Իրանը հարգանքով և վստահությամբ է վերաբերվում Հայաստանին և անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին. այդ մասին նոյեմբերի 11-ին հայտարարեց Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին երևանյան այցի ընթացքում։ Նա հարցին անդրադարձավ TRIPP-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումների մասին հարցին ի պատասխան։
Իրանի փոխնախագահը TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունների համատեքստում ասաց հետևյալը. «Այն դիրքորոշումը, որ Իրանի կառավարությունը ունի «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ, հաստատվել է անցյալ տարի Իրանի նախագահի ու Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությամբ։ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր դիրքորոշումներն արտահայտում է արտգործնախարարի և արտգործնախարարության մամուլի խոսնակի միջոցով»։
Ըստ Իրանի փոխնախագահի՝ Իրանը մշտապես ապավինել է երկու տեսակատի։
«Առաջինը՝ տևական խաղաղությունն ու անվտանգությունը ձևավորվում են տարածաշրջանի երկրների միջոցով, երկրորդը՝ Իրանը կողջունի ցանկացած քայլ, որը կարող է նպաստել տարածաշրջանի հարատև անվտանգությանն ու խաղաղությանը», - նշեց Իրանի փոխնախագահը։
TRIPP նախագծի վերաբերյալ Իրանից հնչած վերջին հայտարարությունը արել է երկրի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ Նոյեմբերի 9-ին մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ «Իրանը Հայաստանի հետ ունի շատ լավ հարաբերություններ, և հայկական կողմը Իրանին վստահեցրել է, որ TRIPP-ը որևե կերպ չի փոխի միջազգային սահմաններն ու տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, շինարարության պատասխանատուները լինելու են հայկական ընկերությունները և որևէ ամերիկյան ռազմական ուժեր այդ տարածքում չեն տեղակայվի»։
Իսկ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Երևանում անցկացված COP17 համաժողովի շրջանակներում հայտարարել էր, որ «Թեհրանը թեև մտահոգություններ ունի տարածաշրջանում և Իրանի շուրջ ԱՄՆ ցանկացած ներկայության վերաբերյալ, սակայն այդ հարցում [TRIPP նախագծի] սերտ կապի մեջ է հայ գործընկերների հետ և լիովին վստահում է նրանց»։
Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին նոյեմբերի 8-ի երեկոյան ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստին։












