք է լկտիանա։ Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը նաև ասել է․ «Աթոռով է, թե ինչ է, համարժեք է»։

Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպը սկսվել է ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում ծագած բանավոր վիճաբանությունից, որը վերածվել է ֆիզիկական բախման։

Դահլիճում պատգամավորները միմյանց հարվածներ են հասցրել, շշեր ու աթոռ են նետվել։ Հաղորդվել է վնասվածքներ ստացած պատգամավորների և խորհրդարան շտապօգնության ժամանման մասին։

Ընդդիմադիր պատգամավորները միջադեպի պատասխանատու են համարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ պնդելով, որ նա ժամանակին ընդմիջում չի հայտարարել և անվտանգության աշխատակիցներին չի հրավիրել դահլիճ՝ իրավիճակը հանդարտեցնելու համար։ Մեկ ժամ տևած ընդմիջումից հետո Ռուբինյանն իր հերթին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին է մեղադրել Տարոն Չախոյանին սադրելու մեջ։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ նոր գումարման Ազգային ժողովում արդեն ստեղծվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով։

Օգոստոսի 10-ին խորհրդարանը որոշել էր ստեղծել տասը անդամից կազմված հանձնաժողով, որի նախագահն է ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը, փոխնախագահը՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Լիաննա Գասպարյանը։

Հոկտեմբերի 5-ին հանձնաժողովի նախագահը ներկայացրել էր պատգամավորական էթիկայի ութ կանոնները։ Դրանք, մասնավորապես, պահանջում են պահպանել խորհրդարանական նիստերի կարգը, դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ և հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։

Սա նոր գումարման խորհրդարանում առաջին նման միջադեպը չէ։ Հոկտեմբերի 6-ին ևս իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով ԱԺ նիստն ընդհատվել էր, իսկ դահլիճ էին հրավիրվել անվտանգության աշխատակիցներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում