Նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է իջեցնել հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ խորհրդարանական ձայների շեմը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարարը։
«Շեմը կարծում եմ՝ իջեցնելու ենք, որովհետև հիմա ամեն դեպքում նախագծում այդպես է»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչ շեմ է նախատեսվում։
Նախարարը նաև հայտնել է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո սահմանադրական փոփոխությունները հնարավոր կլինի իրականացնել միայն հանրաքվեի միջոցով։
«Ոչ թե Ազգային ժողովի հաստատման կարիք չի լինի, այլ հանրաքվեի դնելու համար կլինի որոշակի շեմ, որը, չգիտեմ, երեք հինգերորդ, էական չի, այնքան, որ չխաթարի ժողովրդի...»,- ասաց Գալյանը՝ չհասցնելով ավարտել միտքը(խմբ.՝ քանի որ լրագրողն ընդհատեց նրան հաջորդ հարցով)։
Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքին՝ նախարարը հայտնել է, որ նախագծի կարգավորումների շուրջ 80 տոկոսն արդեն քննարկվել է խորհրդում։ Մնացած հարցերի քննարկումները կարող են շարունակվել նաև նախագծի հրապարակումից հետո։
Նրա խոսքով՝ հրապարակվելիք տեքստը նախնական է լինելու և ենթակա է հետագա փոփոխությունների ու լրամշակումների։
Գործող Սահմանադրությամբ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի աջակցությունը։
105 պատգամավոր ունեցող խորհրդարանում դա նշանակում է առնվազն 70 ձայն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ, հետևաբար առանց ընդդիմադիր պատգամավորների աջակցության չի կարող նոր Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի։
Տե՛ս՝ Ինչ չի կարող անել իշխող կուսակցությունն առանց 3/5 և առանց 2/3 մեծամասնության
Մանդատների նոր դասավորությունը խորհրդարանում և Սահմանադրության փոփոխության հեռանկարը












