Ապարան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մյուս տուժածն այս պահին վիրահատվում է, իսկ երրորդն անցնում է անհրաժեշտ հետազոտություններ։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։












