Լուսանկարը՝ http://3.bp.blogspot.com-ից:
Մայիսի երկուսին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում Մեծ Բրիտանիայի անկախական կուսակցությունը (UKIP- United Kingdom Independence Party) ստացել է աննախադեպ թվով ձայներ. ընտրողների 23 տոկոսը քվեարկել է այս կուսակցության օգտին: Կուսակցությունը համեմատաբար նոր դերակատար է բրիտանական քաղաքական դաշտում. այն ստեղծվել է 1993թ. պատմաբան Ալան Սկեդի կողմից և աչքի է ընկնում հականերգաղթային հռետորաբանությամբ, Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերելու ծրագրերով: Թեև Մեծ Բրիտանիայի ընտրկան համակարգի առանձնահատկությունները թույլ չեն տալիս կուսակցությանը ներկայացված լինել Համայնքների պալատում, այնուամենայնիվ կուսակցությունը կարողանում է պատգամավորներ ունենալ Եվրախորհրդարանում, ինչպես նաև՝ անդամներ Լորդերի պալատում:
Եվրահոռետեսությունը նորություն չէ բրիտանական քաղաքական դիսկուրսում, և Անկախական կուսակցությունը դրա ինստիտուցիոնալ արտացոլումն է: Մաաստրիխտի պայմանագրի և միասնական եվրոպական արժույթ ստեղծելու վերաբերյալ քննարկումները բրիտանական Պահպանողական կուսակցության մեջ ճգնաժամ էին առաջացրել, ինչի հետևանքով մի շարք պահպանողականներ միանում են անկախականներին` ուժեղացնելով վերջիներիս:
Օրերս բրիտանական տեղական ընտրություններում անկախականների հաջողությունը ոգևորել է Ֆրանսիայի հակաեվրոպական ուժերին, մասնավորապես՝ Մարին լը Պենի գլխավորած «Ազգային ճակատին»: Վերջինս նույնպես հանդես է գալիս ներգաղթի սահմանափակման և եվրասկեպտիկ մոտեցումներով: Մարին լը Պենն արդեն իր հրապարակային ուրախությունն է արտահայտել անկախականների հաղթանակի առթիվ` նրանց անվանելով «Ազգային ճակատի» գաղափարակիցն ու դաշնակիցը:
Այժմ Լը Պենի վարկանիշը բավական բարձր է: Համաձայն ֆրանսիական մամուլի հաղորդումների` սոցհարցումները ցույց են տալիս, որ եթե նախագահական ընտրությունները կայանային առաջիկայում, Մարին լը Պենը կհավաքեր ձայների 24 տոկոսը, Նիկոլա Սարկոզին` 29 տոկոսը, իսկ գործող նախագահ Օլանդը կլիներ ընդամենը երրորդը` 20 տոկոս վստահությամբ:
Նման բարձր վարկանիշը կարևոր է Եվրախորհրդարանի մոտեցող ընտրություններում ավելի շատ տեղեր վերցնելու համար: Դատելով վերոնշյալից` կարող ենք պնդել, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավելի շատ եվրասկեպտիկ պատգամավորներ կուղարկեն Եվրախորհրդարան: Հաշվի առնելով նաև ԵՄ-ում շարունակվող ճգնաժամային երևույթները, Բրյուսելի նկատմամբ աճող անվստահությունը` Միության անդամ մյուս երկրների ազգային ուժերը նույնպես ձեռքները ծալած չեն նստի:
Այս ամենի մեջ, սակայն, հեգնանք կա: Եվրասկեպտիկ ուժերը ձգտում են տեղեր զբաղեցնել մի կառույցում, որը ժամանակին Եվրոպայի հիմնադիր հայրերի երազանքն էր` ուղղակի ընտրություներով ընտրվող համաեվրոպական խորհրդարանում: Հենց նմանատիպ եվրասկեպտիզմն է, որ հանդուրժվում է Եվրոպայում և թույլ տալիս կառուցել Եվրամիություն անվանված վերազգային/վերպետական կառույցը: Սրան ընդդիմացող եվրոպացիները բրիտանական անկախականների կամ ֆրանսիական ազգային ճակատայինների միջոցով ընդամենը ներկայացվածություն են ունենում Եվրախորհրդարանում` ամբողջովին տեղավորվելով միասնական Եվրոպա ստեղծելու խաղի մեջ:
Հայկ Խանումյան











