Մեծ հայրենականում տարած հաղթանակից 47 տարի հետո հայ զինվորը կրկնակի տոն դարձրեց մայիսի 9-ը՝ ազատագրելով Շուշին: Առաջին աշխարհամարտից հետո հայությունը խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին լծվեց ավերված հայրենիքի վերականգնմանն ու ռազմական ռելսերի վրա դրված տնտեսությունը խաղաղ ժամանակներին համապատասխանեցնելուն: Մեծ մարդկային կորուստներ կրած հայությունը կարողացավ արդյունավետ վերականգնվել թե՛ տնտեսապես, թե՛ ժողովրդագրական առումներով: Հաղթանակի արժեքը հենց արդյունավետ վերականգնվելով է կարևորվում:
Շուշիի ազատագրման փառահեղ գործողությունից անցել է արդեն 21, իսկ զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո՝ 19 տարի: Արցախյան պատերազմի սխրանքից երկու տասնամյակ անց Շուշին ունի չորս հազարի հասնող բնակչություն՝ չորս անգամ պակաս, քան ԽՍՀՄ վերջին տարիներին: Չնայած Արցախի կառավարության քայլերին՝ Շուշի տեղափոխել պետական մի շարք գերատեսչություններ, բնակչության նման փոքր թիվը խոսում է Արցախի պատմական մայրաքաղաքի նկատմամբ անտարբերության մասին:
Ի տարբերություն Մեծ հայրենականում տարած հաղթանակին հաջորդած շրջանի՝ Արցախյան ազատամարտում տարած հաղթանակին հաջորդած շրջանը ոչ թե բնակչության ավելացման, այլ արտագաղթի տարբեր փուլերի շրջան եղավ: Հայությունը չկարողացավ օգտագործել հաղթանակի ոգևորությունը՝ տնտեսական ու ժողովրդագրական աճ ապահովելու և տարածաշրջանում Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար:
Պատճառը միգուցե գաղափարական հիմքի բացակայությունն էր: Մեծ հայրենականն իր հերոսներով, իր ողբերգականությամբ և հերոսականությամբ դառնում էր ֆիլմ ու գիրք, մեծացող սերունդն իր դաստիարակությունը ստանում էր Մեծ հայրենականի զգայական դաշտում:
Այնինչ Արցախը մինչ այժմ անծանոթ է Հայաստանի բնակչության մեծ մասին: Վայ հայրենասիրական ու կեղծ ազգայնական կազմակերպությունների առատությունը վարկաբեկել են գաղափարը, պարտվողական գործիչներն ու նիհիլիստները փորձում են զրկել նոր սերնդին հաղթանակի տեր լինելու զգացումից: Հայաստանի հզորացումը մեծապես կախված է Արցախյան հաղթանակը արժևորելու կարողությունից: Միայն դա թույլ կտա զգալ հայրենիքում առկա ցավի ծանրությունն ու ձեռնամուխ լինել զարգացման և աճի ծրագրերի իրականացման: Մայիսի 9-ը այն օրն է, որը ստիպում է յուրաքանչյուրիս արժևորել հաղթանակը մեր մեջ, ապա հանել դուրս՝ դարձնելով ընդհանուր մթնոլորտ և գաղափար:
Շնորհավոր Եռատոն:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Հայկ Խանումյան











