Գլխավոր Լրահոս

Կառավարությունը 29,3 մլրդ դրամ կվերաբաշխի առողջության ապահովագրությանը՝ կրճատելով սոցիալական ծրագրերի հատկացումները

Կառավարությունը 29,3 մլրդ դրամ կվերաբաշխի առողջության ապահովագրությանը՝ կրճատելով սոցիալական ծրագրերի հատկացումները

Կառավարությունը նախատեսում է 29,3 մլրդ դրամ վերաբաշխել առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսավորման համար։ Գումարը կհատկացվի Առողջապահության նախարարությանը՝ ապահովագրավճարների պետական սուբսիդավորման պակասորդը ծածկելու նպատակով։

Կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում, չզեկուցվող հարցերի շրջանակում, ընդունել է համապատասխան որոշումը։

Նախագծով նախատեսվում է 19,08 մլրդ դրամ վերաբաշխել Աշխատանքի և բարեկեցության նախարարության բյուջեից, ևս 10,22 մլրդ դրամ՝ պետական պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցներից։

Ո՞ր սոցիալական ծրագրերի հատկացումներն են կրճատվելու

Որոշման նախագծի հավելվածների համաձայն՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծրագրերի հատկացումները նախատեսվում է նվազեցնել։

Մասնավորապես՝

  • 6 մլրդ դրամով՝ անապահով ընտանիքներին տրվող նպաստների ֆինանսավորումը,

  • 5 մլրդ դրամով՝ Արցախից տեղահանվածներին աջակցելու ծրագիրը,

  • 4,5 մլրդ դրամով՝ անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող անձանց զբաղվածության աջակցության ծրագիրը,

  • 1 մլրդ դրամով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստների ֆինանսավորումը,

  • 1 մլրդ դրամով՝ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցության ծրագիրը,

  • 500 մլն դրամով՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների ֆինանսավորումը։

Նախատեսվում է նաև 750 մլն դրամով նվազեցնել կենսաթոշակային ապահովության ծրագրի հատկացումները, որից 400 մլն դրամը վերաբերում է կենսաթոշակների և այլ դրամական վճարների իրականացման ապահովմանը, իսկ 350 մլն դրամը՝ օրենքով նշանակված առանձին կենսաթոշակներին։

Եվս 315 մլն դրամ նախատեսվում է վերաբաշխել պարգևավճարների և պատվովճարների ծրագրից։

Նախագծում չի մանրամասնվում, թե այս կրճատումներն ինչպես կանդրադառնան համապատասխան ծրագրերի շահառուների վրա։

Ինչո՞ւ է ապահովագրության համար լրացուցիչ գումար անհրաժեշտ

Առողջապահության նախարարության հիմնավորման համաձայն՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում պետության կողմից սուբսիդավորվող ապահովագրավճարների ֆինանսավորման պակասորդ է առաջացել։

Վարձու աշխատողների ապահովագրավճարների մասնակի սուբսիդավորման համար սկզբում հատկացվել էր 1 մլրդ դրամ։ Հունիսին և սեպտեմբերին կատարված վերաբաշխումներով գումարն ավելացվել է ևս 9,098 մլրդ դրամով։

Սակայն հունվար-սեպտեմբերին պետության կողմից սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 11,69 մլրդ դրամ։ Նախարարության տվյալներով՝ այս ուղղությամբ չմարված պարտավորությունները կազմում են շուրջ 1,59 մլրդ դրամ, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը կանխատեսվում է, որ դրանք կհասնեն 5,16 մլրդ դրամի։

Ապահովագրության մյուս շահառուների ապահովագրավճարների սուբսիդավորման գծով հոկտեմբերի դրությամբ պարտավորությունները կազմել են 9,35 մլրդ դրամ։ Մինչև դեկտեմբերի 1-ը դրանց ծավալը կանխատեսվում է 24,15 մլրդ դրամ։

Այսպիսով, երկու ուղղություններով ֆինանսավորման ընդհանուր պակասորդը գնահատվում է 29,3 մլրդ դրամ։

Ֆինանսների նախարարությունն առաջարկել էր վերանայել գումարի չափը

Նախագծի ամփոփաթերթից պարզ է դառնում, որ Առողջապահության նախարարությունն ի սկզբանե առաջարկել էր հատկացնել 46,1 մլրդ դրամ՝ մինչև 2026 թվականի տարեվերջ ապահովագրավճարների սուբսիդավորման կանխատեսվող պակասորդը ծածկելու համար։

Սակայն Ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ կառավարության պահուստային ֆոնդում ազատ միջոցներ չկան, իսկ ֆինանսավորման այլ աղբյուրները սահմանափակ են։

Նախարարությունն առաջարկել էր վերահաշվարկել մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ անհրաժեշտ գումարը և ֆինանսավորման աղբյուր դիտարկել այլ բյուջետային ծախսերի գծով առկա տնտեսումները։

Արդյունքում ներկայացված նախագծով նախատեսվում է վերաբաշխել 29,3 մլրդ դրամ։

Որոշման ընդունմամբ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն ու ծախսերը չեն փոխվի։


Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում ներդրվում է փուլային տարբերակով՝ 2026 թվականից սկսած։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են բնակչության որոշ խմբեր, իսկ հաջորդ փուլերում նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել ապահովագրվածների շրջանակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում