Համաշխարհային շուկայում մետաղների գների նվազումը հանգեցրել է հանքարդյունաբերական ընկերությունների արտադրանքի ֆիզիկական ծավալների կտրուկ ավելացման։ Ընդ որում, լավատեսական չէ նաև տրենդը. միտումի պահպանման դեպքում մոտ ապագայում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը կկանգնի խնդիրների առաջ։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս՝ պղնձի միջազգային գների նվազագույն շեմը, որի դեպքում Հայաստանում խնդիրներ են սկսվում, $4,5 հազ./1 տոննան է։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում գումարային արտահայտությամբ արձանագրվել է 16,5%-ի աճ, հիմնային մետաղների արտադրության ոլորտում՝ 14,5%-ի։ Նման աճ հնարավոր է եղել ապահովել բացարձակապես արտադրության ֆիզիկական ծավալների ավելացման հաշվին։ Այսպես, առաջին եռամսյակում արտադրվել է մոտ 40 հազ. տոննա պղնձի խտանյութ (աճը՝ 22,7%), 3 հազ. կոնվերտորային պղինձ (աճը՝ 24,2%), 2,8 հազ. տոննա մոլիբդենի խտանյութ (աճը՝ 21,9%), ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալը կազմել է 1,6 հազ. տոննա (աճը՝ 31,6%)։
Ֆիզիկական ծավալների կտրուկ ավելացումը պայմանավորված է նրանով, որ այս հունվար-մարտին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ պղնձի միջին գինը, օրինակ, նվազել է 6%-ով, մոլիբդենինը՝ 11,7%-ով, ցինկինը՝ 5%-ով։
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքը ամբողջովին արտահանվում է։ Հետևապես՝ արտադրության ծավալների ավելացումը նպաստել է արտահանման աճին՝ ինչպես ֆիզիկական ծավալներով, այնպես էլ գումարային արտահայտությամբ։ Այսպես, հանքաքար և խտահանք պղնձի արտահանման ֆիզիկական ծավալների աճն առաջին եռամսյակում կազմել է 30%, գումարային արտահայտությամբ՝ 22,3%, ֆեռոմոլիբդենի (երկաթահամահալվածք ) արտահանումը ֆիզիկական ծավալներով ավելացել է 31,5%-ով, գումարային արտահայտությամբ՝ 8,4%-ով։
Մյուս կողմից՝ մտահոգիչ է համաշխարհային շուկայում մետաղների գնանկման ոչ միայն տրենդը, այլև տեմպը։ Բանն այն է, որ Հայաստանի դեպքում մետաղների գները չափազանց կարևոր են տնտեսական աճի տեսակետից (ընդերքի հետ կապված ոլորտների մասնաբաժինը արդյունաբերությունում կազմում է 31%), մետաղների մասնաբաժինը առաջին եռամսյակում կազմել է արտահանման մոտ կեսը։
Համաշխարհային շուկայում արդյունաբերական մետաղների գները սահուն նվազում են փետրվարի սկզբներից։ Եթե փետրվարի 10-ին 1 տոննա պղնձի գինը $8,3 հազ. էր, ներկայում այն վաճառվում է արդեն $6,87 հազ-ով։ Երեք ամիսների կտրվածքով պղինձը փաստացի էժանացել է 17%-ով՝ հավասարվելով 2010թ. հուլիսի վերջի կամ 2008թ. սեպտեմբերի մակարդակին։ Բայց եթե 2010-ի ամռանը պղնձի գնի տրենդը աճի ուղղությամբ էր, ապա ներկայում, ինչպես և 2008-ին, այն նվազման ուղղությամբ է։
Մետաղների գների հետագա նվազման բացասական հետևանքները հնարավոր չի լինի մեղմել նույնիսկ ֆիզիկական ծավալների ավելացման միջոցով, իսկ գնանկումը անխուսափելիորեն հանգեցնելու է մի կողմից տնտեսական աճի դանդաղման, մյուս կողմից՝ ստեղծելու է դրամի հետագա արժեզրկման ճնշումներ։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս՝ պղնձի միջազգային գների նվազագույն շեմը, որի դեպքում Հայաստանում խնդիրներ են սկսվում, $4,5 հազ./1 տոննան է։
Արմենակ Չատինյան
Civilnet











