Գլխավոր Լրահոս

Առողջապահության բյուջեն 2027-ին կաճի 136,5 մլրդ դրամով․ 276 մլրդ-ը կհատկացվի ապահովագրությանը

Առողջապահության բյուջեն 2027-ին կաճի 136,5 մլրդ դրամով․ 276 մլրդ-ը կհատկացվի ապահովագրությանը

2027-ին առողջապահության նախարարության բյուջեն կկազմի ավելի քան 348 մլրդ դրամ՝ 2026-ի հաստատված բյուջեի համեմատ աճելով 136,5 մլրդ դրամով կամ շուրջ 65 տոկոսով։ Գումարից 276 մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին։ Այս մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում 2027-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ 2027-ին ապահովագրության համակարգում կընդգրկվի ևս առնվազն 400 հազար քաղաքացի, իսկ ապահովագրվածների ընդհանուր թիվը, ըստ կանխատեսումների, կհասնի 2,4 մլն-ի։

Պետությունը կշարունակի ամբողջությամբ փոխհատուցել մինչև 18 տարեկանների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև սոցիալական առանձին խմբերի ապահովագրավճարները։ Նախատեսվում է նաև պետական աջակցություն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար։

2027-ի հունվարի 1-ից համակարգում նախատեսվում է ընդգրկել մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար աշխատողի։ Նրանց ամսական 10,800 դրամ ապահովագրավճարից 4400 դրամը կվճարի պետությունը, 4400 դրամը՝ գործատուն, իսկ 2000 դրամը՝ աշխատողը։

Համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձանց և էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող վարորդներին։ Վերջիններիս դեպքում սահմանվել են պայմաններ՝ հարթակում առնվազն երկու տարվա գրանցում և 2026-ին ամսական կտրվածքով նվազագույն աշխատավարձը գերազանցող շրջանառություն։

Աշխատող քաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև ընտանիքի անդամներին՝ իրենց հաշվին։ 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան ապահովագրել ընտանիքի մեկ անդամի, իսկ 500 հազար դրամից ավելի ստացողները՝ երկուսին։

Ավանեսյանը ներկայացրել է նաև 2026-ին գործարկված ապահովագրության համակարգի արդյունքները։ Նրա խոսքով՝ ապահովագրության շահառուների թիվն արդեն հասել է շուրջ 1,8 մլն-ի։ Ապահովագրական փաթեթը ներառում է 2887 ծառայություն և 1340 անվանում դեղ։

Նախարարը հայտնել է, որ 2027-ին նախատեսվում է ընդլայնել նաև ապահովագրությունից անկախ գործող առողջապահական ծրագրերը։

Մասնավորապես, ինսուլինային անալոգների, գրիչների և ասեղների տրամադրման ծրագրի շահառուների տարիքային շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 50 տարեկան։ Արյան մեջ շաքարի մակարդակի չափման սենսորներ կտրամադրվեն նաև հղի կանանց։

Կընդլայնվի նյարդաբանական խնդիրներով պայմանավորված 13 համախտանիշների դեպքում տրամադրվող դեղերի շահառուների շրջանակը։ Առավել ծանր դեպքերում նախատեսվում է ապահովել նաև մարդու իմունոգլոբուլինների կիրառումը։

Նախարարի խոսքով՝ կընդլայնվի նաև արտամարմնային բեղմնավորման պետական աջակցության ծրագիրը։ Նա հայտնել է, որ 2026-ի հունվար-սեպտեմբերին ծրագրի շրջանակում արձանագրվել է 622 ծնունդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 61-ով ավելի։

2027-ին նախատեսվում է նաև ջրծաղիկի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափի և իննավալենտ պատվաստանյութի ներդրումը։

Առողջապահության ոլորտի կապիտալ ներդրումների համար հաջորդ տարի նախատեսվում է 12 մլրդ դրամ։

Ավանեսյանի խոսքով՝ մինչև 2026-ի ավարտը կառավարությունը կիրականացնի իր ծրագրով նախատեսված առնվազն 50 առողջապահական կազմակերպության արդիականացման աշխատանքները, իսկ 2027-ին կմեկնարկի ևս 50 կազմակերպության արդիականացման ծրագիրը։

Նախարարն անդրադարձել է նաև կյանքի տևողությանը՝ նշելով, որ 2025-ին Հայաստանում այն կազմել է 78,9 տարի։

Նա հայտնել է նաև, որ 2028-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նախատեսվում է ներառել 63 տարեկան քաղաքացիներին, որոնք տարիքային հիմքով գործող փուլում դեռ ընդգրկված չեն։

Ելույթի ավարտին Ավանեսյանն առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը կապել է նաև կառավարության խաղաղության քաղաքականության հետ։

«Առողջության համընդհանուր ապահովագրությունը հնարավոր է դարձել խաղաղության շնորհիվ»,- հայտարարել է նախարարը։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում գործարկվել է 2026-ի հունվարի 1-ից։ Առաջին փուլում ներառվել են մինչև 18 տարեկանները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով քաղաքացիների որոշ խմբեր, ինչպես նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները։

Համակարգի ընդլայնման վերաբերյալ օրենսդրական նախագիծը Ազգային ժողովը նոյեմբերի 18-ին ընդունել է առաջին ընթերցմամբ՝ 53 կողմ, 0 դեմ և 29 ձեռնպահ ձայներով։ Նախագիծը դեռ պետք է վերջնական ընդունվի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում