Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը Հայաստանի տարածքի մեծ մասում ձյուն է սպասվում, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 7-8-ին և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում՝ զգալի։
Նոյեմբերի 7-ի և 8-ի ցերեկը ձյուն է կանխատեսվում Շիրակի մարզում՝ 1600 մետրից, Լոռիում և Տավուշում՝ 800 մետրից, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում՝ 1800 մետրից, Գեղարքունիքում՝ 2000 մետրից, իսկ Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800 մետրից բարձր հատվածներում։
Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը թաց ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։ Մայրաքաղաքում նոյեմբերի 7-8-ին ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, իսկ նոյեմբերի 8-10-ի գիշերները՝ 9-11 աստիճանով։
Նոյեմբերի 9-ի ցերեկը տեղումներ կպահպանվեն միայն Սյունիքում։ Նոյեմբերի 10-12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։











