Հայաստանը Գազայի հատվածից ընդունել է երեք պաղեստինցի երեխաների և նրանց ուղեկիցներին՝ մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը։
Երեխաներից երկուսը, որոնք ունեն սրտի բնածին արատներ, հաջողությամբ վիրահատվել են սրտաբանական կլինիկայում։ Երրորդ երեխան, որը նախկինում լյարդի և երիկամի փոխպատվաստում է ստացել, մասնագիտացված հետփոխպատվաստումային բուժօգնություն է ստանում։
Գրասենյակի փոխանցմամբ՝ բոլոր երեխաների դուրսգրումից հետո Հայաստանը նախատեսում է գնահատել առաքելության արդյունքները և քննարկել նախաձեռնությունը շարունակելու հնարավորությունը՝ ավելի շատ երեխաների բժշկական օգնություն տրամադրելու նպատակով։











