Գլխավոր Լրահոս

ՏԻՄ ընտրությունները Հայաստանում․ իշխանությանը մարտահրավեր նետելու գինը

ՏԻՄ ընտրությունները Հայաստանում․ իշխանությանը մարտահրավեր նետելու գինը

#DemocracyWatch - 2017-ին ֆեյսբուքում մի գրառում էի արել, որով ծաղրել էի Հայաստանի համայնքների մի մասում իշխանական կուսակցության ներկայացուցչի մրցելը մեկ այլ անդամի հետ՝ ենթադրելով, որ հենց այդ մոդելով կզարգանար միակուսակցական/միաթեկնածու ընտրությունների այլընտրանքը Խորհրդային Միությունում, եթե վերջինս շարունակեր գոյություն ունենալ։

Ինը տարի անց նույն պատկերն է Հայաստանի ՏԻՄ ընտրություններում, բավականին խոշոր համայնքներում կառավարող կուսակցությունը, այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» անվանմամբ, առանց մրցակիցների ապահովում է մոտ 95 տոկոսի չափ ձայներ։

Համայնքներից մեկում ՔՊ-ական թիմը մրցում էր այլ անունով հանդես եկող ՔՊ-ական մեկ այլ թիմի հետ, որոնք ընտրություններից հետո միացան՝ ապահովելով ընդհանուր 77 տոկոս արդյունք։ Այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն մրցակիցներ ուներ, հաճախ արդյունքները ոչ մրցակցային ընտրությունների տպավորություն էին թողնում՝ 70-96 տոկոս կառավարող կուսակցության օգտին։ Միայն հատուկենտ համայնքներում է, որ վարչապետի գլխավորած կուսակցությունը պարտություն է կրել։

Ինչո՞ւ ՏԻՄ ընտրությունները չեն հետաքրքրում քաղաքական ուժերին, Հայաստանի քաղաքական դաշտի բևեռացո՞ւմն է արդյոք բերում այս վիճակին, քիչ ռեսուրսնե՞րը, թե՞ այլ գործոններ։ Հիմնական պատճառը թերևս Հայաստանի մարզերում առկա աղքատության բարձր մակարդակն է, մասնավոր ոլորտի թերզարգացածությունը, իշխանության՝ ամեն գնով վարչական ռեսուրսն իր ձեռքի տակ պահելու մոլուցքը, տեղերում քաղաքական ամբիցիաներ ցուցադրողների նկատմամբ իշխանության ճնշումները։

Հայաստանի մարզերի կեսում՝ Արմավիր, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք, բյուջետային աշխատատեղերը ավելի շատ են, քան մասնավոր աշխատատեղերը։ Միաժամանակ ամենամեծ աղքատությունն առկա է մարզերում։ Եթե Հայաստանում աղքատության միջին տոկոսը 21 է, ապա Շիրակի մարզում այն հասնում է 43, Տավուշում՝ 37, Գեղարքունիքում՝ 35 տոկոսի։ Մարզերի մեծ մասում աղքատության մակարդակը զգալիորեն գերազանցում է հանրապետական միջինը։ Սա նշանակում է, որ մարզաբնակ քաղաքացին բյուջետային ոլորտում աշխատանքը կորցնելով մեծ ռիսկ ունի հայտնվել աղքատության մեջ։ Մարզերում մասնավորը ևս խոցելի է։ Փոքր տնտեսական ակտիվության պայմաններում մարզային ձեռնարկություններն ու ընկերությունները կախված են պետական և համայնքային պատվերներից։ Հետևաբար շատ մասնավոր ձեռնարկությունների դեպքում ևս գործում է բյուջետային աշխատատեղի տրամաբանությունը։

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում մենք ականատես եղանք իշխանության քննադատներին աշխատանքից ազատելու դեպքերի, այս ՏԻՄ ընտրությունների ընթացքում ևս նման ահազանգեր կան։ Կարող ենք փաստել, որ 1990-ականների կեսերից սկսած իշխանությունները չեն կարողանում զերծ մնալ ընդդիմադիր հայացքներ ունեցողներին կամայական աշխատանքից ազատելու գայթակղությունից։

Հետևաբար, ՏԻՄ ընտրություններում իշխանության հետ մրցակցելը մեծ ռիսկ է պարունակում մարզերում բնակվող քաղաքացիների համար։ Մեծ է հավանականությունը, որ նման ակտիվության համար քաղաքացին կկորցնի իր աշխատատեղը և կհայտնվի աղքատության մեջ։

Այս ամենին գումարվում է կառավարող կուսակցության կողմից վարչական ռեսուրսը ամեն գնով իր ձեռքում պահելու մոլուցքը։ Նախորդ ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ համայնքապետ դառնալու ամենամեծ շանսեր ունեցող թեկնածուները կամ ընտրված համայնքապետերը ենթարկվում են քրեական հետապնդման։

Այսպես, 2021թ․-ից ի վեր քրեական հետապնդման են ենթարկվել Քաջարանի, Գորիսի, Մեղրիի, Բերդի, Վարդենիսի, Գյումրիի և այլ համայնքների ոչ իշխանական ղեկավարները։ Ամենացցուն դեպքը Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի դեպքն է, երբ 2021թ․ համայնքային ընտրություններում հաղթած ուժի ղեկավարը համայնքապետ դառնալու փոխարեն հայտնվեց բանտում։ Թեև հաղթել էր ընդդիմադիր ուժը, սակայն իշխող ուժը խլեց քաղաքային իշխանությունը՝ իր կուսակցությունից համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով։ 2026թ․ հոկտեմբերին Վերաքննիչ դատարանն արդարացրեց Մամիկոն Ասլանյանին մեղսագրվող հոդվածներից մեկով։

Հատկանշակն է նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեպքը, ով, 2021-ին լինելով կառավարող ուժին ընդդիմադիր թեկնածու, հաղթել է Գորիսի համայնքապետի ընտրություններում՝ գտնվելով կալանքի տակ։ 2026-ի ՏԻՄ ընտրություններում Առուշանյանը արդեն մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ նույն դաշինքով։ Առուշանյանի նկատմամբ իրավապահ համակարգի ճնշումը ամենայն հավանականությամբ հանգեցրեց նրա քաղաքական մոտեցումների փոփոխությանը։

Իշխող ուժը սակայն միայն քրեական հետապնդման գործիքը չի օգտագործում համայնքային իշխանությունը վերցնելու համար։ Ակտիվ օգտագործվում է ընդդիմադիր ուժերի ավագանու անդամներին հավաքագրելու գործընթացը։ Սրա շնորհիվ 2023թ․ «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացավ Երևանում ունենալ իշխանություն, նույն մեխանիզմի շնորհիվ Ալավերդիում փոխեց ընտրություններում հաղթանակ տարած ուժի կողմից ընտրված համայնքապետին։ Նման մի մեխանիզմով էլ Ախուրյանում համայնքապետի պաշտոնն մրցակից ուժից անցավ «Քաղաքացիական պայմանագրին»։

ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար իշխող կուսակցությունը հաճախ օգտագործում է բոլոր մեթոդները միաժամանակ՝ թե՛ քրեական հետապնդումներ, թե՛ վարչական ռեսուրսի կիրառում և բյուջետային աշխատողների վրա ճնշումներ, թե՛ այլ «ստեղծագործ» մոտեցումներ, որոնցից կարելի է առանձնացնել ավագանու աշխատանքների տապալումը և նոր ընտրությունների նշանակումը։ Այդպես եղավ մասնավորապես Վեդի համայքնի դեպքում։ 2021 թվականի ընտրությունների արդյունքներով համայնքի ավագանիում չունենալով մեծամասնություն՝ ՔՊ-ն «Հանրապետություն» կուսակցության հետ միասին ընտրեց ավագանու նիստերը տապալելու քաղաքականություն, ինչի հետևանքով 2022թ․ նշանակվեցին նոր ընտրություններ, որտեղ հաղթեց «Քաղաքացիական պայմանագիրը»։

Հետևաբար, խոշորացված համայնքներում ընտրություններին մասնակցելը, առավել ևս իշխող ուժի նկատամամբ առավելություն ունենալը հղի է տարբեր հետևանքներով․ մեծ է հավանականությունը, որ ընդդիմադիրները կենթարկվեն քրեական հետապնդման, նրանց կողմնակիցները կամ համակիրները կազատվեն աշխատանքից, իսկ հաղթանակը ընդդիմությունը չի կարող իրացնել կառավարության կամ իշխանական ուժի կողմից սաբոտաժի պատճառով։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ժողովրդավարական կառավարման կարևոր բաղադրիչ են, քանի որ ապահովում են քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացմանը և իշխանության հաշվետվողականության ապահովմանը համայնքային մակարդակում։ Սակայն տնտեսական կախվածությունը, վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահումները, ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ քրեական հետապնդումները և ընտրությունների արդյունքների իրացման հետ կապված խնդիրները հարցեր են առաջացնում Հայաստանում տեղական քաղաքական մրցակցության իրական պայմանների վերաբերյալ։

Այս խնդիրների լուծումը պահանջում է ոչ միայն ընտրական գործընթացների օրինականության ապահովում, այլև այնպիսի ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորում, որտեղ քաղաքական հայացքները չեն հանգեցնում սոցիալական կամ մասնագիտական հետապնդման, իսկ ընտրությունների արդյունքները լիարժեքորեն արտացոլվում են տեղական իշխանության ձևավորման գործընթացում։ Հակառակ դեպքում համայնքային ընտրությունները կարող են պահպանել ժողովրդավարական ընթացակարգերի ձևական հատկանիշները՝ չապահովելով դրանց հիմնական նպատակը՝ իրական քաղաքական մրցակցությունն ու քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում