«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի նախկին թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
Նախարարը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին՝ ներկայացնելով դեպքի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները։
«Հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ ինքնազգացողության վատացում անձը չի ունեցել»,- ասել է Գալյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան Գևորգյանը գանգատվել է ինքնազգացողության վատթարացումից։ Նրան զննել է բուժակը, որից կարճ ժամանակ անց շտապօգնություն է կանչվել։ Նախարարի փոխանցմամբ՝ արձանագրվել է սրտի կանգ։
Լրագրողը Գալյանին հարցրել է, թե ով է պատասխանատվություն կրելու, եթե պարզվի, որ Գևորգյանին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել։ Նախարարը հնարավոր պատասխանատվության վերաբերյալ հարցին ուղղակիորեն չի պատասխանել՝ սահմանափակվելով դեպքի հանգամանքները ներկայացնելով։
Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ Գևորգյանի ինքնազգացողության վատթարացումից հետո հերթապահ բուժակը նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել։ Ժամը 7։55-ի սահմաններում շտապօգնություն է կանչվել, իսկ ժամը 8։30-ի սահմաններում բժիշկներն արձանագրել են նրա կենսաբանական մահը։ Մահվան պատճառի վերաբերյալ վերջնական բժշկական եզրակացություն չի հրապարակվել։
Արսեն Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նա չէր ընդունում մեղադրանքը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քրեական հետապնդումը որակել էր քաղաքական, իսկ Գևորգյանի մահից հետո տարածած հայտարարությամբ անուղղակիորեն մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նոյեմբերի 3-ին՝ Ազգային ժողովում 2027-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Գալյանը հայտնել էր, որ 2026-ին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան երեք դեպք։ Նախարարի խոսքով՝ նախորդ տարիների համեմատ այդ թիվը նվազել է։











