Լրագրողական ինը կազմակերպություն պահանջում է, որ Արդարադատության նախարարությունը հետ կանչի Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը նոյեմբերի 16-ին հրապարակվել է e-draft.am-ում։ Նախագիծը վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցման նվազագույն շեմ է սահմանում։
Ներկայում օրենքը սահմանում է միայն փոխհատուցման առավելագույն չափը՝ վիրավորանքի համար 3 մլն դրամ, զրպարտության համար՝ 6 մլն։ Նախագծով ավելանում է նաև ստորին շեմ՝ համապատասխանաբար 1 և 2 մլն դրամ։
Նախարարությունը նախագիծը հիմնավորում է նրանով, որ գործող կարգավորումները բավարար չափով չեն ապահովում պատճառված վնասի ծանրությանը համապատասխան փոխհատուցում։ Միաժամանակ նախարարությունը նշում է, որ վիրավորանքի կամ զրպարտության յուրաքանչյուր դեպք չպետք է ինքնաբերաբար հանգեցնի դրամական փոխհատուցման։
Կազմակերպությունները նոյեմբերի 18-ին տարածած հայտարարությունում նշում են, որ նախագիծը չեղարկում է այն դրական պրակտիկան, երբ դատարանները նման գործերով նշանակում էին տասնյակ անգամ ավելի փոքր գումարներ։ Նրանք նշում են, որ այդ պրակտիկան համապատասխանում է Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին և Սահմանադրական դատարանի որոշմանը (ՍԴՈ-997)։ Ըստ դրանց՝ փոխհատուցում նշանակելիս պետք է հաշվի առնել լրատվամիջոցի ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրա սնանկացմանը։ Կազմակերպությունների համոզմամբ՝ նախագիծը կարող է դառնալ մամուլը ֆինանսապես ճնշելու գործիք քաղաքական գործիչների, պաշտոնյաների և այլ հայտնի անձանց ձեռքում, որոնք հաճախ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն են ընկալում որպես վիրավորանք կամ զրպարտություն։
Կազմակերպությունները պահանջում են նախագծի շուրջ բաց քննարկումներ անցկացնել մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նախագիծն ուղարկել Եվրոպայի խորհրդին և այլ միջազգային կառույցների փորձաքննության։
Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստանը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։












