Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից։ Մահվան պատճառի մասին կուսակցությունից չհայտնեցին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Գևորգյանը սրտի կաթվածից է մահացել։
Արսեն Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառքի գործով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Գևորգյանի մահվան համար անուղղակիորեն վարչապետին է մեղադրում։
«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 21-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից չորս օր առաջ, իրավապահները Ստեփանավանում խուզարկություններ և քննչական գործողություններ էին իրականացրել, որոնց ընթացքում ձերբակալվել էր 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանը։ Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը որոշել էր նրան երկու ամսով կալանավորել։
Հակակոռուպցիոն կոմիտեն Գևորգյանին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու համար։ Ըստ քննչական մարմնի վարկածի՝ ընտրություններին մասնակցելու և «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք էր առաջարկվել կամ տրվել։ Գևորգյանի փաստաբանական թիմը հերքում էր մեղադրանքը՝ հայտարարելով, որ քրեական վարույթում ներկայացված գումարները կապ չունեն ընտրակաշառքի հետ։
Գևորգյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քրեական հետապնդումը որակել էր քաղաքական՝ այն կապելով Ստեփանավանի ընտրությունների հետ։ Գևորգյանի մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված չէր։
Հոկտեմբերի 25-ին անցկացված ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» ստացել էր ձայների 19,68 տոկոսը՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Առավելագույն ձայները ստացել էր «Գործարար» կուսակցությունը՝ 41,54 տոկոս, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,32 տոկոս։
Հայաստանում կալանքի ընթացքում մահվան մեկ այլ դեպք էր արձանագրվել 2022-ի հուլիսի 15-ին։ Այդ օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ իր գործով նախնական դատալսումների ժամանակ, մահացել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա ևս կալանքի տակ էր։ Դատական նիստի ընթացքում Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։
Գրիգորյանը կալանավորվել էր 2022-ի մայիսի 17-ին՝ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու վերաբերյալ քրեական գործով։ Նրա մահից հետո Մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մտահոգություն էր հայտնել կալանքի պայմաններում անձի առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ և պարզաբանումներ պահանջել Դատախազությունից ու Արդարադատության նախարարությունից։ Մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։












