Գլխավոր Լրահոս

Նոր խորհուրդ Ապրիլի 24-ի համար

Նոր խորհուրդ Ապրիլի 24-ի համար
Ցեղասպանությունը, ցեղասպանվածի զավակ լինելը հայոց համար, հատկապես Սփյուռքում ինքնության մասն է: Սարսափելի է, երբ ողբերգությունն է դառնում ազգը համախմբող գաղափար, սակայն միանշանակ է, որ Սիդնեյից մինչև Ամերիկա հայկական ծագումով մարդկանց հաճախ միավորում է ոչ թե լեզուն, կրոնը, այլ պայքարը նախնիների նկատմամբ կատարված անարդարության դեմ: Հայության շատ զանգվածներ փորձել են ազատվել զոհի բարդույթից, իրենց զավակներին տալ ընդունող երկրի քաղաքացու ինքնություն, սակայն ստացել են ԱՍԱԼԱ կամ Արցախյան հերոսամարտի մասնակից սերունդ: Շուտով կլրանա Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սփյուռքյան շատ կառույցներ այսօր էլ ջանքեր են թափում ճանաչման և ժխտողականության դեմ պայքարի համար: Արդյո՞ք նույն կերպ պետք է շարունակել պայքարը նաև երկրորդ հարյուրամյակում: Ցեղասպանվածի բացասական իդենտիկությանը լուրջ մարտահրավեր նետեց Ղարաբաղյան շարժումն ու հաղթանակը: Հայությանը մատուցվում էր հաղթողի ինքնություն: Սակայն պետք է խոստովանենք, որ հայությունը և հատկապես Սփյուռքն այնքան էլ ակտիվ չեղան հաղթական ինքնությունը յուրացնելու գործում: Արցախյան պատերազմում կռված սփյուռքահայ որոշ հրամանատարներ Սփյուռքի ոչ բավարար մասնակցությունը Արցախյան պատերազմին բացատրում են սփյուռքյան կառույցների վարվելակերպով: Տարիներ առաջ այս վարկածը տարօրինակ էր թվում, սակայն Սիրիայում կատարվող դեպքերը վերացրին բոլոր կասկածները: Սիրիահայերին Հայաստան տեղափոխելու լուրջ քայլեր չկատարվեցին ոչ միայն հայկական ապաշնորհ իշխանությունների մեղքով, այլ նաև Սփյուռքի կառույցների լոբբինգի շնորհիվ: Հայաստանից դուրս հայության թվի պակասումը կբերեր այդ երկրներում հայկական կառույցների թուլացմանը, նրանց գոյության իմաստազրկմանը: Հայությունն ամեն օր ենթարկվում է ցեղասպանության, եթե չի ապրում իր հայրենիքում: Հոգևոր հայրենիքի գաղափարը միֆ է, Հայաստանից դուրս բնակվող հայը ուծացման ենթակա կենսաբանական հումք է ընդամենը: Ժամանակն է Սփյուռքում նոր կառույցներ ստեղծել, որոնց նպատակը կլինի ոչ թե հայությանն ամեն կերպ պահպանել ընդունող երկրներում, այլ մասնակից դարձնել նրանց ՀՀ և ԼՂՀ զարգացմանն ու վերաբնակեցմանը՝ այդ թվում գործի դնելով արդյունավետ մեխանիզմներ ներգաղթի համար: Ապրիլի 24-ը պետք է փոխի իր խորհուրդը և սգի ու ոգեշնչման օրվանից վերածվի հայրենադարձման, հայրենիքի զարգացման ու հայրենակերտման օր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում