Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Էրդողանն Անթալիայում քննարկվել են հարաբերությունների կարգավորումը

Փաշինյանն ու Էրդողանն Անթալիայում քննարկվել են հարաբերությունների կարգավորումը

Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են կառավարությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել են այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը: Նրանք կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Անդրադարձ է եղել նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանը միտված քայլերին:

Վերջին անգամ երկու երկրի առաջնորդները հանդիպել էին 2026-ի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ժամանակ։

Հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում անցկացված Առաջնորդների գագաթնաժողովին Թուրքիայի նախագահը չէր մասնակցել, չնայած Երևանը հրավերն ուղարկել էր։ Երևանում կայացած գագաթնաժողովին Թուրքիան ներկայացրել էր գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։

Նոյեմբերի 6-ին «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ երկու երկրները կարող են կարճ ժամանակում պայմանավորվել սահմանի բացման շուրջ։ Նրա խոսքով՝ ընթանում են նաև երկու երկրների էլեկտրական ցանցերի փոխկապակցմանն ուղղված տեխնիկական քննարկումներ։

Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, իսկ ցամաքային սահմանը փակ է 1993-ից։ Հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է 2021-ի վերջին։ 2022-ի հուլիսին կողմերը պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ օրս չի իրականացվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում