18-րդ դարում Արցախի մելիքների մղած հաջող պայքարի պատմության մեջ մի խայտառակ դրվագ կա՝ Վարանդայի մելիք Հովսեփի սպանությունը նրա եղբայր Շահնազարի կողմից՝ մելիքական տանը տիրանալու նպատակով: Եղբայրասպան Շահնազարը, չճանաչվելով մյուս հայ մելիքների կողմից, գնում է համագործակցության Իրանից եկած թուրքական ջիվանշիր ցեղի ցեղապետերից մեկի՝ Փանահի հետ:
Այս հայտնի պատմության ողբերգական հետևանքները բոլորս գիտենք: Փանահը մելիք Շահնազարի շնորհիվ շուտով տեր է դառնում Շուշիին, հիմնում խանություն, որը պատուհաս է դառնում հայ մելիքների և Արցախի հայ բնակչության համար: 19-րդ դարի առաջին կեսին հաջողվում է Արցախից շպրտել Փանահի սերունդներին և Շուշիին հայկական կյանք պարգևել: Կովկասի հայերի մշակութային ու առևտրական այս կարևոր կենտրոնը մահմեդականների կազմակերպած ջարդերի ու Խորհրդային Ադրբեջանի քաղաքականության պատճառով կրկին պետք է թուրքական տարրի տիրապետության տակ ընկներ մինչև 1992թ. մայիսյան ազատագրումը:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո ինտերնացիոնալիզմով և կոմունիզմով ոգևորված ռայկոմի շատ հայ քարտուղարներ, կոմունիստ ղեկավարներ ՀԽՍՀ-ում և ԼՂԻՄ-ում իրենց համայնքների արոտավայրերը բացեցին ադրբեջանական հոտերի ու հովիվների առջև: Մոտավորապես այնպես, ինչպես մելիք Շահնազարը Շուշին հանձնեց Փանահին: Արդյունքում արդեն 1988թ. ղարաբաղյան շարժման նախօրեին, ՀՀ գրեթե բոլոր սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Արցախի բոլոր շրջաններում և քաղաքներում ադրբեջանցիներն ունեին զգալի բնակչություն և կոմպակտ բնակեցված համայնքներ ու թաղեր: Սրա պատճառով, օրինակ, հրետակոծությունից քանդվեց Ստեփանակերտը, իսկ միայն Ստեփանակերտում անկանոն հրետակոծության հետևանքով երկու հազար խաղաղ բնակիչ զոհվեց արցախյան պատերազմի առաջին տարիներին:
Հայաստանյան իշխանություններն այժմ բանակցում են Իրանի հետ՝ Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ Իրանի թուրքալեզու ցեղերին տալու համար: Հավանաբար դրանց մեջ կլինեն նաև ջիվանշիր կամ սարըջալըների ցեղերի ներկայացուցիչներ, որոնք իրենց ոչխարապահական ագարակները «Փանահ» կամ «Իբրահիմ» կկոչեն, իսկ միգուցե «Շահնազար»: Թերևս չափազանցրի թուրքալեզու այս ցեղերի պատմության վերաբերյալ գիտելիքները, և միգուցե նրանք տեղյակ էլ չեն Փանահի ու Շահնազարի պատմությանը:
Հայկ Խանումյան










