Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի ապագան չպետք է որոշվի Մոսկվայում. Գերմանիայի ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի ապագան չպետք է որոշվի Մոսկվայում. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ ի վնաս տարածաշրջանի ժողովուրդների և նրանց ապագայի։ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինքնուրույն որոշեն իրենց ապագան, իսկ Եվրոպայի հետ նրանց հարաբերությունները չպետք է կախված լինեն Մոսկվայի որոշումներից»,- ասել է նա՝ Գերմանիայի ԱԳՆ կայքում հրապարակված պաշտոնական հայտարարությունում, որը նախորդում է նոյեմբերի 18-ին Հայաստան և Ադրբեջան տարածաշրջանային այցին

«Հարավային Կովկասում ևս տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը փորձում պահպանել իր ազդեցությունը՝ ի վնաս մարդկանց և նրանց ապագայի։ Սակայն այն հարցը, թե Ռուսաստանի հարևանները կարո՞ղ են ավելի սերտ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ, չպետք է որոշվի Մոսկվայում»,- հայտարարել է Վադեֆուլը։

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և Մոսկվայից հնչող սպառնալիքները ցույց են տալիս, որ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում տեսնել ինքնիշխան պետություններից կազմված եվրոպական կարգ, որտեղ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը։

«Հենց այդ պատճառով է կարևոր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Ժամանակն է լսելու նրանց ձայնը և հաշվի առնելու նրանց շահերը»,- ասել է Վադեֆուլը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ հայտարարելով, որ Հարավային Կովկասը գտնվում է շրջադարձային փուլում և ունի տասնամյակների պատերազմները, բռնությունն ու տեղահանությունները վերջնականապես հաղթահարելու պատմական հնարավորություն։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած համարձակությունն ու պատասխանատվությունը կարող են ճանապարհ հարթել տևական խաղաղության համար։

Վադեֆուլը 2025-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր հանգրվան է համարել՝ ընդգծելով, որ այժմ անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել խաղաղության գործընթացը և ամրապնդել փոխադարձ վստահությունը։

«Սահմանի երկու կողմերում մարդիկ պետք է տեսնեն, որ համարձակությունն ու վստահությունն արդյունք են տալիս՝ ապահովելով ավելի մեծ անվտանգություն, բաց տրանսպորտային ուղիներ և տնտեսական հեռանկարներ, որոնք հույս են ներշնչում և նպաստում հաշտեցմանը»,- ասել է նա։

Վադեֆուլը հայտարարել է, որ Գերմանիան Հայաստանի և Ադրբեջանի կողքին է որպես վստահելի բարեկամ և գործընկեր։ Նախարարի խոսքով՝ Բաքու և Երևան իր առաջին այցի նպատակն է քննարկել, թե ինչպես կարող է Գերմանիան աջակցել լարվածության թուլացմանը և խաղաղության հաստատմանը։

Նա նշել է, որ Գերմանիան Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները տեղափոխել է ռազմավարական նոր մակարդակ, և այժմ Բեռլինը ցանկանում է գործնական քայլերով իրականացնել երկու երկրների հետ համաձայնեցված ռազմավարական օրակարգերը։

Վադեֆուլն ընդգծել է նաև Հարավային Կովկասի տնտեսական ներուժը՝ առևտրի, էներգետիկ համագործակցության և նոր տրանսպորտային կապերի զարգացման տեսանկյունից։ Նրա գնահատմամբ՝ տևական խաղաղությունն ու բաց սահմանները կնպաստեն ոչ միայն տարածաշրջանի բնակչության բարեկեցությանը, այլև Եվրոպայի անվտանգությանն ու կայունությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում