Աշխարհի մի շարք երկրների տնտեսություններում սկսվել են գործընթացներ, որոնք հիշեցնում են 2008թ. ճգնաժամի սկիզբը: Ռուսական և ֆրանսիական լրատվամիջոցները, օրինակ, գուժում են Ռուսաստանի և Ֆրանսիայի տնտեսությունների ռեցեսիայի մեջ մտնելու մասին: Այս երկրներում տնտեսական աճը կանգ է առել, և սկսել է անկումը: Ճգնաժամային փուլը չեն կարողանում հաղթահարել նաև եվրոպական այլ երկրներ, որոնցում ժամանակ առ ժամանակ տնտեսության փլուզման վտանգ է հայտնվում:
Նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամը կարող է ողբերգական լինել Հայաստանի համար: Վերջին օրերի իրադարձությունները մեր երկրում ցույց են տալիս սոցիալական բունտի տարրեր, որոնք կարող են դեռևս զարգանալ: Եթե 2008թ. Հայաստանը համաշխարհային ճգնաժամը դիմավորում էր բավական ցածր արտաքին պարտքով, ապա սցենարների վատագույնի դեպքում մենք ստիպված կլինենք նոր ճգնաժամը դիմավորել արդեն պարտքերով ծանրաբեռնված:
Վերջին տարիներին Տիգրան Սարգսյանի կառավարությունը միայն փորձել է արտաքին պարտքի մեծացման հաշվին զսպել սոցիալական բունտը՝ խրախուսելով արտագաղթը, որը այդ նույն կառավարության կողմից մեկնաբանվում է որպես «աշխատուժի արտահանում»:
Ճգնաժամային վիճակը Եվրոպայում դեռ երկար ժամանակ հնարավորություն չի տա Հայաստանին աջակցելու համար ԵՄ դոնորների հավաք կազմակերպել: ՀՀ կառավարությունը նույնիսկ անզոր է կարկուտի պատճառով մի քանի հազար հեկտար ցանքսերի և այգիների ոչնչացման դիմաց փոխհատուցում տալ: Գազի և էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացումը կբերի սոցիալական ավելի մեծ լարվածության:
Այսօր Հայաստանում արդեն խոսվում է սոցիալական բունտի մասին: «Բունտ» բառը սովորաբար բացասական մտազուգորդումներ է առաջացնում, այնինչ կարող է բուժիչ դեր խաղալ տնտեսության համար: Բունտի համար քավության նոխազ է պետք, և արժանիորեն այդ դերին հավակնում է օլիգարխիկ-կլանային համակարգը՝ իր ամբողջ տարրերով: Պատմությունը ցույց է տալիս, որ համընդհանուր ապստամբությունը բերում է «ժողովրդական» իշխանությունների հաստատմանը, որոնք գնում են տնտեսության տարբեր ոլորտների ազգայնականացմանը և «կուլակաթափմանը»: Օրինաչափ է նաև, որ ճգնաժամային իրավիճակներում ավելի են շատանում ծայրահեղ տրամադրությունները:
Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, իրենց վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, պետք է միայնակ դիմակայեն «սոված ու աշխարհի վրա չարացած» ժողովրդին: Ուժային կառույցների վրա նույնպես հույս դնել պետք չի, քանզի նման դեպքերում վերջիններս որպես կանոն կա՛մ միանում են ժողովրդին, կա՛մ չեզոք դիրք բռնում:
Վիճակը մեղմելու միակ ձևը Սարգսյանների համար մնում է ժողովրդի ձեռքից նախաձեռնությունը վերցնելը: Ռեժիմին փող է պետք գոյությունը շարունակելու համար. նոր պարտքեր այլևս չեն տալիս, իսկ փող կա միայն մերձավոր շրջապատի և հարազատների գրպաններում: Հարկավոր է զոհել այդ գրպանները՝ ավելի մեծ կորուստներից խուսափելու համար:
Հայկ Խանումյան










