Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն՝ միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների ճանաչմամբ։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 6-ին «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ։
«Իհարկե, Հայաստանը և Թուրքիա դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, բայց ես համոզված եմ, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետն այսպես է արձագանքել գագաթնաժողովի մասնակցի հարցին, թե արդյոք Թուրքիան ճանաչում է Հայաստանի սահմանները, և արդյոք Երևանը նախատեսում է Անկարայի հետ այդ հարցով պայմանագիր ստորագրել։
Մասնակիցը նաև մտահոգություն է հայտնել հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման հետևանքների վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին, գիտեք, որ նախկին Խորհրդային միության սահմանները դե յուրե ուժի մեջ են Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի հետ։ Այսինքն՝ տարածքի չճանաչելու խնդիր չկա, նման հարց չկա»,- հայտարարել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ ինքը Հայաստանի սահմանների ճանաչման հարցում մտավախություն չունի։
«Համենայն դեպս, այդպիսի մտավախություն ես, անկեղծ ասած, չունեմ, և չկա մի օբյեկտիվ գոյություն ունեցող փաստ, որը կվկայի, որ նման խնդիր ընդհանրապես գոյություն ունի»,- նշել է նա։
Գագաթնաժողովի մասնակիցը նաև հարցրել է Խոր Վիրապի հարակից սահմանային հատվածում տեղադրված փշալարերը հեռացնելու և քաղաքացիների համար Արաքս գետի ափը հասանելի դարձնելու հնարավորության մասին։
Փաշինյանը պատասխանել է, որ իր հանձնարարությամբ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրում ծրագիր է իրականացվում՝ ավերակների տարածքը քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու նպատակով։ Վարչապետը նշել է, որ կճշտի ծրագրի ընթացքը։
Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, իսկ երկու երկրների ցամաքային սահմանը փակ է 1993-ից։ Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991-ին։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է 2021-ի վերջին։ 2022-ի հուլիսին կողմերի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։
2025-ի սեպտեմբերի 12-ին Երևանում կայացած հանդիպմանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել էին արագացնել նախկին պայմանավորվածությունների իրականացումը և տեխնիկական ուսումնասիրություններ կատարել Գյումրի-Կարս երկաթուղու ու էլեկտրահաղորդման գծի վերագործարկման ուղղությամբ։
Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Հայաստանը դեռևս նոր հատուկ ներկայացուցիչ չունի Թուրքիայի հետ բանակցող։
Նոյեմբերի 5-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Թուրքիայի հետ երկխոսությունն ակտիվ է, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացը հասունացել է այն աստիճանի, որ երկու երկրները ցանկացած պահի կարող են հասնել սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման։












