Գլխավոր Լրահոս

Օբաման կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրից

Օբաման կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրից
Լուսանկարը` New York Times-ի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Օբաման, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս խուսափել է 1915թ. հայերի զանգվածային կոտորածները «ցեղասպանություն» որակելուց և կրկին օգտագործել է «Մեծ եղեռն» եզրը: Սպիտակ տան ղեկավարի ուղերձն ամբողջությամբ ներկայացված է ստորև: Մենք բոլորս այսօր հիշում ենք Մեծ եղեռնը և հարգանքի տուրք մատուցում նրանց, որոնք զոհվել են 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկի հետևանքով: 98 տարի առաջ` Օսմանյան կայսրության գոյատևման վերջին տարիներին, 1,5 մլն հայեր սպանդի են ենթարկվել և զոհվել աքսորի ճանապարհին: Հարգանքի տուրք ենք մատուցում` հիշատակելու համար կորսված կյանքերը և հիշելու համար նրանց աննկարագրելի տանջանքները: Միանում ենք ամբողջ աշխարհում և այստեղ` ԱՄՆ-ում, զոհերին հարգանքի տուրք մատուցող նահանգներին, կազմակերպություններին, համայնքներին և ընտանիքներին: Ինքներս մեզ հիշեցնում ենք նաև պատմության նման մութ էջերի կրկնությունը թույլ չտալու մեր պարտավորության մասին Ես լիովին հավատարիմ եմ 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ իմ տեսակետին և այն չի փոխվել: Մեր բոլորի շահերից է բխում փաստերի ամբողջական, ազնիվ և արդարացի ընդունումը: Պետություններն առավել հզոր են դառնում անցյալի ցավոտ տարրերն ընդունելու և դրանց հետ հաշվի նստելու միջոցով` այսպիսով հիմք դնելով առավել արդարացի և հանդուրժողական ապագայի համար: Միացյալ Նահանգներում մենք ըստ արժանվույն ենք գնահատում այս դասերը, քանի որ փորձում ենք հաշվի նստել մեր պատմության ամենամութ որոշ հատվածքների հետ: Մենք ողջունում ենք այս ճանապարհին ոտք դրած խիզախ հայերին և թուրքերին ու հորդորում ենք առավել մեծ թվով մարդկանց կատարել նման քայլեր՝ իրենց և իմ երկրների կառավարությունների աջակցությամբ: Հայ ժողովրդի պատմությունն ու ժառանգությունը վկայում են անսանձելի ոգու և հսկայական դժբախտություններին և տառապանքներին դիմադրելու մեծ կարողության մասին: Միացյալ Նահանգներն առավել հզոր է դարձել մեր հասարակությանը, մեր մշակույթին և մեր համայնքներում ամերիկահայերի ունեցած ներդրումների շնորհիվ: Մենք որոշ չափով փոխհատուցում ենք այս ներդրումը՝ աջակցություն ցուցաբերելով հայ ժողովրդին, որն աշխատում է կառուցել այնպիսի պետություն, որը հպարտություն կպատճառեր իրենց նախնիներին, պետություն, որտեղ հարգանքով են վերաբերվում ժողովրդավարության, մարդու ազատության և արժանապատվության նկատմամբ: Այսօր մենք միանում ենք ամենուրեք ապրող հայերին` հիշելով Մեծ Եղեռնի սարսափը, հարգանքի տուրք մատուցելով նահատակների հիշատակին և վերահաստատելով Հայաստանի ժողովրդի նկատմամբ մեր հարատև նվիրվածությունը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում